«Ուզում ենք սրբագրումներ մտցնել Ամանորի բովանդակության և սոցիալական ազդեցության տեսակետից». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ամանորյա միջոցառումներին՝ նշելով, որ Կառավարությունն այդ միջոցառումների համար տրամադրել է շուրջ 270 մլն դրամ: Վարչապետը կոչ է արել բոլորին դեկտեմբերի 31-ին գնալ Հանրապետության հրապարակ:

«Կարևոր է արձանագրել, թե մենք ինչի համար ենք  դա անում, քանի որ, կներեք արտահայտությանս համար, խնդիրը բոլորովին ուտել-խմելու, ճոխությունների կամ ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու մասին չէ։ Մեր կարծիքով՝ մենք սրանով լուծում ենք և պետք է շարունակենք լուծել շատ կարևոր՝ սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիրներ: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը: ՀՀ շատ քաղաքացիներ Հայաստանում երկար տարիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են ՀՀ-ից դուրս, ինչը տնտեսական լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են:

Մենք խնդիր ենք դրել, որ ՀՀ քաղաքացիները, հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ  Ամանորը նշեն Հայաստանում: Այս միջոցառումները, միջոցառումների կոմպլեքսը, որ պլանավորել ենք, ունի այդպիսի նպատակ: Հասկանում ենք, որ մեկ տարվա գործողությամբ այդ խնդիրը չենք լուծի, նկատի ունենք ամեն տարի այս ավանդույթը պետք է ավելի մեծ ծավալներ ստանա: Սա առաջին կետն է»:

Երկրորդ կետով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարությունը նպատակ ունեն գրավել զբոսաշրջիկներին: Ըստ վարչապետի՝  այժմ բավականին մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Վարչապետն առաջարկ ունի այն դեպքի համար, եթե զբոսաշրջիկները Հայաստանում այնքան շատ լինեն, որ այլևս հյուրանոցներում չտեղավորվեն, կամ, եթե այնպիսի զբոսաշրջիկներ լինեն, որ հյուրանոցներից չեն օգտվում:

«Ամանորը ընտանեկան տոն է, շատ հնարավոր է, որ այդ մեկ, երկու, երեք օրը բարեկամները մի տեղ հավաքվեն, իրենց ունեցած մյուս տունը վարձով հանձնեն զբոսաշրջիկներին»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ այս միջոցառումներն առաջին հերթին անապահով ընտանիքների համար են կազմակերպվում, որ նրանք հնարավորություն ունենան  «մեկ բրդուճով ու մի բաժակ գինի»-ով, իրենց հնարավորությունների սահմաններում, նշել Ամանորը:

«Հաջորդ կարևոր խնդիրը, որ ուզում ենք լուծել, ուզում ենք սրբագրումներ մտցնել Ամանորի բովանդակության և սոցիալական ազդեցության տեսակետից:

Շատ է խոսվում այն մասին, որ արժե՞ այդքան գումար ծախսել, երբ մեր երկրում այդքան սոցիալապես անապահով, կամ ոչ այնքան ապահով մարդիկ կան:

Այդ միջավայրը, որը ստեղծվում է Հանրապետության հրապարակում, դա առաջին հերթին արվում է  Ամանորյա ավանդական ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց համար, հնարավորություն է տալիս, որ իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ, բարձր տրամադրությամբ ու բարձր մակարդակով նշեն Ամանորը: Այդ հատվածում նաև աշխատելու են սննդի օբյեկտները, լինելու են արագ սննդի կետեր:

Երևանի 2750-ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են  բրդուճներ, հոթ-դոգեր համբուրգերներ, մարդիկ կարող են ընդամենը մեկ բրդուճով, մեկ բաժակ գինի վերցնելով, իրենց երեխաների հետ այդ գեղագիտական նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով, բոլորովին նոր որակի մթնոլորտ, միջավայր ստանալ իրենց ընտանիքի և ընկերների հետ Ամանորը նշելիս»:

Վարչապետն ու իր թիմը նպատակ ունեն փոխել անգամ Ամանորի մասին մեր պատկերացումները: Պարզվում է՝  «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը հենց այս միջոցառումների համար էր դրվել շրջանառության մեջ:

«Սովորաբար Ամանորը մենք իրականացնում ենք՝ որպես մի այնպիսի տոն, երբ փոքր խմբերով՝ ընկերական շրջապատով, ընտանիքով՝ փակվում ենք մեր տներում և նշում ենք այդպես: Մենք ուզում ենք Ամանորը Հայաստանում ավելի լայն միջավայրում նշելու հարթակ ստեղծել: Ի կատարումն այն կարգախոսի, որ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», մենք ուզում ենք ամանորյա ընտանիքի շրջանակը մեծացնել, ինչը չի հակադրվում ավելի փոքր միջավայրերում նշելու ավանդույթին, մեկը մյուսին կարող են շարունակել, մեկը մյուսի համար ավելի լավ մթնոլորտ ու միջավայր ստեղծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը լայվում նաև անդրադարձավ հայկական երգարվեստին: Ասում է՝ խանդով է նայում, որ Հայաստանում Ամանորին հայկական երգ չեն լսում:

«Խանդով եմ վերաբերվում, որ մեր ամանորյա տոներին գլոբալ երգեր… և երաժշտությունն ավելի պոպուլյար է, խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ծննդյան տոնակատարությունների համար՝ ևս: Նոր երգ գրելու պրոցեսը պետք է շարունակենք այնքան ժամանակ, որ այդ երգը այնքան պոպուլյար լինի, որքան Jingle Bells-ը: Երեկ իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում: Բայց դա չի նշանակում, որ հենց դա է լինելու այդ երգը»:

Տեսանյութեր

Լրահոս