
#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԱԼԻԵՎԸ, ԹՐԱՄՓԸ, ԷՐԴՈՂԱՆԸ` ԳԱԶԱՅԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ. #ՈՒՂԻՂ
Այսօր Եգիպտոսը Կարմիր ծովի ափին գտնվող Շարմ էլ Շեյխ հանգստավայրում կհյուրընկալի միջազգային խաղաղության գագաթնաժողով, որը համանախագահելու են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ գագաթնաժողովին իսրայելցի պաշտոնյաներ չեն մասնակցի։
Եգիպտոսը հայտարարել է, որ Շարմ էլ Շեյխում կայանալիք գագաթնաժողովի նպատակն է «վերջ դնել Գազայի հատվածում պատերազմին, ուժեղացնել Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը և մեկնարկել տարածաշրջանային անվտանգության և կայունության նոր փուլ»:
Օրեր առաջ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Համասը համաձայնել են իր 20 կետանոց ծրագրի առաջին փուլի շուրջ՝ Գազայի հրադադար ապահովելու և բոլոր իսրայելցի գերիներին ազատ արձակելու համար՝ մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
Ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է Գազայում նոր կառավարող մարմին՝ առանց Համասի, բազմազգ ուժերի ստեղծում և Համասի զինաթափում։ Թրամփի ծրագրի առաջին փուլի իրագործումը՝ գերիների վերադարձի գործընթացը մեկնարկել է:
Եգիպտական պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ գագաթնաժողովին կմասնակցեն 27 երկրների առաջնորդներ և պաշտոնյաներ։ Հրավիրյալների ցանկում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և այլք:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխում Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը, ով արդեն Եգիպտոսում է: Մերձավորարևելյան այս հանգստավայրում է նաև Իլհամ Ալիևը, ով ևս գագաթնաժողովին մասնակցելու է աս-Սիսիի ու Թրամփի հրավերով:
Ի դեպ, վերջին տասնօրյակի ընթացքում սա արդեն երրորդ միջազգային միջոցառումն է, որին մասնակցում են թե Փաշինյանը, թե Ալիևը: Մեկ շաբաթ առաջ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացավ Եվրոպական քաղաքական համայնք հարթակի 7-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին, սրան հաջորդեց նրանց մասնակցությունն ԱՊՀ ղեկավարների հավաքին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում երեք օր առաջ: