Ակնկալում ենք Ձեր պարզ քայլը. Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Հարգարժան պարոն Նախագահ
Այս շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ի մասով, համաձայն որի.
«4.1. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»։
Նախատեսվող իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Փորձելով զերծ մնալ նախագծի վերաբերյալ քաղաքական եւ իրավական գնահատականներից՝ հարկ եմ համարում մեջբերել Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, համաձայն որոնց՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունն էական երաշխիք է նրանց անկախության համար։ Անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար գործող դատավորներին փոխարինել՝ իր նախընտրած նորընտիր դատավորներով։
Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է նաեւ, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորի եւ նույնիսկ ինը դատավորից յոթի՝ հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով՝ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին՝ վերանայել առաջարկվող սխեման այնպես, որպեսզի այս մտահոգությունը վերացվի։
Արձանագրենք, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղ կենսաթոշակի սխեման պետք է շարունակի լինել խիստ կամավոր եւ խոչընդոտ չհանդիսանա Դատարանի արդյունավետ գործունեության համար, մինչդեռ նախագիծը չի կարող բավարարել կամավորության սկզբունքին, քանի որ սահմանում է վաղ կենսաթոշակի համար դիմում ներկայացնելու համար ֆիքսված ժամկետ: Ըստ էության՝ նախատեսված չեն մեխանիզմներ, որոնցով կզսպվի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության խաթարումը, ինչպես նաեւ մեխանիզմներ, որոնք կապահովեն Վենետիկի Հանձնաժողովի այն մոտեցումը, որ ՍԴ բոլոր դատավորները պետք է ունենան նույն կարգավիճակը, այնինչ նշված կարգավորումը վերաբերում է միայն դատավորներից յոթին։
Հանրության բազմաթիվ շերտերի, իրավաբանական համայնքի մոտ մեծ է մտավախությունը, որ այս նախագիծը վտանգում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ որ դրա արդյունքում ՍԴ-ն այլեւս չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող կառույց:
Ուզում եմ շեշտել, որ նույնքան վիճահարույց են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մատչելի են դառնում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադատրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, որը ռեալ վտանգներ է պարունակում անշարժ գույքի շուկայի եւ ընդհանրապես երկրի ներքին կայունության համար։
Սակայն դեռեւս սպառված չեն մեխանիզմները՝ այս օրենքների վտանգները բարձրաձայնելու եւ դրանց սահմանադրականությունը ստուգելու համար։
Հանրապետության նախագահը վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունների սահմանադրականության երաշխավորման նպատակով Սահմանադրական Դատարան դիմելու նախադեպ արդեն իսկ ձեւավորել է։ Նախագահն ունի այդ բացառիկ իրավունքը։ Նախագահը կարող է հանդես գալ որպես երկրում հնչեղություն ունեցող հարցերը հանրային համերաշխության պայմաններում լուծելու ավանդույթ ձեւավորող։
Ուստի դիմում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին, որի բացառիկ իրավասությունն է հետեւել Սահմանադրության պահպանմանը, առաջնորդվել Ձեր իսկ կողմից ձեւավորած նախադեպով, սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան՝ միաժամանակ միջնորդելով, որպեսզի Սահմանադրական դատարանը դիմի Վենետիկի հանձնաժողով՝ այս օրենքի (եւ նշված մի շարք այլ օրենքների) վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքով, քանի որ նախատեսվող կարգավորումներն արդեն իսկ քննարկման առարկա դարձել են Վենետիկի հանձնաժողովում, սակայն, ըստ էության, ամբողջությամբ չեն արտահայտում հանձնաժողովի վերապահումները:
Հարգարժան պարոն նախագահ։ Վստահ եմ՝ Դուք այս խիստ վիճահարույց եւ հանրային մեծ նշանակութուն ունեցող օրինագծերի հարցում չեք կարող պասիվ դիտորդի դեր ստանձնել։ Այո, գործող Սահմանադրությամբ Ձեր լիազորությունները խիստ սահմանափակ են, բայց Դուք ունեք ՍԴ դիմելու հնարավորություն՝ քայլ, որը տարբեր առիթներով արել եք, հիշենք թեկուզ 2018 հոկտեմբերի 2-ի նախադեպը։ Ձեր լռությունն այս պարագայում չի հասկացվի, Ձեր լռությունը կարելի կլինի նույնացնել քաղաքական հաշվարկի հետ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»