Բաժիններ՝

«Ձե՞ռք եք առնում, ո՞ւմ եք խաբում՝ վարչապետի՞ն, թե՞ կառավարությանը»

Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը կարծում է՝ սուբսիդավորումը բանկերի միջոցով չպետք է հասնի գյուղացուն:

«Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն իրենից բարձրաստիճան մարդուն՝ ՀՀ երրորդ նախագահին, մեղադրում է կոռուպցիայի մեջ: Շատ հետաքրքիր է՝ ինչ-որ դիզվառելիքից, պարարտանյութից են խոսում, միանշանակ տեսնում ենք՝ այն հարցերը, որ բարձրացրել էինք վերջին տարիներին, այն է՝ սուբսիդավորումը, պետք  է հասնի գյուղացուն, ցավոք, նույն վիճակում է:

Սուբսիդավորումը բանկերի միջոցով էր գնում և փոշիացվում: Չմոռանանք ցորենի վարկը, որ բաժանեցին Սերգո Կարապետյանի ժամանակ, իսկ հետո՝ 205 ընտանիքի, տո գետինը մտնեն, Գյուղնախարարությունը դատի տվեց, որպեսզի այդ գումարները վերականգնեն: Արդյունքում ի՞նչ էր եղել. սերմացուի փոխարեն՝ պարենային ցորեն էին բաժանել գյուղացուն: Տիգրան Սարգսյանի ժամանակ էլ գյուղացու դիզվառելիքը հայտնվեց լցակայաններում: Ո՞ր մեկն ասենք. գյուղացու անվան տակ փոշիացվել են լուրջ գումարներ. դրանք միջազգային ֆոնդի, Համաշխարհային բանկի գումարներն են: Այսօր էլ նույն ոճը շարունակվում է. սուբսիդիա ստանում է բանկը, նա էլ որոշում է, թե որ գյուղացուն ինչքան վարկ տա: Տվե՛ք այդ գումարը գյուղացուն, ոչ թե միջանկյալ կառույցներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրաչ Բերբերյանը:

Անդրադառնալով շուկայում առկա թանկացումներին՝ նա նկատեց. «Տարին անհաջող էր, ծիրանից սկսվեց, փոշոտումների խնդիր ունեցանք, հետո այդպես էլ մորմազգի ցեցի դեմ վարչապետի հանձնարարականը չկատարվեց: Թակարդներով պայքարո՞ւմ եք: Ձե՞ռք եք առնում, ո՞ւմ եք խաբում՝ վարչապետի՞ն, թե՞ կառավարությանը: Ֆերոմոնային թակարդները միայն մոնիտորինգի համար են, պայքարի համար չեն: Ինչ վերաբերում է անասնաբուծությանը, ապա վերջին երեք տարիներին մեծ քայլերով նահանջել է: Խոսքը 150.000 գլուխ խոշոր եղջերավորի մասին է, որի կեսը կթու կովերն են: Անասնակերի խնդիր ունենք, գարնանն էլի անկում է լինելու: Չկա այն մարդը, ով կկարողանա գյուղատնտեսությունն առաջ տանել: Փոխվարչապետներից ոչ ոք գյուղատնտեսության մասին չի էլ մտածում, չի էլ կարող մտածել, քանի որ գիտելիք չունեն»:

Խոսելով շուկայում տիրող վիճակի մասին՝ Հրաչ Բերբերյանը հայտնեց, որ տավարի միսը երեք ամիս առաջ 300 դրամով թանկացել է:

«Կարծում եմ՝ անցած տարվա համեմատ՝ բանջարեղենի, մրգի, մսամթերքի թանկացում ունենք: Արտադրության թվերը պակասել են՝ որքան էլ Վիճակագրության վարչությունը թվեր նկարի: Գնանք ֆերմերից, գյուղացուց հարցնենք՝ ինքը թիվ տվե՞լ է Վիճակագրության վարչությանը: Իհարկե՝ ոչ: Թվերը որտեղի՞ց են հայտնվել՝ գյուղապետարաններից, ովքեր տալիս են մարզպետարաններին: Մարզպետարաններն էլ նայում են՝ Նիկոլ Փաշինյանն իրենց կնախատի՞, թե՞ ոչ: Սիրուն նկարում ու թվերը ցույց են տալիս: Սա նորություն չէ, վերջին 15 տարվա ընթացքում այդպես է եղել»,- եզրափակեց  Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս