«Արցախում դավաճաններ փնտրելու ակնարկներն Ադրբեջանը շատ հստակ արձանագրում է և կիրառում իր քարոզչության մեջ». Վրթանեսյան

Նոյեմբերի սկզբին ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերն այսօր նվազ չեն, քան 3-5 տարի առաջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Շատ լուրջ ռիսկեր կան, և ՀՀ իշխանությունը, գոնե հայտարարությունների մակարդակով, դա հասկանում է: Թարմ օրինակ բերեմ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի քանի օր առաջ տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել 2006-2007-ից ի վեր, երբ մշակվում էր Անվտանգության գործող ռազմավարությունը և հաստատվում, նշեց, որ մեր անվտանգությանը սպառնացող՝ որպես չփոփոխվող գործոններ՝ շարունակում են մնալ Թուրքիան և Ադրբեջանը: Ըստ էության, Անվտանգության խորհրդի քարտուղարը հստակ նշում է, որ Թուրքիային պետք է դիտարկենք՝ որպես սպառնալիք մեր անվտանգությանը, և, որ այս 12 տարում ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եվ այս ամենի ֆոնին զավեշտալի է, որ իշխանական քարոզիչների և մամուլի կողմից ծաղրի ենք ենթարկվում փորձագետներս, երբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն ենք քննարկում»,- ասաց Վրթանեսյանը:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը ոչ մի վայրկյան չի դադարել պատրաստվել պատերազմին, և եթե վերելակային պայմանավորվածությունից հետո մի քանի ամիս ռազմատենչ հռետորաբանությունը մի քիչ մեղմվել էր, ապա արդեն մի քանի ամիս է՝ ռազմական գերատեսչության ղեկավարների մակարդակով նորից վերադարձել են հին հռետորաբանությանը, այսինքն՝ վտանգների պահով մեզ համար ոչինչ չի փոխվել:

«Պետք է հասկանանք՝ զիջումների ակնարկները, որոնք կարող են արվել հայկական կողմից, դա միայն վնաս է տալու, որովհետև հակառակորդը դա միանգամից ընկալում է՝ որպես թուլության նշան: Ցանկացած ակնարկ ներհայաստանյան պառակտումների, Արցախում դավաճաններ փնտրելու՝ շատ հստակ արձանագրվում է Ադրբեջանում, և միանգամից սկսում են իրենց քարոզչության մեջ դա կիրառել»,- շեշտեց Վրթանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս