«Մենք ոչ սովորեցինք դիվանագիտություն ունենալ, ոչ կանխատեսումներ, հաշվարկներ անել». Արման Նավասարդյան

«ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններն այսուհետև բաժանվելու են երկու մասի՝ մինչև Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումը և դրանից հետո». վստահեցնում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը, ապա հավելում, որ դա առանցքային է լինելու երկու երկրների համար: Հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին:

Իրանագետի վստահեցմամբ՝ սա համարժեք էր որևէ երկրի պաշտպանության նախարարի, վարչապետի կամ նախագահի սպանության: Մի քանի օր անց ԱՄՆ-ը հրթիռակոծեց Իրաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները: Դոնալդ Թրամփը երեկ երեկոյան հայտարարեց, որ զոհեր չունեն: Իրանագետի պնդմամբ՝ Իրանի պատասխանը համարժեք էր միայն այնքանով, որ կարևոր նշանակության ռազմաբազաներ խոցվեցին, և չնայած Թամփի խաղաղասիրական հայտարարություններին, սկսվածը շարունակություն ունենալու է:

«Իսլամական աշխարհայացքը պահանջում է արյան գնով փոխհատուցում: Պատահական չէ, որ իրանական աղբյուրներում սկսեց նշվել 80 հոգու սպանության մասին: Սա անպայման կունենա շարունակություն:  Մինչև ամերիկյան կողմի հայտարարությունը՝ Դոնալդ Թրամփի հայտարարությունը,  իրանական կողմն ասում էր, որ սպասվում են այլ գործողություններ ևս, նշվում էր, որ տեղի ուենցածը միայն առաջին փուլն էր, առաջին քայլն էր: Առհասարակ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո իրանական կողմի հայտարարությունների բովանդակային  վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջնական նպատակ է դրվել Մերձավոր Արևելքից առհասարակ բացառել ԱՄՆ-ի ներկայությունը»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:

Անվտանգության հարցերով փորձագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների սրացման պարագայում Հայաստանի համար առաջին խնդիրը պետք է լինի Մերձավոր Արևելքում հայկական համայնքին  աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտության դեպքում՝ նրանց  տարհանումը: Ըստ փորձագետի՝ պետք է կարողանալ կանխատեսել և ղեկավարել ըստ սցենարների՝ առանց բացառելու դրանցից որևէ մեկը: Հաջորդ խնդիրը տեղեկատվական դաշտում է:

«Շատ ժամանակ երևույթներ, որոնք Հայաստանի հետ առաջին հայացքից կապ չունեն, օգտագործվում են մեր թշնամիների կողմից, ուզում եք՝ հակառակորդ անվանեք, ուզում եք՝ չուզող, բայց այն երկիրը, որը ցանկանում է  Հայաստանին թույլ տեսնել, դա անպայման օգտագործում է, մենք՝ որպես հասարակություն, պետք է այդ սցենարները գիտակցենք և թույլ չտանք տարածումը՝  կլինի դա որևէ ֆեյք նորություն կամ հատուկ ուղղորդված»,- ասաց Թևան Պողոսյանը:

Հաջորդ և ամենակարևոր խնդիրներից մեկն անվտանգության հարցերով փորձագետը համարում է թե՛ առաջնագծի, թե՛ առհասարակ Հայաստանի սահմանների պահպանությունը: Հունվարի 7-ին Հայաստանում ԱՄՆ  դեսպանատունը հայտարարեց, որ ԱՄՆ մուտքի թույլտվության համար դիմորդներին արգելվելու է տարածք մտնել մեծ պայուսակներով, դրանք չեն կարող թողնվել նաև անվտանգության աշխատակիցների մոտ կամ անվտանգության կրպակում:

«Սահման ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ ունենք և՛ առաջնագիծ, որտեղ սրացումներ պետք է լինեն, պետք է զգոն լինենք, մյուս կողմից՝ պետք է կառավարենք ոչ առաջնագիծ համարվող սահմանները, պետք է հասկանանք, թե փախստականների անցումն ինչպես է կատարվելու, ինչ ազդեցություն կարող է ունենալ, ինչ «ագենտներ» կարող են անցնել՝ այդ սահմաններից օգտվելով: Պետք է կառավարումը շատ ճիշտ անենք, որ Հայաստան չներթափանցեն մարդիկ, դեմքեր, խմբավորումներ»,- ասաց  Անվտանգության հարցերով փորձագետ Թևան Պողոսյանը:

ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանն Իրան-ԱՄՆ մեծ առճակատում չի կանխատեսում, փոխարենը՝ պնդում է, որ տեղի ունեցածը նվեր էր Թրամփից Իրանին, որ համախմբվեն իսլամական շարժումը և շարքերը: Արման Նավասարդյանը, անդրադառնալով տարածված կեղծ տեղեկությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր ԱՄՆ-ին Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, ասաց.

«Մենք ոչ սովորեցինք դիվանագիտություն ունենալ, ոչ էլ օգտագործել բոլոր այն վրիպումները, կանխատեսել,  հաշվարկել: Ինչպե՞ս պատահեց, որ ադրբեջանական ֆեյքերը տարածեցին լուրեր, մենք կուլ տվեցինք: Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը շատ լավ ելույթ ունեցավ, քննադատեց, Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարարի հետ, ճիշտ է, իրենց հրավերով, փոքր քայլեր եղան:  Իրան-Ադրբեջան հարաբերություններում Հայաստանը շատ բան կարող է անել՝ օգտագործելով այն բոլոր հնարավորությունները, որ գոյություն ունեն, սեպ խրելու համար նրանց միջև, և դա ոչ միայն այն է, որ Ադրբեջանը համագործակցում է Իսրայելի հետ: Պետք չէ ինչ-որ բաներ հայտարարել, կան «տակից» կատարվող գործողություններ, այ դա պետք է արվի, դա չի արվում»:

ԱԳ նախկին փոխնախարարը նաև վստահ է, որ Իրանը շուտով միջուկային զենք կունենա, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, քանի դեռ ինքը ողջ է և նախագահ է.

«Թրամփը հայտարարեց, որ իրենք խաղաղություն են ուզում, պատերազմ չեն ուզում, բայց նա արդեն «Ջինին բաց է թողել շշից» այն առումով, որ Իրանին երկրորդ լավությունն արեց, որ վերջինս ավելի ինտենսիվ և համառ կերպով շարունակի իրագործել միջուկային զենք ձեռք բերելու ծրագիրը»:

Փորձագետները վստահ են՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար Հայաստանը կարող է ստանձնել միջնորդի դեր, և ամենևին պետք չէ թերագնահատել մեր երկրի կարողությունները:

Տեսանյութեր

Լրահոս