ՀՀ Սահմանադրությամբ՝ հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են

Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Նրանք, որպես համերաշխության նշան, ուսանողների դասադուլին և մեկօրյա գործադուլի էին մասնակցում: Քննարկման ժամանակ նախարարը կոչ էր արել դասախոսներին «լեզու գտնել» իրենց գործընկերների հետ, համոզել նրանց, որ Հայոց լեզուն և Հայոց պատմությունը ոչ մասնագիտական ֆակուլտետների համար պարտադիր են: ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս  Արշալույս Գալստյանը վստահեցնում է՝ իրենք չպետք է համոզեն, որ հայոց լեզուն պարտադիր է, դա պետք է լինի պետության հոգածության ներքո: Դասախոսի պնդումները հավաստում է ՀՀ Սահմանադրությունը: Հոդված 15-ը սահմանում է՝ Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

«Նախարարն ասաց՝ «Գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ», սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է: Ես կառուցողական քննարկումը հասկանում եմ այսպես՝ մենք կհրավիրենք հանրային լսումներ նաև ձեզ հետարքրքող, հուզող հարցերի վերաբերյալ:

Ես առհասարակ չեմ կարծում, որ որևէ դասախոս կամ դեկան պետք է իր գործընկերներին համոզի, որ պահեն Հայոց լեզուն ու Հայոց պատմությունը՝ որպես պարտադիր դասընթաց: Սա պետությունը պետք է վերցնի իր հոգածության ներքո, հստակ սահմանելով, որ սա առաջնահերթություն է, անգամ, եթե հանրության մի ստվար զանգված դեմ լինի դրան: Ես համարում եմ՝ դա պետության հենասյուներից մեկն է, մեզ չեն հարցնում՝ դու ուզո՞ւմ ես ծառայել բանակում, մենք հասկանում ենք, որ դա բխում է պետության շահերից: Նախարարը չընդունեց այդ համեմատությունը, բայց պետք չէ ասել, որ այդ համեմատությունը տեղին չէ»:

Պետությանը ծառայելը նույնպես Սահմանադրության պահանջն է: Ստացվում է՝ դասախոսը համեմատում է ՀՀ գլխավոր օրենքի երկու դրույթները: Նախարարը դասախոսներին կոչ է արել նաև հորդորել ուսանողներին վերադառնալ լսարաններ:

«Մե՞նք ենք հորդորել, որ ուսանողները դասադուլ անեն, որ հիմա էլ հորդորենք վերադառնալ լսարաններ: Եկեք միասին հիմա մոտենանք ուսանողներին և, ինչպես նախարարն ասաց, հորդորենք վերադառնալ, եթե իմ հորդորին ականջալուր լինեն, ես ցանկացած դասապրոցեսի տուժելուն դեմ եմ, ես այն ժամանակ էլ չէի ուզում, որ դասապրոցեսը տուժեր, չնայած միացել եմ հեղափոխությանը, ցավոք: Եթե ես հիմա հորդորեմ, կստացվի, որ  ժամանակին հորդորել եմ, որ ոտքի կանգնեն, իսկ այդպիսի բան չկա: Մեր երկրում նախարարի կամ Կառավարության ներկայացուցչի խոսքն ավելի ազդեցիկ կարող է լինել, մեզ կոչ անելու փոխարեն՝ ինքը կարող է կոչով դիմել, կամ այլ օղակներով դա անել, նրա խոսքը գուցե ավելի ազդեցիկ լինի, քան իմը, այս ուսանողներից շատերին գուցե ես դաս չեմ էլ տալիս: Ես չեմ ուզում, որ դասապրոցեսը տուժի»,- ասաց Արշալույս Գալստյանը:

Ուսանողները պնդում են, որ նախարարը արհամարհական է խոսել դասախոսների հետ, Արշալույս Գալստյանն ասում է՝ եթե ուսանողները նման բան են տեսել, մտածելու տեղիք ունեն նախարարը, նախարարությունը, կառավարությունը: Դասախոսին վախեցնում է միայն այն փաստը, որ հաճախ քաղաքական ենթատեքստ են փնտրում ուսանողական և դասախոսական շարժման մեջ:

«Ես ամենաշատը դրանից եմ վախենում, իմ գործընկերների մեծամասնության մեջ ես նման ենթատեքստեր չեմ տեսնում: Եթե դասախոսներից մեկը որևէ կուսակցության առաջնորդներից մեկի հորաքույրն է, պետք չէ դա կապել ընդհանուրի հետ: Կա՞ վիճակագրություն՝ քանի՞սն են այստեղ քաղաքական, որևէ մեկը կարո՞ղ է ինձ մեղադրել, որ ես ունեմ քաղաքական շահ: Րաֆֆին, երբ քննադատում էր Հայաստանը, ասում էր՝ սա եղբոր նկատմամբ ունեցած սրտացավություն է, այս շարժման մեջ ևս պետք է եղբոր սրտացավություն տեսնել»,- ասաց Արշալույս Գալստյանը:

Հիշեցնենք՝ ԵՊՀ-ում արդեն 13 օր շարունակվում է դասադուլը: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները չեն վերադառնում լսարաններ, պատճառը ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների պարտադիր բաղադրիչը հանելու նախագիծն է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս