«Հնարավոր է իրավիճակի լարում ԼՂ հակամարտության գոտում»․ փորձագետ
«Լարվածությունից խուսափելու համար ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել»,- մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի շուրջ վերջին օրերին ծավալված իրադարձություններին և բանակցային վերջին հանդիպումներին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովից առաջ պաշտոնական Բաքուն նախարարներին ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը, որը հեռու էր կարգավորման փոխզիջումային մոտեցումից, ինչից դրա նախօրեին Բաքվում խոսել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Դիրքորոշումը ներառող հռչակագիրը վերջնագիր էր հայկական կողմին, քանի որ Բաքուն շեշտել էր, որ այդ շրջանակից դուրս հիմնախնդրի քաղաքական կարգավորումը չի տեսնում։
Դեկտեմբերի 4-ի երեկոյան կայացավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, իսկ հաջորդ օրը նրանց ելույթները նախարարական համաժողովում, որոնք, ըստ էության, քննարկվող որևէ հարցում փոխզիջումային դիրքորոշման հասնելու տպավորություն չեն թողնում։
Ի դեպ, հավելենք նաև, որ նախքան Բրատիսլավայում ծավալված զարգացումները, երկար տարիների դադարից հետո ժողովրդական դիվանագիտության շրջանակում տեղի ունեցան լրագրողական փոխայցեր հակամարտող կողմերի լրագրողների միջև, իսկ դրանից հետո՝ այս օրերին, Ադրբեջան էր մեկնել Հայաստանից բարձրաստիճան պատվիրակություն՝ մասնակցելու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին։
Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը: Նստաշրջանի ընթացքում միջադեպեր էին տեղի ունեցել հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև։
Քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախի խոսքով՝ կողմերը, թերևս, հասկանում են, որ նմանատիպ ելույթներից հետո, թեև նախանշված է նախարարների հաջորդ հանդիպման ժամկետը, բանակցությունները կամ հանդիպումները կարող են հայտնվել վտանգի տակ։
Ըստ նրա, երբ փորձագետները, միջնորդները կամ առանձին քաղաքական գործիչները խոսում են կոշտ հռետորաբանությունից խուսափելու, դրական մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտության մասին, փորձում են խուսափել հենց այն վտանգներից, որոնք կարող են առաջանալ, օրինակ, կոնկրետ հենց այս դեպքում։ Նա ստեղծված իրավիճակում խուսափեց քննադատել կողմերից որևէ մեկին։
Նրա խոսքով, երբ կողմերից մեկը կոշտ հայտարարություն է անում, մյուսը պետք է պատասխանի և պետք է դա անի հնչած հայտարարությանը համարժեք։ Սա, Հալբախի խոսքով, կանոն է։
«Կողմերը սովորաբար այդ կանոնը պահպանում են և այս անգամ էլ դա արեցին, ու չեմ կարծում, որ դրա արդյունքում հիմա ունենք լավատեսություն հայտնելու առիթ։ Մենք կրկին համոզվեցինք, որ չկա համաձայնություն, պատրաստակամություն՝ խնդիրը լուծել երկու կողմից զիջումների միջոցով, ինչը թույլ է տալիս խոսել ցանկացած սցենարից, այդ թվում՝ ամենավատ։ Սա, իհարկե, ցավալի է, հուսանք, որ կողմերը կխուսափեն իրավիճակը սրելուց»,- ասաց նա։
Հալբախի խոսքով՝ լարումից խուսափելու նպատակով՝ պետք է օգտագործել հումանիտար շփումների հնարավորությունը։ «Երկար տարիների դադարից հետո առաջին այցերը, բնականաբար, կարող են լինել ոչ ստանդարտ, չտալ այն արդյունքը, ինչ ակնկալում են կողմերը և միջնորդները, սակայն ներկայումս դրանց շարունակությունը կարևոր եմ համարում։ Մյուս կողմից՝ հասկանալի է նաև այն, որ այդ կոշտ հայտարարությունները կարող են այս գործընթացը ևս կասկածի տակ դնել։ Ընդհանուր առմամբ, համոզվում ենք, որ կողմերը պատրաստ չեն կարգավորման, երկարատև, կայուն խաղաղության. կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել։ Հակամարտության տեսքն ինքնին այնպիսին է, որը յուրաքանչյուր կողմից էական զիջում է պահանջում՝ դրանով իսկ անհնար դարձնելով այդ փոխզիջման ընկալումը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ռուսական կողմի դիվանագիտական ակտիվությանը՝ Հալբախն ասաց, որ ռուսական կողմը շատ լավ է հասկանում, թե ինչ վտանգներ են կուտակված տարածաշրջանում և, միևնույն ժամանակ, որքան հեռու են կողմերը կարգավորումից։ «Բայց Ռուսաստանն իրականացնում է այն դերը, որն ավանդաբար իրենն է եղել, և շարունակելու է այն իրականացնել։ Սակայն տարածաշրջանում և հակամարտող երկրներում ևս իրավիճակներ են փոխվում, որոնք կարող են կտրուկ կերպով մոտեցումներ փոխել թե դեպի լավը, թե՝ վատը։ Բայց այսօր առկա իրավիճակը լավատեսության հիմք չի տալիս։ Հնարավոր է լարում տարածաշրջանում»,- ասաց նա։