Պուտինը ԱՊՀ երկրներին կտրամադրի Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ԱՊՀ երկրներին տրամադրել արխիվային նյութերի պատճենները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի ղեկավարը պատմել է այդ արխիվային նյութերի մասին, որից հետո նրանց հրավիրել է այցելել հատուկ կազմակերպված ցուցահանդեսի:
Պուտինը հանձնարարել է ՌԴ արխիվային դաշնային գործակալության ղեկավար Անդրեյ Արթիզովին տրամադրել այդ փաստաթղթերի պատճեները ԱՊՀ երկրների ղեկավարներին:
Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումը բացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ելույթում նշել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունների աշխատանքների վերաբերյալ պետությունների ղեկավարները համատեղ որոշումներ են կայացրել: