«Իրականում մեր ժողովուրդը շատ ավելի պատրաստված է ցանկացած դրական փոփոխության, քան մեզ թվում է». Կենդանապաշտպանը՝ ընդունված նոր նախագծի մասին
Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց։ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեցին 99 պատգամավոր, դեմ՝ 4-ը:
Նախատեսվել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ 100-300 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ՝
պատժվում է տուգանքով՝ 300․000-500․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով։
«Ես այս նախագծի ընդունումը համարում եմ այս խորհրդարանի ամենակարևոր քայլերից մեկը։ Շնորհակալ եմ բոլոր կենդանասերներին և կենդանիների պաշտպանության կազմակերպություններին՝ ամենօրյա աջակցության համար։ Բրավո մեր հասարակությանը՝ այս նախագծի հանրային աննախադեպ աջակցության համար։
Չեմ հասկանում և չեմ ուզում հասկանալ դեմ քվեարկած 4 պատգամավորներին և դահլիճում նստած, բայց որպես դեմարշ՝ չքվեարկած տիկնոջը։ Անհասկանալի բարդույթներ ունենալը թուլության նշան է։
Այս նախագիծը ինձ համար առաջին հերթին նախագիծ է մարդու՝ մարդ լինելու մասին։
Բրավո՝ կողմ քվեարկած բոլոր պատգամավորներին։
Մեր երկրում կենդանիները պաշտպանված են լինելու անմարդկային մարդկանցից»,- նշել է նախագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանը։
Իրավապաշտպան, կենդանիների պաշտպան Նարե Արամյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով նախագծի մասին՝ ասաց.
«Խոսքը Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է, որը շատ կարևոր քայլ էր: Այն հանրային բարոյականության և անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարքին է պատկանում, և մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի՞ պատասխանատվություն պետք է յուրաքանչյուրը կրի նման գործողությունների դեպքում: Շատ հաճախ նման գործողությունները կարող են լինել, այդ թվում՝ և չգիտակցված, բայց մենք խոսում ենք միտում ունենալու և կոնկրետ գործողություններ անելու շուրջ, որոնք որ հանրային բարոյականության և անվտանգության շրջանակներում չեն տեղավորվում:
Իրականում մեր ժողովուրդը շատ ավելի պատրաստված է ցանկացած դրական փոփոխության, քան մեզ թվում է: Այլ է խնդիրը, թե ինչպիսի՞ն պետք է լինի պատկան մարմինների աշխատանքը, որպեսզի կարողանան փոխել նաև հասարակության այն շատ նեղ զանգվածի վերաբերմունքը, որը որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի միջոցով կարողանում է խաթարել այլոց անդորրը և ստեղծել անհարկի իրավիճակ: Այստեղ դերը լինելու է մեծ մասամբ պատկան մարմիններինը՝ ի դեմս ոստիկանության:
Եվ կարևորագույն խնդիր կա՝ ամբողջ իրավիճակը վերահսկելու տեսանկյունից. Պետք է ունենալ մեկ առանձին մարմին, որը կլինի կառավարությանն առընթեր և կկարողանա կարգավորել կենդանիների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը, ընդհանուր իրավիճակը կդարձնի վերահսկելի, և այդ մարմնի շրջանակներում հնարավոր կլինի մշակել կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ռազմավարություններ և տալ առանձին հանձնարարություններ առանձին մարմիններին՝ իրենց գործողությունները կատարելու»:
Խոսելով անազատ պայմաններում մասնավոր անձանց մոտ, սննդի օբյեկտներում պահվող վայրի կենդանիների մասին՝ կենդանիների պաշտպանը նկատեց.
«Դա ուղղակի բարբարոսություն է և հանրային առողջապահությանն ու անվտանգությանն անմիջական սպառնալիք: Նման իրավիճակը Հայաստանում, իհարկե, պետք է վերացվի, և հստակ պետք է լինեն չափորոշիչները, թե մասնավորն ի՞նչ պայմանների պետք է բավարարի, որպեսզի կարողանա իր մոտ անազատ պայմաններում վայրի կենդանի պահել: Հասկանալի է, որ չափորոշիչները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որտեղ թե՛ մարդու, թե՛ կենդանու տեսանկյունից ապահովված կլինեն ամբողջական անվտանգությունն և առողջապահական բոլոր նորմերը»:
Անի Կարապետյան