«Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որևէ պայման ու հիմք գոյություն չունի». Երվանդ Վարոսյան

«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն, հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել «Հայաստան»  Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։

Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որևէ պայման ու հիմք գոյություն չունի, երբ նա մեկ տարի ու երեք ամիս լինելով մեղադրյալի կարգավիճակում՝ որևէ կերպ չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավի որևէ պայման։

Ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ Արա Վարդանյանի ու հիմնադրամի նկատմամբ կա «հատուկ» ուշադրություն իշխանության կողմից, հակառակ պարագայում նման որոշումներն ուղղակի բացառված էին։

Իսկ սա էլ, իր հերթին՝ նշանակում է, որ Արա Վարդանյանը հետապնդվում ու փաստացի պատժի է ենթարկվում իր քաղաքական ու հասարակական գործունեության համար միայն։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, քրեական հետապնդումների շղարշով իրականացվող ցանկացած քաղաքական գործընթաց հակապետական է»,- նշում է «Հայաստան»  համահայկական հիմնադրամի նախկին տնօրենի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ պաշտպանական խմբի բողոքի քննությունը երեկ ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ պաշտպանական խմբի բողոքի քննությունը նախկինում երկու անգամ հետաձգվել է դատախազների չներկայանալու պատճառով և նշանակվել էր նոյեմբերի 13-ին, սակայն անավարտ էր մնացել։ Բողոքի քննությունը շարունակվել էր երեկ:

Վճիռը պետք է հրապարակվեր այսօր՝ ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Արա Վարդանյանի նկատմամբ որպես ընտրված խափանման միջոց գրավը, ու նա կալանավորվեց։

Ավելի վաղ Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հայտնել էր, որ Արա Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասով, իբր յուրացման համար. «Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանն առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկայացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը, հնարավոր է, առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները»,- նշել էր Երվանդ Վարոսյանը։

Վերջինս ընդգծում է, որ 1 տարի 3 ամիս խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման ընտրությունը պայմանավորում է Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեության հետ։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս