Առնվազն հինգ մարդ է զոհվել Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով
Առնվազն հինգ մարդ է զոհվել Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետեւանքով, կան անհետ կորածներ: Այդ մասին հայտնել է New Zealand Herald հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի եւ չորս տուժածի մասին: Ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Թիմսը հայտարարել է, որ զոհվածների եւ տուժածների մեջ կան օտարերկրացիներ:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտնել է, որ հրաբխի ժայթքման պահին դրա մերձակայքում եղել է մոտավորապես հարյուր մարդ: Նա նշել է, որ հրաբխի մոտ գտնվողների մեծամասնությունը, հավանաբար, զբոսաշրջիկներ են: Ավելի ուշ Նոր Զելանդիայի ոստիկանությունը հրապարակել է հայտարարություն, որում հայտնել է, թե, չնայած սկզբնական տվյալներին, իշխանությունները գտնում են, որ մարդկանց թիվը 50-ից պակաս է եղել: Նշվում է, որ նրանցից ոմանց արդեն դուրս են բերել կղզուց:
Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին է: Նախորդ ժայթքումն արձանագրվել է 2012 թվականի վերջին – 2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: