170  հազար տղա Հայաստանից հեռացել, չքվել է. Արցախի խնդիրը պետք է արժանապատվորեն լուծել. Արամ Մանուկյան

20 տարի առաջ Հայաստանն ուներ 603.000 աշակերտ, իսկ հիմա ունի 370 հազար աշակերտ՝ 12 դասարանների հաշվարկով, իսկ եթե 5 տարեկաններին և 11-րդ և 12-րդ դասարանները հանում ենք, ստացվում է, որ ունենք ուղիղ 300.000 աշակերտ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով նաև այլ վիճակագրական թվեր։

«Ուսուցիչների թիվը 20 տարի առաջ եղել է 62 հազար, իսկ անցած տարի գրանցվել է 31 հազար 200, իսկ շրջանավարտների թիվը 58 հազարից նվազել է՝ հասնելով 25 հազարի։ Հայաստանում 1000 բնակչի հաշվարկով տարեկան  ծնվում էր  24 հոգի, հիմա այդ թիվը կազմում է 12, բարձրագույն ծնելիության թիվը 81 հազարից իջել է շուրջ 40 հազարի»,- ասաց  Արամ Մանուկյանը։

Խոսելով  դպրոցների վիճակագրության մասին՝ Մանուկյանը նշեց, որ Հայաստանում մինչև 100 աշակերտ ունեցող  380 դպրոց ունենք, մինչև  300 աշակերտ ունեցող  դպրոցների թիվն էլ կազմում է 37 տոկոս։

Արամ Մանուկյանը դպրոցների վիճակը համարեց շատ տխուր և նշեց, որ մեր ունեցած 1400 դպրոցից 250-ում կա մինչև 5 աշակերտ, հետևաբար՝ անմխիթար է նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը։

«Տարեկան ամուսնությունների թիվը կազմում է 15 հազար, որից 3500-ը տարեկան ամուսնալուծվում են, իսկ մահերի թիվը տարեկան կազմում է 27 հազար»,- ասաց  Մանուկյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանը կանգնած է  դեմոգրաֆիական մարտահրավերի առաջ։

Արամ Մանուկյանը ստեղծված իրավիճակից որպես ելք՝ առաջարկեց օրենքով  պարտադիր կերպով  բացառել ուսուցիչների՝ ընտրական հանձնաժողովների աշխատանքի մասնակցությունը՝ հիշեցնելով նախկինում գործած պրակտիկան։

«Ձեր իշխանությունից առաջ  1400 դպրոցներից  1100-ի տնօրենը եղել է ՀՀԿ-ի անդամ, 100-ը՝ ԲՀԿ-ի, իսկ դրանից ավելի քիչ՝ ՀՅԴ անդամներ»,- ասաց նա։

ՀԱԿ փոխնախագահն առաջարկեց նաև ստեղծել արհմիութենական շարժում, որը կլինի անկախ և կախված չի լինի որևէ իշխանությունից։

Ըստ Մանուկյանի ՝պետությունը պետք է խրախուսի նաև գյուղական դպրոցներում տղամարդ ուսուցիչների աշխատանքը՝ բարձր աշխատավարձով, դադարեցնի դպրոցների օպտիմալացումը և փակումը։

«Որևէ գյուղում եթե դպրոց է փակվում, այդ համայնքը ոչնչանում է»,- ասաց  նա։

Վերջում Արամ Մանուկյանը խոսեց այն գլխավոր խնդրի մասին, որը, ըստ նրա, դրված է նման դեմոգրաֆիական անմխիթար վիճակ ունենալու հիմքում։

Ըստ Մանուկյանի՝ դա աղքատության վերացումն է, արտագաղթի կասեցումը և խաղաղության հաստատումը։

30 տարվա ընթացքում 5-19 տարեկան տղա երեխաների քանակը պակասել է 170 հազարով. այդքան տղա Հայաստանից չքվել է, արտագաղթել է։ Ամենադժվար խնդիրը, որի մասին մենք վախենում ենք խոսել, խաղաղության հաստատումն է, այս  տղա երեխաների մեծ մասը բանակում չծառայելուց խուսափելու համար է, որ գնում է Հայաստանից։ Հայաստանյան քաղաքական հիմնական խնդիրը՝ մեր կրթական համակարգը պահելու, արտագաղթը ներգաղթի փոխարինելու, սոցիալական վիճակը լուծելու հարցում, մնում է ղարաբաղյան հիմնախնդրի արժանապատիվ լուծումը։ Սրանք են մեր ռազմավարական մարտահրավերները»,- ասաց  Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս