«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առանձնացված մոտեցում կա». Սեյրան Օհանյանը՝ դատարանի որոշման մասին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով ներգրավված մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլատրել, որպեսզի իրենց պաշտպանյալը ժամանակավոր մեկնի Հայաստանից Գերմանիա՝ բուժում անցնելու նպատակով։
Մինչև դատարանի որոշմանն անդրադառնալը նա խոսեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ ներկայացրած միջնոդությունը մերժելու որոշման մասին՝ նշելով, որ այդ որոշումը սխալ է գնահատում։
«Ես միշտ էլ ասել եմ, որ ՀՀ երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ, և այդ պայմաններում շարունակվի ամբողջ դատավարությունը։ Ռ. Քոչարյանի նկատմամբ առանձնացված մոտեցում կա, միշտ ասել եմ, որ նման կարծիք չէի ունենա, եթե նման մոտեցում լիներ ՀՀ բոլոր նախագահների նկատմամբ, քանի որ առանձնացված է մոտեցումը, կարծում եմ՝ ինչ-որ բան այն չէ։ Հնարավոր է՝ նրա նկատմամբ կա նաև հետապնդում»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, Ս. Օհանյանն ընդգծեց, որ հենց առաջին օրվանից ասել է, որ այդ մեղադրանքն անհիմն է, ավելին՝ այն ուղղորդված է։
Ինչ վերաբերում է իր պաշտպանների ներկայացրած միջնորդությանը, Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Գերմանիա մեկնում է բուժման նպատակով։
«Իմ պրոթեզի սպասարկման համար հրավեր եմ ստացել, կոնկրետ ժամկետ է նշված, և յուրաքանչյուր երկու տարին մեկ պարբերաբար մեկնում եմ այդ հարցերը լուծելու համար»,- տեղեկացրեց Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ մեկնելով Հայաստանից՝ կարող է խուսափել դատական քննությունից, Ս. Օհանյանը վստահեցրեց, որ կյանքում որևէ բանից չի խուսափել, և տարբեր մարմիններից ինչ հրավեր եղել է, բոլորին ինքնակամ ներկայացել է։
«Կասկածողները թող մտածեն, իրենք կարո՞ղ են Հայաստանից հեռանալ, թե՞ ոչ»,- եզրափակեց նա։
Զվարթ Խաչատրյան