Ֆիզիկական անձինք մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիայի համար պետական տուրք չեն վճարելու
«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսի 1-ից տաքսու վարորդներն ամսական վճարումներից ազատվում են, ընդամենը խոստում էր. ոչ մի օրինական ուժ չունի:
«Ես չգիտեմ՝ մասնավորների մեջ մնացե՞լ են մարդիկ, ովքեր իրենց պարտականությունը կատարում են, որովհետև վարչապետի այն հայտարարությունը, որ հուլիսի 1-ից տաքսու վարորդները Երևան քաղաքում՝ 12.000, իսկ մարզերում՝ 8000 դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են, ընդամենը խոստում էր կամ եզրակացություն: Դա միայն հայտարարություն է եղել, ոչ մի օրինական ուժ չունի, բայց դրա հիման վրա մարդիկ տարան լիցենզիաները հանձնեցին, կամ ուշադրության չեն դարձնում ամենամսյա վճարներին: Չնայած լիցենզավորումը չի ենթադրում՝ վճարում: Վճարում արվում է հարկերի ձևով, իսկ լիցենզավորումը միշտ ձրի է եղել: Ընկերությունների համար լիցենզիայի տարեկան տուրքը չորս և ավելի մեքենա ունեցող ընկերությունների համար 200.000 դրամ էր, հետո դա սարքեցին 100.000 դրամ, երբ մասնավորների, անհատ տաքսիների համար որոշեցին ամիսը միանվագ 12.000 դրամ պահանջել: Շրջաններում 8000 դրամ էր, գյուղերում՝ 5000: Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր օրենքը չի գործում»,- ասել էր «Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը մեզ հետ զրույցում հերքեց սա՝ պարզաբանելով. «Նախ արձանագրենք, որ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացումը շարունակում է մնալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ Մինչև 2019թ․ հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ կետով մարդատար տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց համար սահմանված էր պետական տուրքի վճարման պարտավորություն: Նրանք ամսական, եռամսյակային կամ տարեկան տարբերակով վճարում էին։
– Երևան քաղաքում՝ ամսական՝ 12000, եռամսյակը՝ 34 000, տարեկան՝ 120000 դրամ, այլ քաղաքներում՝ ամսական 8000, եռամսյակը՝ 23 000, տարեկան՝ 80000 դրամ,
– այլ վայրերում՝ ամսական 5000, եռամսյակը՝ 13500, տարեկան՝ 45000 դրամ։
2019թ․ հունիսի 29-ին ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը (25.06.19թ. ՀՕ-69-Ն), որի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ կետը:
Դա նշանակում է, որ սույն օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2019 թվականի հունիսի 29-ից, ինչպես հայտարարել էր վարչապետը, պետական տուրքի հաշվարկը դադարեցվել է, և ֆիզիկական անձինք մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիայի համար պետական տուրք չեն վճարելու:
Միաժամանակ հավելեմ, որ 2019թ․ հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքը, որը վերաբերում է ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձանց։ Համաձայն սույն օրենքի՝ մինչև 2019թ․ հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մարվել է պետական տուրքի մայր գումարը: Նշեմ, որ վեցամսյա ժամկետը լրանում է 2020 թվականի հունվարի 11-ին»: