«Պատմություն հին Երևանի Ղանթարի շուկայի ու Վահան Թոթովենցի գեղեցիկ հուշի մասին»
Հիմա մատների վրա կարելի է հաշվել այն շենքերը, տներն ու շինությունները, որոնք մնացել են Հին Երևանից։ Այդ պատառիկները մեր մայրաքաղաքի հին օրերի մասին պատմող վերջին վկաներն են։ Պատմություններ կարող են պատմել նաև հին լուսանկարները, տեսանյութերն ու հուշերը։ Բարեբախտաբար, արխիվներում պահպանվել են լուսանկարներ հին Երևանի առևտրական հրապարակից, որ անվանում էին «Ղանթարի» շուկա կամ «Չարսու» բազար։ Շուկան գտնվում էր ներկայիս Մանկական այգու տարածքում՝ Մովսես Խորենացի, Գրիգոր Լուսավորիչ, Զաքյան և Բեյրութի փողոցների միջև։ Ղանթարը պարսկերեն բառ է, որ նշանակում է՝ շուկայի մեծ կշեռք, և շուկան հենց այդ անունն է սկսել կրել պարսկական տիրապետության ժամանակաշրջանում։
Շուկայի անվան այդ ավանդույթը պահպանվել է մինչև 20-րդ դարասկիզբը, երբ Երևանի գծագրային ինչ-ինչ ճշտումների ժամանակ այդ տարածքը ստացել է Շուկայի հրապարակ անվանումը։ Շուկան մոտ է եղել «Կապույտ» մզկիթին և Սուրբ Սարգիս եկեղեցուն։ Շուկայից ճանապարհները ձգվել են դեպի կրոնական այդ երկու կառույցները։ Երբ թերթում ենք ու կարդում 18-19-րդ դարերի հիշատակությունները շուկայի մասին, գրեթե բոլորի մոտ հանդիպում ենք այն տեսակետին, որ «Ղանթար»-ը նման էր արևելյան շուկայի։ Երևանի շուկայի մասին մի յուրահատուկ հիշատակություն ունի իտալացի ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլին, ով 18-րդ դարում այցելել է Երևան՝ «Ղանթար»-ի շուկա, և շուկայի մասին գրել իր հուշերում։
Հատկանշական է, որ այդ հուշերն իր «Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայությունը» երկում օգտագործել է հայ մեծ գրող Ակսել Բակունցը։ Սակայն հիմա մենք չենք խոսի իտալացի ճանապարհորդի հուշի մասին, այլ կներկայացնենք մեկ այլ անտեսված հուշ, որի հեղինակը ստալինյան ռեպրեսիաների զոհ Վահան Թոթովենցն է։ Վահան Թոթովենցն իր հուշում ներկայացնում է իր ժամանակի Երևանը, Երևանում ապրող մարդկանց ու «Ղանթար»-ի շուկան։ Նա քայլում է շուկայում և իր ընթերցողի ձեռքը բռնած՝ ցույց տալիս այդ թվականների Երևանի շուկան ու այնտեղ տիրող մթնոլորտը․
«Ղանթարը՝ Երևանի շուկայի կենտրոնը, շատ է փոխվել վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց նա չի կորցրել ինքնուրույն արևելյան կոլորիտը։ Կրպակները շատացել են, մանավանդ տեղական և հարևան երկրների ապրանքները։ Երբ շուկայի վերևի տրոտուարից դիտում ես Ղանթարի Հրապարակը՝ ձմեռվա սպիտակասփյուռ ֆոնի վրա, առանձին գրավչություն են ստանում խնձորների բոցավառ կարմիրը, չորացած ծիրանների ոսկին՝ նման մեր վերջալույսի արևներին։
Ահա մի պարսիկ, փոքրիկ հուրակի վրա մի քանի տժվժիկ է այրում, կողքին մի կողովի մեջ իր կապիտալն է դարսել արևելյան կշեռքը։ Իր կողքին մի կշեռք, որ անգործությունից, անբովանդակությունից հորանջում է։ Պարսիկն այնքան է կռացել կրակի վրա, որ մեջքը կորցրել է իր սկզբնական ձևը, ուղղվելուց հետո դժվար թե նա կարողանա ուղիղ գիծ կազմել։
Շարունակում եմ իմ քայլերը․ մի համբալ, թեթև շապիկով, փալանը կռնակին, կուչ է եկել, շուկայի մեջտեղը կանգնած, երկու ձեռքերն էլ կոխել է շապիկի թևնոցների մեջ, աչքերը գետնին։ Մրսում է նա, մրսում է ավելի, քան Թոմը «Արքա Լիրում», նրա նման ցնցոտիապատ, բայց համբալը չի խոսում, ամբողջովին տարված է մրսելով, մրսում է նա մինչև հոգու խորքը։ Քիչ դենը՝ մի ուրիշ «առևտուր» կա․ մորուսավոր, գդակով, չարուխով մի մարդ բլուլ է նվագում, թշերն ուռել են, հուզված է մինչև անգամ, ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, իսկապես նվագում է: «Շուկայիկ» այս արվեստագետը տագնապալից շեշտեր ունի, իսկական հուզականության հասնող տոներ, հույզեր, որոնց, հակառակ ցրտին, կարելի է ունկնդրել խորագույն հաճույքով։ Ահա հին շորերի փոթորկոտ վաճառքը. գույների, տարազների, ոճերի, տարիների և երկրների հագուստի տեսակների փոթորիկ։ Անցնում է մի պառավ կին, նրա մեջքը փարիզյան փափկասուն տիկինների նրբությունն ունի, բայց սա պատճառ չէ, որ կռնակին չծանրանա ջրի խոշոր կուժը։
Շուկայի ամայի մասում, բայց կենտրոնում, կանգնած է մի ծերունի, որ եկել է Ալագյազի ստորոտից, ոչխար է բերել ծախելու, արհամարհում է ցուրտը, որովհետև թաղիքե գդակ ունի գլխին․․․։
Ղանթարը կարծես երանգապնակ է, այնքան գույներ կան, չոր մրգերի խայտաբղետ մի պանորամա, որ ձյան սպիտակով եզերված՝ դառնում են ավելի խոր, ավելի բոցավառ և հրապուրիչ»։ (Երկեր, գիրք 3, Երևան, 1991)
Թոթովենցը ներկայացնում է 1928 թվականի շուկան։ Արխիվից մեզ փոխանցված լուսանկարներից մի քանիսում մենք տեսնում ենք 1923 թվականի «Ղանթար»-ի շուկան։ Տեսականորեն Թոթովենցի հուշը մոտավորապես տալիս է այն գեղարվեստական պատկերը, ինչ կա մեր ձեռքի տակ եղած լուսանկարներում։ Քանի որ լուսանկարի ու հուշի միջև եղած տարբերությունը մոտ 5 տարի է։ Եվ այստեղ ևս մեկ անգամ պիտի արձանագրենք, որ Վահան Թոթովենցը փաստում ու շուկային դրոշմում է արևելյան կոլորիտի մասին կարծիքը։ Եվ համեմատականներ տանելով մի քանի անհատների կարծիքների հետ, մենք տեսնում ենք, որ մոտավորապես 1 դար առաջ Երևանի շուկան ուներ արևելյան կոլորիտ, և տրամաբանորեն քաղաքը նույնպես ուներ Արևելքի ձեռագիրը։
Շուկան խաչմերուկ էր, որտեղ բախվում էին տարբեր ժողովուրդների քաղաքակրթություններն ու կրոնական գաղափարախոսությունները։ Եվ պատահականություն չէ նաև այն, որ արևելյան ճարտարապետական ձեռագիրը մինչ օրս պահպանվում է Երևանի՝ հրաշքով «ողջ մնացած» մի շարք կառույցներում։ Սակայն պիտի արձանագրենք, որ 19-20-րդ դարում «Ղանթար»-ի շուկան Երևանի ամենաբանուկ ու ամենաակտիվ վայրերից մեկն էր, որտեղ եղած Վահան Թոթովենցը նույնպես չէր կարողացել անտարբեր անցնել «Ղանթար»-ի շուկայով։
Լուսանկարները տրամադրել է Եղիշե Չարենցի անվան «Գրականության ու արվեստի» թանգարանը։
Զ․ Շուշեցի