«Ունենք «մեկ դերասանի թատրոն», որտեղ լուրջ գործեր չեն բեմադրվում». «Այլընտրանք» հ/կ համանախագահ
«Այլընտրանք» հ/կ համանախագահները մամուլի ասուլիսում ամփոփելով գործող իշխանության մեկ ու կես տարվա աշխատանքները՝ նշել են բացթողումները, իսկ Նարեկ Մանթաշյանը պնդել է, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգը խառնիճաղանջ է, հանրությանը տված խոստումներն էլ չեն կատարվել:
«Իշխանազավթման, իշխանափոխության օրերին կերակրված ստերի մի ողջ տրցակ կապված էր նրա հետ, որ հին իշխանությունները լավ չեն աշխատում, թալանել են, եկած նորերը պետք է փոխեն, պետք է բարեկեցիկ դառնա շարքային քաղաքացու կյանքը, փաստացի այս մեկ ու կես տարվա ընթացքում ի չիք դարձան, քաղաքացին սկսեց նկատել, որ իր կյանքում ոչինչ չի փոխվում»,- ասաց նա:
168.am-ի հարցին, թե, օրինակ, կենսաթոշակի, նվազագույն աշխատավարձի, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը դրական փոփոխություննե՞ր չեն, «Այլընտրանք» հ/կ համանախագահ Գարեգին Պետրոսյանը պատասխանեց, որ պետք չէ հատվածական դիտարկել, զուգահեռ պետք է արձանագրել ոլորտային համակարգված փոփոխությունները:
«Եթե արձանագրում ենք, որ ավելացել է ուսուցչի աշխատավարձը 10 տոկոսով, արդյո՞ք աշխատավարձ ստացող ուսուցիչների քանակը մնացել է նույնը, եթե սրա պատասխանը դրական է, ապա ձեր հարցի պատասխանը կլինի՝ այո: Բայց փակվում են գիշերօթիկներ, տուն ինտերնատներ, խրախուսվում է օպտիմացալումը: Իշխանությունների տակտիկան հենց դրանում է, որ հատվածական ներկայացնում են ձեռքբերումները՝ փորձելով քողարկել բացթողումները: Ես ինքս չեմ ցանկանա կրճատված ուսուցչի հաշվին ստանալ 10 տոկոս ավելի աշխատավարձ»,- ասաց Գարեգին Պետրոսյանը:
«Այլընտրանք» հ/կ համանախագահ Նարեկ Մանթաշյանին զարմացնում է իշխանության առաջ քաշած «հների ու նորերի» բաժանումը, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործունեություն է ծավալում շատ վաղուց, նաև այն իշխանության տարիներին, որոնց մերժելով՝ եկավ իշխանության.
«Հին Հայաստան ասելով՝ ի՞նչ նկատի ունի մի մարդ, որն իր քաղաքական կարիերան սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի քավորությամբ, մի մարդ, որ 2008-ին այդ հին համակարգի կրողների հետ փորձում էր հինը հետ բերել Հայաստան, մի մարդ, ով կարողացավ տարիներով փախած մնալ պատասխանատվությունից, այնուհետև ինչ-ինչ պայմանավորվածություններով վերադարձավ, կարողացավ շատ քիչ պատասխանատվություն կրել իր կատարած արարքների համար՝ 1-1.5 տարի անցկացնելով կալանավայրում, դարձավ իշխանությունների գործընկեր, կամ, ինչպես իշխանավորներից մեկն էր ասում, «իրենց ախպերը» դարձավ»:
Ներկայացված տեսակետներն ապացուցելու համար Նարեկ Մանթաշյանն առաջ քաշեց այն պնդումը, թե չնայած ընդդիմադիր լրատվամիջոց պահելու համար ընդհանրապես գոյություն ունեցող ֆինանսական դժվարություններին, Նիկոլ Փաշինյանի թերթը այդուհանդերձ հաջողությամբ, մեծ տպաքանակով շարունակում էր գործունեությունը.
«Լրագրողները շատ լավ գիտեն, թե որքան դժվար է լրատվություն ապահովող կազմակերպությունների համար գոյատևել: Եթե տեսնենք վերջին 10-11 տարվա ընացքում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թերթի հաջողությունները, դա ամենևին ընդդիմադիր և կաշկանդված քաղաքական գործչի բիզնես չէր, նա ամեն կերպ խրախուսվել և վարձատրվել է համապատասխան մարմինների կողմից»:
Հեղափոխությունը կառուցակարգային և գործառութային փոփոխությունների չհանգեցրեց, պնդում է «Այլընտրանք» հ/կ համանախագահ Գարեգին Պետրոսյանը, չփոխվեց Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը.
«Սրանք այն ընթացակարգային հիմնաքարերն էին, որոնք տարիներ շարունակ քննադատվում էին այս իշխանությունների կողմից՝ քրեաօլիգարխիկ համակարգ վերարտադրելու համար: Քանի որ այս փոփոխությունները տեղի չունեցան, մենք չենք կարող եղածը որակել քաղաքական հեղափոխություն, եթե որակենք իշխանափոխություն, ապա այն պետք է տեղի ունենար ընտրությունների ճանապարհով: Սահմանադրությունը հարմարավետ տեղավորվել է նոր իշխանությունների ուսերին, Ընտրական օրենսգիրքը խնդիրներ չի առաջացնում իրենց համար»:
2017-ից Հայաստանը կիսանախագահականից անցում է կատարել խորհրդարանական կառավարման ձևին, սակայն Գարեգին Պետրոսյանը կարծում է, որ մեր ԱԺ-ն այսօր օրակարգ չի ձևավորում, այլ կատարում է մեկ մարդու քմահաճույք.
«Խորհրդարանական կառավարման համակարգ այսօր ՀՀ-ն չունի, դրա փոխարեն՝ ունենք «մեկ դերասանի թատրոն», որտեղ լուրջ գործեր չեն բեմադրվում, ժամանցային, թեթև ժանրի ներկայացումներ են, ինչին էլ ականատես ենք լինում»:
Աղմկահարույց դատավարություններն ու ձերբակալությունները, ըստ հ/կ-ի համահիմնադիր Նարեկ Մանթաշյանի, միտված են հանրությանը շեղելու Արցախի հարցից: Գարեգին Պետրոսյանն էլ վստահեցնում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում այժմ բանակցություններ տեղի չեն ունենում, քանի որ գործող իշխանությունը խնդրի կարգավորման հայեցակարգ չունի: