Բաժիններ՝

«Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսի 1-ից տաքսու վարորդներն ամսական վճարումներից ազատվում են, ընդամենը  խոստում էր. ոչ մի օրինական ուժ չունի» Վահագն Սահակյան

«Լիցենզիա տալը պետք է բարդացնեն, ոչ թե հրաժարվեն դրանից»,- պնդում է «Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը:

«Տաքսի ընկերություններ կան, որոնց վարորդներն ամեն առավոտ գալիս օղի են խմում, նոր գնում են գործի: Սրան ո՞վ պետք է հետևի, իհա՛րկե  պետությունը: Կա օրենք, որն ասում է հետևյալը. փոքր մարդատար ավտոմեքենաներով վճարի դիմաց  ուղևորափոխադրումը կոչվում է տաքսի ծառայություն, իսկ այն լիցենզավորվող գործունեություն է, մարդ տեղափոխելու իրավունք պետք է ստանան: Դա, առաջին հերթին՝ ենթադրում է ուղևորի համար անվտանգություն:

Այսինքն, որպես ուղևոր՝ մենք պետք է վտահ լինենք, որ մեր պետությունը հետևում է այդ ոլորտին, ու ամեն ոք չի կարող իր մեքենային մեկ նշան դնել կամ չդնել, կամ օնլայն հարթակից մարդ վերցնել ու գալ-տեղափոխել:

Այսօր վթարների գերակշիռ մասը կատարում են տաքսիները, մեծ մասամբ չի էլ երևում, որ տաքսի են, քանի որ չունեն տարբերանշան, դեղին համարանիշ: 8 ժամ այլ տեղ աշխատելուց հետո հոգնած դուրս են գալիս  ու մի հատ էլ մարդ են տեղափոխում: Բնականաբար, այս երթևեկության մեջ վթարները հասել են կատաստրոֆիկ քանակի, իսկ ոլորտը թողել են «Ջունգլիների օրենքով» զարգանալուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը:

Նրա փոխանցմամբ՝ այսօր որպես տաքսու հարկ՝ վճարում են միայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները:

«Ես չգիտեմ՝ մասնավորների մեջ մնացե՞լ են մարդիկ, ովքեր իրենց պարտականությունը կատարում են, որովհետև վարչապետի այն հայտարարությունը, որ հուլիսի 1-ից տաքսու վարորդները Երևան քաղաքում՝ 12.000, իսկ մարզերում՝ 8000 դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են, ընդամենը  խոստում էր կամ եզրակացություն: Դա միայն հայտարարություն է եղել, ոչ մի օրինական ուժ չունի, բայց դրա հիման վրա մարդիկ տարան լիցենզիաները հանձնեցին, կամ ուշադրության չեն դարձնում ամենամսյա վճարներին: Չնայած, լիցենզավորումը չի ենթադրում՝ վճարում: Վճարում արվում է հարկերի ձևով, իսկ լիցենզավորումը միշտ ձրի է եղել: Ընկերությունների համար լիցենզիայի տարեկան տուրքը չորս և ավելի մեքենա ունեցող  ընկերությունների համար 200.000 դրամ էր, հետո դա սարքեցին 100.000 դրամ, երբ մասնավորների, անհատ տաքսիների համար որոշեցին ամիսը միանվագ 12.000 դրամ պահանջել: Շրջաններում 8000 դրամ էր, գյուղերում՝ 5000: Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր օրենքը չի գործում»,- նկատեց «Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահը:

Ինչ վերաբերում է օնլայն տաքսիներին՝ ասաց, որ այս խնդիրն էլ մնում է չլուծված:

«Օնլայն տաքսիները հայտարարում են, որ տաքսի չեն, ընդամենը պատվեր են վերցնում և վաճառում: Բազմիցս Տրանսպորտի նախարարությունում հարց եմ բարձրացրել, թե ինչո՞ւ են հանրային քննարկումների ժամանակ հրավիրում «GG», «Yandex», «U»  ընկերություններին, հատկապես որ, GG-ն բացեիբաց հայտարարում է, որ ինքը տաքսի չէ: Այդպես են ասում, քանի որ չեն հարկվում՝ որպես տաքսի: Մյուս կողմից էլ՝ այն վարորդները, ովքեր աշխատում են GG-ում, զգացել եք՝ տարբերվում է այդ մասսան, դա նրանք են, որոնց համար ամոթ է տաքսին, բայց ամոթ չէ տաքսու հաճախորդին, փողով հանդերձ, քթի տակից տանելը: Այսինքն, փողից օգտվել ուզում են, բայց տաքսու վարորդ կոչվել չեն ուզում: Սակայն օրենքը հստակ ասում է՝ եթե գումարի դիմաց մարդ եք տեղափոխում, դա արդեն տաքսի է»,- եզրափակեց Վահագն Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս