«Իմ Հայաստանի դրոշը Կոմիտասն է, որի մասին լռում եք, պարոնա՛յք համեմատողներ». Գագիկ Գինոսյան

«Աղմկահարույց պերֆորմանս. արվեստը պե՞տք է ունենա սահմանափակումներ» թեմայով քննարկման ժամանակ «Բաց հասաակության հիմնադրամներ» գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը երեկ «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսը համեմատել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների հետ՝ ասելով, որ Խաչատրյանի և Փարաջանովի շատ ստեղծագործություններ մեզ չեն հասել ցենզուրայի պատճառով:

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր ղեկավար Գագիկ Գինոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ համեմատողների համար Արամ Խաչատրյանն ու Սերգեյ Փարաջանովը հասանելի երևույթներ չեն:

«Մարդը կարող է՝ չի հասկացել Արամ Խաչատրյանին կամ Փարաջանովին: Ես կարող եմ համեմատել, օրինակ, Գարեգին Նժդեհին և Նաիրի Զարյանին, որովհետև երկուսն էլ մարդ են, երկուսն էլ հայ են, բայց Գարեգին Նժդեհը հայ էր փրկում ու հանճար էր,  իսկ Նաիրի Զարյանը  մատնում էր ու մահվան էր դատապարտել տալիս Չարենցին ու Բակունցին: Իհարկե, համեմատելի են, երկուսն էլ երկու ձեռք ունեն, երկու ոտք, ունեն բերան՝ խոսելու, աչքեր ունեն՝ տեսնելու համար, բայց մեկը դավաճան տականք է եղել, մյուսը՝ ազգափրկիչ, արդի Հայաստանի պետականությունը փրկողը:

Արամ Խաչատրյանն իրենց համար հասանելի երևույթ չէ, որ իրենք վերլուծեն, հասկանան, դեռ մի հատ էլ համեմատեն իրենց նվնվոց, վնգստոցների հետ: Որոշ ԶԼՄ-ներ էլ  մի քանի կիսահոգեկան և կիսաբարոյական մարդկանց կեղտոտ ներքնաշորը դարձրել են Հայաստանի դրոշ: Իմ Հայաստանի դրոշը Կոմիտասն է, որի մասին լռում եք, պարոնա՛յք համեմատողներ»,- ասաց Գագիկ Գինոսյանը:

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցած  միջոցառումը քննարկվում է մինչև օրս, հատկապես, երբ պարզ դարձավ, որ այդ միջոցառման համար  ԿԳՄՍ նախարարությունը 2019թ․-ի բյուջեից հատկացրել է 2,7 մլն դրամ։ Կարծիքները հակասական են: Շատերը պնդում են, որ տեղի ունեցածը ժամանակակից արվեստի դրսևորում էր, հակառակ թևը ներկայացումը որակում է՝ «սատանայական», ԼԳԲՏ քարոզ:
Գագիկ Գինոսյանը բեմադրվածն արվեստ չի համարում,  ավելին, կարծում է՝ եթե դա արվեստ է, ապա մարդիկ կարող են ասել, որ արվեստ է նաև գողություն անելը, երթևեկությանը  հանդիպակաց դուրս գալը, փողոցում կեղտոտելը:

«30 հոգու չհետաքրքրած մի միջոցառում դրեցին խոշորացույցի տակ, իսկ երբ մեծ, մասսայական միջոցառումներ են արվում, հակառակը՝ վարագուրվում են, որ հանկարծ որևէ մեկը չտեսնի: Կարծում եմ, որ շատ լրատվամիջոցներ այդ ջրաղացին ջուր լցնողներ են:
Եթե փողոցում սեքսով զբաղվելն արվեստ է, կամ սեքսի իմիտացիա անելը, ուրեմն կարելի է փողոցում կեղտոտելն էլ համարել արվեստ, ինչի համար, կարծեմ՝  տուգանում են: Դրա համար  պետք է երևի նաև մշակութային չափորոշիչներ ունենալ:
Գնացեք ձեր տուն, ինչ ուզում եք՝ արեք, ո՞վ է ձեզ իրավունք տվել գալ ու փողոցով անցնող մարդկանց հոգիների մեջ թքել, ապականել մարդկային հոգիները: Ես ավելի քան համոզված եմ, որ այս սորոսային կամ չգիտեմինչային, գրանտային ապականությունը մեր հոգևոր աշխարհն ապականելու և մեր ինքնությունը ոչնչացնելու,  կազմալուծելու միտում ունի:

Թող չասեն, որ սա նորարարական, փորձարարական, ժամանակակից բան է:
Ժամանակակիցը Նարեկացին ու Կոմիտասն են»,- ասաց նա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս