Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր հոկտեմբերի 9-ին և հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած դատական նիստին ներկա չէր հետվիրահատական փուլում գտնվելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով այդ փաստը և դրա հետևանքով գործի քննության շարունակության անհնարինությունը, հետաձգել էր դատական նիստը:
Նիստին ներկա էին նաև գործով անցնող մյուս մեղադրյալները՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:
Դատական նիստին այսօր ներկա չէր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Դատարանը որոշեց առանց նրա ներկայության շարունակել դատական նիստը, քանի որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դեմ չէին:
Մարինա Պողոսյանը՝ որպես «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար, այսօրվա դատական նիստում դատարանին դիմեց տուժող Սուրեն Հովհաննիսյանի շահերի պաշտպանությունն իրականացնելու համար:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդեց թույլ չտալ Մարինա Պողոսյանին իրականացնել տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցչությունը, քանի որ Մարինա Պողոսյանը փաստաբան չէ, ուստի չի կարող իրականացնել տուժողի ներկայացուցչությունը:
Դատարանը որոշեց Մարինա Պողոսյանին ներգրավել տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ՝ ոչ թե որպես հասարակական կազմակերպության ղեկավար, այլ՝ որպես քաղաքացի:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ցանկություն հայտնեց խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդություն ներկայացնել՝ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը, և միջնորդեց առաջնահերթության կարգով ներկայացնել այն:
Սակայն տուժողների իրավահաջորդները և դատախազությունը կարծիք հայտնեցին, որ չպետք է առաջնահերթության կարգով քննարկել այդ միջնորդությունը:
Դատարանը հնարավորություն տվեց պաշտպանական կողմին առաջինը ներկայացնել գրավի միջնորդությունը՝ հիմք ընդունելով այն փաստը, որ միջնորդությունների հիմնական մասը ներկայացրել է պաշտպանական կողմը:
Միջնորդությունը ներկայացնելիս Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ ազատության մեջ եղած ժամանակ Ռոբերտ Քոչարյանը թաքնվելու փորձ չի կատարել, չի խոչընդոտել գործընթացին՝ մեջբերելով առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 20-ի որոշումը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց գրավը չկիրառելու մասին: Նա գրավի չափի որոշումը թողեց դատարանի որոշմանը:
«Մեր միջնորդությունը հիմնված է լինելու Ձեր որոշման վրա, ոչ թե հակասելու է դրան»,- միջնորդությունը ներկայացնելիս՝ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ ուղիղ մեջբերումներ անելով դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 20-ին կայացրած որոշումից:
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը 2019 թվականի 20-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը, ինչը, ըստ գործով մյուս մեղադրյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ «առանձնացված մոտեցում» է Քոչարյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը. Իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ