Սեդրակների պակաս չունենք, բայց ժասմինաների պակաս հաստատ ունենք
40 տարեկան Սեդրակ Ջիլավյանն արդեն 15 տարի փողոցներում, նկուղներում ու մուտքերում է ապրում: Չնայած դրան` ամեն օր պարտադիր մասնակցում է Հայ Առաքելական եկեղեցու ժամերգություններին: Ասում է` կարևոր չէ` որտեղ է գիշերում, կարևորն այն է, որ եկեղեցուն մոտ տարածքում մի տեղ պատսպարվի:
Հարազատներ չունի, բայց ունի հայր` Աստվածն է, ու մայր` տիկին Ժասմինան, ով միակն է այս աշխարհում, որ իրեն սիրում ու իր մասին հոգ է տանում: Նկարչուհի, խեցեգործ Ժասմինան արտառոց մարդ է: Երեք տարի առաջ եկեղեցու բակում հանդիպել է անօգնական Սեդրակին ու այդ օրվանից իր ընտանիքի անդամի պես խնամում է, զբաղվում է նրա խնդիրներով: «Մամասգ իմ սիրելի մաման ա: Աշխարհի ամենաբարի մարդն ա մամաս»,- ասում է Սեդրակն ու երեխայի պես ջերմությամբ համբուրում է տիկին Ժասմինայի ուսը: Տիկին Ժասմինան ժպտում է` «Ինձ մամա ա ասում… (ծիծաղում է.- Լ.Ս.)»: Սեդրակ Ջիլավյանը Ստեփանավանի բնակիչ է, 2004թ. մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Որոշ ժամանակ անց վթարի է ենթարկվել, որի պատճառով գանգուղեղային ծանր վնասվածքներ և մարմնի հատվածներում կոտրվածքներ է ստացել: Ծանր վիրահատություններից հետո կարողացել են կյանքը փրկել, սակայն գանգոսկրի մի հատվածը բացակայելուց զատ` նաև ձախ ոտքն ու թևը երկաթներով մի կերպ են կարողացել վերականգնել: Գանգուղեղային վնասվածքից հետո Սեդրակի մոտ պարբերաբար նոպաներ և նյարդային համակարգի խեղումներ են լինում:
Ինչևէ, Ռուսաստանում հիվանդանոցից դուրս գրվելուց որոշ ժամանակ անց նա կրկին տեղափոխվել է Հայաստան:
«Եկա Երևան, քանի որ Ստեփանավանում հարազատներ չունեմ: Խորթ մայրս ա, որն ինձ չի ընդունում: Եկա ու անտեր-անտիրականի պես ընկա փողոցները: Ոչինչ չունեմ` տուն, տեղ, ծանոթ, բարեկամ: 15 տարի ա, ինչ փողոցներում եմ ապրում` շքամուտքերում, պադվալներումգ»,- մեծ դժվարությամբ կարողանում է իր կյանքի պատմությունը ներկայացնել Սեդրակը, ումից մեծ ջանք է պահանջվում մտքներն ի մի բերելու և դրանք արտահայտելու համար: Տիկին Ժասմինան ասում է, որ Սեդրակը շատ բան չի հիշում, քանի որ ընկնելով ցնցումների մեջ` նաև հիշողության և գիտակցության կորուստ է ունենում: Անգամ չի հիշում, թե ամբողջ փաստաթղթերը, այդ թվում նաև` անձնագիրը, որտեղ է կորցրել: Տիկին Ժասմինան չգիտի` ինչպես օգնել հաշմանդամ, անօթևան Սեդրակին, դրա համար էլ դիմել է մեր խմբագրություն` խնդրելով միջամտել նրան կացարան տրամադրելու հարցում:
Նա նաև դիմել է Նորքի ծերանոցի ղեկավարությանը` խնդրելով Սեդրակին գոնե ծերանոցում ապաստան տրամադրել, սակայն… «Հասկանո՞ւմ եք, շուտով ձմեռ կգա, նա չի դիմանա էդ պայմաններին, հիվանդ է: Ես էլ չեմ կարող իմ տուն տանել, պահել. ընտանիք, երեխաներ ունեմ: Ճիշտ է` իմ հնարավորությունների սահմաններում տիրություն եմ անում, բայց ես չեմ կարող շատ հարցեր լուծել»,- ասում է տիկին Ժասմինան` խնդրելով միջամտել, որպեսզի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Անօթևանների կացարանում, որևէ ծերանոցում կամ Մարալիկի սոցիալական տանը նրան բնակեցնելու խնդրով զբաղվի:
Ի դեպ, Սեդրակն ասում է, որ երբևիցե չի դիմել իր 2-րդ կարգի հաշմանդամության համար թոշակ կամ աղքատության նպաստ ստանալու համար: «Չէ, չէ, չէգ ինձ պետք չի էդ փողը: Ես չեմ ուզում նստած տեղը պետությունից փող պոկեմ: Քույրիկ ջան, ինձ մենակ աշխատանք ա պետք: Ինձ պետք ա, որ աշխատեմ ու իմ աշխատածի չափով փող ստանամ: Ես քեզ շատ եմ խնդրում, եթե հանկարծ կարենաս դասավորես, որ ես ծերանոցում ապրեմ, խնդրում եմ, ասա թող ինձ մի աշխատանք տան ու նենց ծերանոց ուղարկեն, որ եկեղեցուն մոտ լինի, էլի»,- ասում է նա:
Սեդրակը զարմանալի, սկզբունքային մարդ է, այսինքն` կեսմարդ է, բայց չի ընդունում իր նման հաշմանդամներին, անօթևան աղքատներին պետության տրամադրած նպաստը: Ուզում է իր աշխատանքով իր գոյությունը պահպանել: Տիկին Ժասմինան ասում է` վերջերս Աշտարակում նրան աշխատանք են տվել, ուրիշի կովերն է պահել, բայց արևի տակ երկար ժամանակ մնալու արդյունքում` գիտակցությունը կորցրել, ընկել է ցնցումների մեջ: Այդ դեպքից հետո կրկին գործազուրկ է դարձել:
Ասում է` «Դու ինձ սենց մի նայի, ես բոմժ չեմ: Բարձրագույն կրթություն ունեմ` տնտեսագետ եմ, բայց վթարից հետոգ կարամ զոդող, պահակ, ամեն ինչ էլ աշխատեմ: Հիմա ամբողջ օրը գնում սրանից-նրանից գործ եմ ուզում, բայց չեն տալիս: Ախր, քույրիկ ջան, մի հատ դեմքիս նայի, գլխիս նայի, ինձ ո՞վ գործ կտա»:
40-ամյա այս տղամարդը հազիվ է կարողանում մարմինը քարշ տալ, ընդ որում` այս 15 տարվա ընթացքում բուժօգնություն ստանալու հնարավորություն չի ունեցել: Ասում է` «Փողոցներում մեկ-մեկ վատանում եմ, ընկնում եմ գետնին ու ցնցումներից դուրս չեմ գալիս: Մենակ էն եմ զգում, որ արդեն հիվանդանոցում եմ:
Մարդիկ շտապօգնություն են կանչում, տանում են հիվանդանոց, մի ասեղ սրսկում` ուղարկում են: Փող չունեմ, որ մի հատ ստուգեն ու բուժեն: Հիմա խոսում եմ, բայց ձեռքս արդեն անկառավարելի ա, ձգվել ա»: Սեդրակին տեղեկացրինք օրենքների ու Կառավարության որոշումների մասին, համաձայն որոնց` նման ծանր հաշմանդամություն ունեցող և խոցելի խմբերի մարդիկ կարող են պետպատվերի շրջանակներում բուժում ստանալ: Սակայն նա նույնիսկ չցանկացավ լսել այդ մասին` ասելով, թե իրեն պետք չէ հաշմանդամության կարգ հաստատել միայն նրա համար, որ արտոնյալ կարգավիճակում հայտնվի:
«Էս նենց հարց ա, որգ Ո՞նց ա մամաս իմ մասին հոգում: Ուրիշ ոչ մեկի ես պետք չեմ: Մամաս ասեց, որ դու կարաս ինձ տեղավորես ծերանոցում: Մեկ էլ` խնդրում եմ, որ հանկարծ տեղավորես` չմոռանաս խնդրել աշխատանք: Իմ կյանքի իմաստը եկեղեցի գնալն ու աշխատանք գտնելն ա: Մեկ էլ` մամաս, իմ բարի մամա…»:
Տիկին Ժասմինան ասում է, որ պատրաստ է Սեդրակի կացարանի հարցում ինքն էլ իր հերթին նրան օգնել: Ստեփանավանում հաշվառված լինելու պատճառով` կարող է Սեդրակի հետ այնտեղ գնալ անձնագրի հարցերը լուծելու համար: Ծերանոցում կամ անօթևանների կացարանում նրան ապաստան տրամադրելու դեպքում պատրաստ է նրան պարբերաբար այցելել` միայն թե այս հիվանդ տղամարդը փողոցում չմնա: Սեդրակի կյանքի պատմությունը շատ ցավալի է: Ցավալի է նաև նրա այսօրվա վիճակը: Բայց այս պատմության մեջ ամենահուզիչը տիկին Ժասմինայի վերաբերմունքն է հաշմանդամ, անտուն մի տղամարդու հանդեպ, որին ինքը գտել է եկեղեցու բակում: Մեր հասարակական կյանքում` եկեղեցիների բակերում, փողոցներում, շքամուտքերում Սեդրակների պակաս, թերևս, չկա, բայց Ժասմինա մարդ տեսակի պակաս հաստատ կա:
Հ.Գ. Այնուամենայնիվ, մենք կդիմենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և առաջիկայում կտեղեկացնենք, թե Սեդրակ Ջիլավյանի խնդիրներին լուծում տալու համար այդ գերատեսչությունից ինչ կարող են առաջարկել: