«ՍԴ դատավորներին ցանկանում եք փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով. սա քաղաքական նախագիծ է». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում շարունակվում են Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի  նախագծի քննարկումները։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնին մոտեցավ հայաստանյան մի շարք դպրոցների լուսանկարներով՝ ցուցադրելով այդ դպրոցների ավերակ վիճակը, նա շեշտեց, որ սրանք դպրոցներն են, որտեղ կրթություն են ստանում մեր երեխաները։

Ըստ Զոհրաբյանի՝ այդ դպրոցները նորոգելու համար ՀՀ կառավարությունը գումար չունի, բայց այսօր խորհրդարան է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որի համար հարկատուն պետք է վճարի 630 միլիոն դրամ։

«Մեր խորհրդարան է բերվել մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ, Հյուսիսից Հարավ, վերևից ներքև  քաղաքական է՝ բացարձակապես քաղաքական։ Այն, որ Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է, այդ մասին բաց և հրապարակային իր հարցազրույցներից մեկում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ, թեև իրենց «ուշքը  չի գնում» Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 դատավորների համար, բայց իրենք ցանկանում են, որ Հայաստանում գործընթացները լինեն իրավական և չգործարդվի պրեսսինգ, ինչպես նախկինում։

«Հայասանի հանրապետության հպարտ քաղաքացինե՛ր, մեզ և ձեզ առաջարկվում է, որ մեր հարկերից 630 միլիոն դրամ վճարենք «Հրայր Թովմասյան ընդ Քոմփընիին» և ևս 6 դատավորի, որպեսզի նրանք գնան տուն, նստեն թախտին և Հրայր Թովմասյանն ամեն ամիս ստանա 1 միլիոն 375 հազար դրամ, իսկ 6 դատավորներից յուրաքանչյուրը 1 միլիոն, 31 հազար դրամ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Այդ ո՞նց եք որոշել, որ ձեր դուրը չի գալիս էդ կանտորան, ուստի ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխեք ձեր քիմքին հարիր դատավորներով և մենք՝ հարկատուներս, չպետք է լուծենք իմ ցուցադրած դպրոցների հարցը և մարդկանց տանք գումար, ովքեր մատնվելու են անգործության»,- ասաց  Զոհրաբյանը:

ԴԻմելով ՍԴ այն դատավորներին, ովքեր կգայթակղվեն այս օրենքով, Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց հիշել.

«Որևէ իշխանութուն հավերժ չէ, և իշխանության փոփոխությունից հետո այս քաղաքական գործարքին գնացածները ոչ միայն վերադարձնելու են այս գումարները, որոնք նրանց տրվել են կա՛մ որպես կոմպեսացիա, կա՛մ «գնա նստի, մենակ թե քեզանից պրծնենք»-ի շրջանակում, այլ ենթարկվելու են, իմ վստահ համոզմամբ, նաև քրեական պատասխանատվության»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս