«Եթե ՍԴ-ի կազմն արդեն իսկ համալրած լինեին իշխանության համար ցանկալի մարդիկ, ապա նման օրենսդրական նախաձեռնություն Վահագն Հովակիմյանի գլխում չէր ծագի». Գևորգ Պետրոսյան

Այսօր առավոտյան ԱԺ կայքում լուր տեղադրվեց, որ փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ՝«Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկումն է, ժամեր անց տեղեկությունը հանվեց կայքից։

Երեկ պատգամավոր, նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր խորհրդարանի կայքում տեղադրված փոփոխությունների հղումը, որտեղ մասնավորապես առաջարկվում է, որ մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով՝ դարձնել ոչ պարտադիր։ Նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների դեպքում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հաստատեց՝ տեղեկացնելով, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքում երեկ դրված տեղեկատվությունը հանվել է, սակայն նախագծերն արդեն հրապարակված են. «Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության, Հանրապետության նախագահի լիազորությունների կրճատման հետ կապված փոփոխությունները, կարծում ենք, պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին: Առայժմ այսքանը»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ասաց, որ նշված նախագծին ծանոթ չէ, սակայն չի կարող այնպես լինել, որ նախագծի սահմանադրականությունը որոշելու և վերջնական փաթեթը Սահմանադրական դատարանին ներկայացնլու գործընթաց չլինի՝ այդ ամենը պարտադիր է օրենքով և Սահմանադրությամբ։

«Եթե նման բան կա, ապա գնահատում եմ դա գործող ՍԴ-ի առկայությունը ներկայիս կազմով շրջանցելու հնարք, որին պետք է դեմ լինենք։ Այս պահին սա իմ կարծիքն է, բայց նախագիծը մենք խմբակցությունում կուսումնասիրենք և ավելի կոնկրետ ու հստակ դիրքորոշում կհայտնենք։ Բայց դե այդպես նստել ու վեր կենալ և հանկարծ որոշել, որ կարելի է նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկել՝ ճիշտ չէ, ի վերջո, Սահմանադրական դատարանն այն մարմինն է, որն իրավասու է գնահատելու այս կամ այն օրենքի սահմանադրականությունը։ Հիմա, որպեսզի օրենքներն ընդունվելուց հետո դրանց հակասահմանադրականությունը ճանաչելու հավանականությունը հավասարվի զրոյի, շատ ճիշտ է, որ դրանք անցնեն ՍԴ-ի «մաղով»»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորի բնորոշմամբ՝ հակված է այս ամենը դիտել այն թնջուկի շրջանակներում, որ ձգտում են ամեն ինչ անել ՍԴ-ի հեղինակությունը շրջանցելու համար։

«Վստահաբար կարող եմ ասել, որ, եթե ՍԴ-ի կազմն արդեն իսկ համալրած լինեին իշխանության համար ցանկալի մարդիկ, ապա նման օրենսդրական նախաձեռնություն Վահագն Հովակիմյանի գլխում չէր ծագի»,- հավելեց պատգամավորը։

Ըստ նրա, նման բան չի եղել, երբ շրջանցեն Սահմանադրական դատարանը, միշտ էլ ՍԴ-ն նախնական եզրակացություն է տվել՝ բնականաբար, ուսումնասիրելով փաթեթը և գնահատելով դրա սահմանադրականությունը, իրավաչափ ու լեգիտիմ ակնկալիքները, որոնք հետապնդվում են տվյալ փաթեթով, միայն այս ամենը քննելուց հետո տվել է իր եզրակացությունը։

«Մենք Սահմանադրական փոփոխություններից առաջ պետք է հանրության դատին հանձնենք հայեցակարգ, թե ինչին են ուղղված սահմանադրական փոփոխությունները։ Ավելորդ շռայլություն է սահմանադրական փոփոխությունները նվիրել այս կամ այն սուբյեկտին, այսինքն՝ այստեղ կոնկրետ թիրախային խնդիրներ են պետք, հասունացած հարցեր են պետք, մեկ-երկու հոդված փոխելու համար չպետք է սահմանադրական փոփոխություններ անել, մենք դրանք կարող ենք փոխել նաև մեր ընթացիկ օրենքներով։

Բայց եթե Սահմանադրություն ենք փոխում, ապա դրա հիմքում պետք է լինեն բավականին ծանրակշիռ տնտեսական, քաղաքական, սոցիալական և իրավական նախադրյալներ, որոնք պետք է արտացոլված լինեն նախապես հանրության դատին հանձնված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով, ինչպես եղավ 2015 թվականին։ Ես չեմ ասում, որ այդ ժամանակվա փաստաթուղթը կատարյալ էր, բայց այն երկար ժամանակ դարձավ հանրության քննարկման առարկա։ Եթե այսօր հայեցակարգ չի մշակվում և աճապարում են անպայման ինչ-որ նախագիծ կյանքի կոչել, սա նշանակում է, որ այդ ամենը չի արվում Սահմանադրություն փոփոխելու և ընդունելու նպատակով, սա արվում է ինչ-որ արհեստական օրակարգ շրջանառության մեջ դնելու կամ արդեն իսկ շրջանառության մեջ դրված արհեստական օրակարգերը շարքից հանելու համար»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։

Հ.Գ. Ազգային ժողովի կայքից հեռացված տեղեկությունը ժամեր անց նույնությամբ վերականգնվեց:

Տեսանյութեր

Լրահոս