«Պարոն Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն և երբևէ մեր թիմի անդամ չի եղել». Արեն Մկրտչյան
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը նաև ՀՖՖ գործկոմի անդամ է, մեկնաբանեց ազգային հավաքականի Իտալիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունը՝ 9:1: Լրագրողները փոխանցեցին, որ երկրպագուները պահանջում են մարզչի, գործկոմի, ՀՖՖ նախագահի հրաժարականը:
Պահանջվող հրաժարականների մասին
«Նկատի ունեք «Red Eagles» ֆան ակումբին, մասնավորապես երևի նկատի ունեք, որովհետև ես այլ պահանջներ չեմ նկատել: Նախ՝ խաղին անդրադառնամ: Բնականաբար, 9:1 հաշվով պարտությունը որևէ բացատրություն և արդարացում չունի: Ինչ վերաբերում է «Red Eagles» ֆան ակումբին, որի հիմնադրի հետ կապված՝ Ֆուտբոլի ֆեդերացիային (ՀՖՖ) առանձնապես խոշոր չափի յուրացումների մասով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ), և այդ ֆան ակումբի հիմնադիրն այդ գործով անցնում է՝ որպես մեղադրյալ»:
ՀՖՖ-ում տիրող իրավիճակի մասին
«Ինչ տեղի է ունենում ՀՖՖ-ում մասնավորապես վերջին շրջանում, անընդունելի է մեզ համար: Մենք այս մասով գործկոմի փակ նիստում մեր դիրքորոշումը հայտնել ենք, թե այն, ինչպես կանոնակարգային կոպտագույն խախտումներով փորձում էին մարզիչ նշանակել առանց գործկոմի ներգրավման, թե պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներն ԱԱԾ-ում, որի հետ կապված՝ վերջին 1.5 տարում որևէ արձագանք չի եղել ՀՖՖ-ում, նաև յուրացումների հետ կապված՝ ֆուտբոլային ակադեմիաների կառուցման մասով: Բացահայտումներ, որոնք արել է Ոստիկանության 6-րդ վարչությունը»:
Գործկոմի՝ Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին
«Քանի որ խախտվել էին բոլոր հնարավոր և անհնար ժամկետները, և գիտեք, որ մարզիչն է ձևավորում ազգային հավաքական, այսինքն՝ կազմում հայտացուցակը, որն ուղարկվում է ֆուտբոլային ակումբներին, ու ֆուտբոլիստները, մենք ունեինք մեկ օր, որ ազգային հավաքականն ունենա գլխավոր մարզիչ, և լիներ Աբրահամ Խաշմանյանը թե ցանկացած այլ թեկնածու, գործկոմը հանուն ազգային հավաքականի՝ պետք է կողմ քվեարկեր, այլապես ազգային հավաքական ուղղակի չէր ձևավորվում, և թիմը թե Հունաստանի հետ խաղում այստեղ, թե արտագնա խաղում Իտալիայի հավաքականի հետ դաշտ դուրս չէր գալիս, որովհետև ձևավորված չէր, և ստանում էինք երկու տեխնիկական պարտություն՝ 3:0, 3:0: Մենք չունեինք այլընտրանք»:
9:1 հաշվով պարտության մեղավորների մասին
«Բնականաբար, թիվ 1 պատասխանատուն մարզիչն է, բայց մենք ունենք իրավիճակ, երբ Աբրահամ Խաշմանյանն ընդամենը երկրորդ խաղն է՝ ինչ գլխավորում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Մեղավոր են բացառապես բոլորը, և թիվ 1 պատասխանատուն ՀՖՖ նախագահն է, և պետք է 9:1 հաշվով պարտությանը տան բացատրություն: Սա գործկոմի անդամների կարծիքն է: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի, կտեղեկացնենք:
Արթուր Վանեցյանի՝ իրենց թիմի անդամ չլինելու ու դրանով իսկ թիրախավորվելու մասին
«Պարոն Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն և երբևէ մեր թիմի անդամ չի եղել: Բացահայտումներ անելը պարծենալու առիթ չէ, դա ԱԱԾ տնօրենի պարտականությունն է, և գործ ունենք մի դեպքում՝ ԱԱԾ տնօրենի, մյուս դեպքում՝ ՀՖՖ նախագահի հետ, որոնք բոլորովին այլ գործառույթներ են»:
Գործկոմի մեղավորության և նրա անդամների՝ գործկոմում լինելու նպատակահարմարության մասին
«Թե մարզիչը, թե ֆուտբոլիստները, թե ֆեդերացիան, թե գործկոմը, բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն: Գործկոմի հետ կապված՝ ես բազմիցս նշել եմ՝ գործկոմը ֆուտբոլի ներքին մենեջմենթով զբաղվող կառույց չէ: Դրա համար կա ֆեդերացիա, նախագահ, փոխնախագահ, գլխավոր քարտուղար և տասնյակ բաժիններ և ավելի քան 100 աշխատողներ: Գործկոմը ռազմավարություն մշակող կառույց է:
Սուրեն Պապիկյանը գործկոմի անդամ է դարձել, երբ եղել է Տարածքային առավարման նախարար, և գիտեք, որ ենթակառուցվածքների հետ կապված զարգացման ծրագիր է ընթանում, պրոֆեսիոնալ խաղադաշտեր են կառուցվում, և տարածքային կառավարման նախարարն ուղիղ աջակցություն է ցուցաբերում ՀՖՖ-ին: Բնականաբար, ընթացակարգային առումով էլ կարող է հարց լուծվել, բայց երբ տարածքային կառավարման նախարարը գործկոմի անդամ է և ուղիղ հարցի կրողն է հանդիսանում, նաև ուղիղ աջակցություն է ցուցաբերվում Ֆուտբոլի ֆեդերացիային: Արսեն Թորոսյանը սոցապահովության ծրագիր է իրականացնում, և նաև ֆուտբոլիստների վնասվածքների հետ կապված՝ հսկայական աջակցություն է եղել: Ռուբեն Ռուբինյանը գործկոմի անդամ է դարձել, երբ եղել է փոխարտգործնախարար: Գիտեք, որ վիզաների հետ կապված՝ հաճախակի խնդիրներ են առաջանում: Նորից կարող էր ընթացակարգային առումով լուծվել հարցը, բայց դա կարող էր ժամանակ խլել, և այստեղ րոպեները կարևոր են: Ֆուտբոլիստն ուղղակի կարող է մի քանի րոպեի պատճառով չկարողանալ արտագնա խաղի մեկնել:
Ես գործկոմի անդամ եմ դարձել, երբ եղել եմ վարչապետի օգնական, և թե Հակոբ Սիմիդյանը, թե ես ընդհանուր ռազմավարության ժամանակ մեր ներդրումն ենք ունեցել:
Պայմանավորված խաղերի ու չարաշահումների մասին
«Մեզ մտահոգում է այն, որ պայմանավորված խաղեր են եղել հայկական ֆուտբոլում, որոնք չեն բացահայտվել, չարաշահումներ են եղել հարյուրավոր միլիոն դրամների, որոնք չեն բացահայտվել: Արթուր Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, և ԱԱԾ-ն օրեր առաջ բացահայտել է պայմանավորված խաղերի հսկայական սխեման, որ չի բացահայտվել վերջին մեկ տարվա ընթացքում»:
Ֆեդերացիայի նախագահի հրաժարականը պահանջելու իրավական ճանապարհի մասին
«Գործկոմն ուղիղ լիազորություններ չունի ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ դնելու, բայց գործկոմն ունի լիազորություններ ժողով հրավիրելու, որը բաղկացած է 35 ֆուտբոլային ակումբներից և հ/կ-ներից, և բարձրացնել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի հարցը: Ժողովը պետք է որոշի՝ ՀՖՖ նախագահը հրաժարական տա՞, թե՞ ոչ»:
Գործկոմի դեմ արշավի մասին
«Ես նաև նշեմ, որ մարզչի հետ կապված այդ խայտառակ իրավիճակից հետո, երբ կանոնակարգային կոպտագույն խախտումներով փորձել էին մարզիչ նշանակել և հասկացան, որ նման բան ուղղակի չեն կարող անել, գործկոմը պետք է մարզիչ նշանակի, որոշ կենտրոններից և որոշ իրենց լրատվական համարողների կողմից սկսեց թիրախավորվել գործկոմը և, մասնավորապես, գործկոմի՝ «Իմ քայլի» խմբակցության անդամները: Ես խղճում են այն մարդկանց, որոնց վերջին հանգրվանն ինչ-որ ֆեյքախմբերն են և պատվիրված հոդվածները: Մասնավորապես գրվել էր, որ Հենրիխ Մխիթարյանի մայրն է գործկոմի փակ նիստում ինչ-որ ամոթանք տվել, ինչ-որ խայտառակ, իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ: Նման բան ուղղակի չի եղել: Ես տեղյակ չեմ՝ ով է պատվիրում այդ հոդվածները, ես գիտեմ, որ նենգ ստեր են հրապարակվում այն բանից հետո, երբ ուղղակի խայտառակ իրավիճակում են հայտնվել այն մարդիկ, որոնք փորձել են առանց գործկոմի մարզիչ նշանակել»:
«Իմ քայլի» ֆեյք խմբերի մասին
«Իմ քայլում» ընդհանրապես ֆեյք խմբեր չկան: Ֆեյք խմբեր կան այն մարդկանց խմբում, որոնք փորձում են քաղաքական հայտարարություն անել և ֆուտբոլի հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքել: Պարոն Վանեցյանի հետ աշխատանքային հարաբերություններ ունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար Սավզյան