Բաժիններ՝

«Ցավալի մտածելակերպ. վարորդներն ասում են՝ թող մեկը «գլխիս կանգնի», որ խախտում չանեմ». Սերգեյ Ղահրամանյան

«Հայաստանում երթևեկության վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ավտոտրանսպորտային պատահարների հետևանքով ունենք 253 զոհ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եթե չեմ սխալվում՝ 11-ով ավելի է: Այս տարի մինչև հոկտեմբերի 31-ն արդեն 63.000 ԱՊՊԱ պատահար է տեղի ունեցել, որը նախորդ տարվա համեմատ՝ աճել է 17 տոկոսով: Միայն Երևանում միջին վիճակագրությամբ 70-80 դեպք է տեղի ունենում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝  Ճանապարհային ոստիկանությունը շատ խիստ է եղել 2016թ., տեղադրվել են նաև տեսանկարահանող սարքեր, ու վարորդները զգույշ են դարձել:

«Զոհեր գրանցվում են հիմնականում հարբած լինելու, բարձր արագության, հանդիպակաց գոտի դուրս գալու հետևանքով: Վարորդներն «իմունիտետ» են ձեռք բերել: Ասենք՝ դրված է արագաչափ, մարդը 120 կմ/ժ արագությամբ կարող է հասնել արագաչափին, դանդաղեցնել ու նորից արագությունը բարձրացնել: Այդ սարքն այլևս որևէ դերակատարում չունի:

Մեզ մոտ ցավալի է նաև այն մտածելակերպը, որ վարորդներն ասում են՝ թող մեկը «գլխիս կանգնի», որ խախտում չանեմ: Կներեք, եթե մարդը դպրոցն ավարտել է, վարորդական իրավունք է ձեռք բերել, ինչո՞ւ պետք է նրա «գլխին ինչ-որ մեկը կանգնի», որ ինքը խախտում չանի: Մեքենաների քանակն ավելանում է, բայց ճանապարհային ոստիկանների թիվը՝ ոչ: Ճանապարհային ոստիկանությունն ընդամենն իրականացնում է վթարների սպասարկման գործողություն, իսկ մեկ վթարի սպասարկումը միջինում մեկ ժամ է տևում»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավարի փոխանցմամբ՝  պաշտոնապես հրապարակվել է, որ Երևանում 269.000 մեքենա կա:

«Բայց Երևանը շրջանցող մարզերի բնակչության աշխատանքը հիմնականում մայրաքաղաքում է, մեքենաներով գնում-գալիս են: 2019թ. մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՊԱ ոլորտի վիճակագրությունից ես կարող եմ եզրակացնել, որ մոտավոր հաշվարկներով՝ ՀՀ-ում  շուրջ 600.000 ավտոտրանսպորտային միջոց կա: Այժմ կա գործող 582.000 ԱՊՊԱ պայմանագիր: Այսինքն, 600.000-ից մոտ 400.000-ը Երևանում է շահագործվում, իսկ դա ահռելի թիվ է:

Վերջին տարիներին Երևանում որևէ նոր փողոց չի ստեղծվել՝ բացառությամբ Մոնթե Մելքոնյան պողոտայի, որը, ճիշտ է, կարևոր նշանակություն ունի, բայց քանի որ կիսատ է, նշանակությունն ամբողջությամբ չի կիրառվում, և արդյունավետությունը շատ ցածր է»,- նկատեց Սերգեյ Ղահրամանյանը:

Բանախոսի դիտարկմամբ՝ նաև մեծ քանակի մեքենաների ներմուծման արդյունքում է, որ ունենք նման երթևեկություն: «2008 թվականին որոշ միջոցառումներ ձեռնարկեցին, և զոհերի թիվը 2009թ. նվազեց 82-ով: Մինչև 2016թ. զոհերի թիվը 407-ից նվազեց՝ հսսնելով  267-ի: Ի՞նչ պատահեց, որ 2016թ. հետո մեքենաների ու զոհերի թիվն ավելացավ: Մի շարք գործոններ կան, դրանից է նախորդ տարի սկիզբ առած դեպքերի արդյունքում ենթագիտակցական փոփոխությունը, անուշադրությունը, խնդիրներով ծանրաբեռնված լինելը: Կա նաև պետության կողմից այս ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելու խնդիրը:

Միակ դրական բանը, որ կարող եմ ասել, դա Երևանում զոհերի թվի նվազումն է: Կենտրոնում միջին արագությունը չի գերազանցում 30կմժ-ն, և խտությունը երբ մեծանում է, բնականաբար, արագությունն իջնում է:

Իսկ երբ խտությունը փոքրանում է, արագությունը բարձրացնում են, ու ինչ-ինչ գործոններ՝ խմածություն, քիչ լուսավորություն, վատ ճանապարհներ, գումարվում են, ու նման դեպքեր են տեղի ունենում»,- եզրափակեց Սերգեյ Ղահրամանյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս