Նեթանյահուն թույլ չի տվել Իսրայելի նախագահին մասնակցել Խաղաղության խորհրդի բացման արարողությանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Սպիտակ տան խնդրանքը՝ թույլ տալու, որ նախագահ Իցխակ Հերցոգը մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» ստեղծման արարողությանը , որը կայացել է հինգշաբթի Դավոսում, գրում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Սպիտակ տունը Խաղաղության խորհրդի ստեղծումը դիտարկում է որպես Գազայում հրադադարի երկրորդ փուլի իրագործման առանցքային տարր և Թրամփի Դավոսում ձեռնարկած քայլերից մեկը։ Վաշինգտոնը ցանկացել է, որ բեմում իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հանդես գա արաբ և մահմեդական առաջնորդների հետ միասին՝ ցույց տալու, որ Թրամփի խաղաղության պլանը Գազայի համար լայն աջակցություն ունի։
Իսրայելի բացակայությունը ստեղծել է տպավորություն, որ երկիրը լիովին համաձայն չէ։ Սպիտակ տունը հրավիրել էր 58 երկիր, այդ թվում՝ Իսրայելին, միանալ Խաղաղության խորհրդին։ Հրավերում նշվել էր, որ յուրաքանչյուր երկիր կարող է ուղարկել իր պետության կամ կառավարության ղեկավարին կամ լիազորված ներկայացուցչին։
Նեթանյահուն Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում չի մեկնել, քանի որ Միջազգային քրեական դատարանը նրա կալանման օրդեր է տվել։ Սակայն Իսրայելի նախագահ Հերցոգը ներկա է եղել միջոցառմանը։ Աղբյուրների փոխանցմամբ, Սպիտակ տունը երեքշաբթի և չորեքշաբթի դիմել է վարչապետի գրասենյակին՝ առաջարկելով, որ Հերցոգը ներկայացնի Իսրայելը, ելույթ ունենա մյուս առաջնորդների հետ և ստորագրի Խաղաղության խորհրդի խարտիան։
Ըստ աղբյուրների, Նեթանյահուն մերժել է այս առաջարկը և փաստացի վետո դրել Հերցոգի մասնակցության վրա։ Նշվում է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների և Նեթանյահուի ու նրա օգնականների միջև տեղի են ունեցել մի քանի հեռախոսազրույցներ, որոնցից որոշները եղել են «լարված և բարդ»։
Չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տունը դեռ հույս ուներ, որ լուծում կգտնվի, որը թույլ կտա Հերցոգին մասնակցել։ Իսրայելը ընդգրկված էր որպես 21 երկրներից մեկը, որոնք նշված էին Սպիտակ տան տարածած ցուցակում։ Այս հարցը լուծելու փորձեր արվում էին մինչև հինգշաբթի արարողությունը սկսելուց ժամեր առաջ, սակայն Նեթանյահուն շարունակում էր պնդել իր մերժումը՝ հայտարարելով, որ հրավերը հասցեագրված է իրեն, ոչ թե Հերցոգին։
Այս միջադեպը լարվածություն է առաջացրել վարչապետի գրասենյակի և ԱՄՆ նախագահի վարչակազմի, ինչպես նաև Սպիտակ տան միջև։
Ի վերջո, Սպիտակ տունը որոշել է չմտնել բաց հակամարտության Նեթանյահուի հետ։ Թրամփի խորհրդականներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը նախընտրել են կենտրոնացնել ճնշումը Ռաֆահի անցակետի բացման հարցի վրա՝ Եգիպտոսի և Գազայի միջև, այլ ոչ թե Հերցոգի մասնակցության։
Ուիթքոֆն ու Քուշները շաբաթ երեկոյան ժամանել են Իսրայել՝ Նեթանյահուի հետ հանդիպման, որը, ինչպես սպասվում էր, նվիրված էր Ռաֆահի անցակետի հարցին։
