
Մեծ Բրիտանիան կանցկացնի Գազայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողով

Մեծ Բրիտանիան այս շաբաթ կանցկացնի միջազգային խորհրդաժողով՝ բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Գազայի հատվածի վերականգնման հարցը քննարկելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը:
Նշվում է, որ «Մեծ Բրիտանիան առաջատար դեր կխաղա Գազայի շուրջ խաղաղության պլանի հաջորդ փուլում», այդ թվում՝ անկլավի «վերականգնման և վերակառուցման շուրջ եռօրյա խորհրդաժողովի» անցկացման միջոցով:
«Խորհրդաժողով կայցելեն մի քանի միջազգային գործընկերներ, ներառյալ Գերմանիան, Իտալիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Պաղեստինի ազգային վարչակազմը, ինչպես նաև մասնավոր հատվածը և միջազգային զարգացման ֆինանսակաան ծրագրերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Համաշխարհային բանկը», – ասված է հայտարարության մեջ:
Սթարմերի գրասենյակում հավելել են, որ միջոցառումը նվիրված կլինի Գազայի հետպատերազմյան կառավարման հարցերին:
«Քննարկումները կանդրադառնան նաև Պաղեստինի ազգային վարչակազմի վերափոխման աջակցության ջանքերին, – ընդգծվում է հաղորդագրության մեջ: – Վերակառուցման գործընթացը կգլխավորեն պաղեստինցիները, իսկ ՀԱՄԱՍ-ը որևիցե դեր չի խաղա Գազայի ապագա կառավարման գործում»:
Բացի այդ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ այս շաբաթ Գազայում հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը Լոնդոնում կհանդիպի Հորդանանի թագաժառանգ Հուսեյն բեն Աբդալայի հետ: