Բաժիններ՝

«Եթե հետ նայեք, ստացվում է, որ 25 տարի կրթության որակը փչացել է, հիմա 5 տարում պետք է լավանա». Ռուբեն Թոփչյան

Երեկ Երևանում մեկնարկել է բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը: Միջոցառման շրջանակներում Հայաստան են ժամանել կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Վեհաժողովի օրակարգային հիմնական հարցերից մեկն այն էր, թե ինչպիսի՞ն է լինելու բարձրագույն կրթության որակի ապահովումն ապագայում:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ ասել է.

«Բարձրագույն կրթության ոլորտում այս պահին բախվում ենք մի շարք խնդիրների: Առաջին հերթին աշխատաշուկայի հետ կապը բավականին խզված է, և այսօր  մենք բուհերում հաճախ պատրաստում ենք մասնագետներ, որոնք շուկայում պահանջված չեն, ընտրությունը կրում է իներցիոն բնույթ:

Կարդացեք նաև

Բացի այդ՝ մենք բուհերի հավատարմագրման հետ կապված խնդիր ունենք, և ունենք մի շարք բուհեր, որոնք օգտվում են օրենսդրական մի շարք հարցերից և հավատարմագրման հնարավորություններից, հավատարմագրում են ստանում արտասահամանից և ոչ որակյալ կրթական ծառայություն են մատուցում: Չնայած հավատարմագրվածների դեպքում էլ մենք երբեմն բախվում ենք ոչ որակյալ կրթական ծառայությունների մատուցման: Հիմա մի շարք խնդիրներ ենք լուծում: Այս կոնֆերանսը մեզ համար կարևոր է նրանով, որ հավատարմագրման մեր կառույցը (ՈԱԱԿ) նույնպես իր գործելաոճի մեջ պետք է փոփոխություններ կրի, ավելի լուրջ մոտենա հավատարմագրման գործընթացներին»:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն էլ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ նշեց.

«Օր օրի ամբողջ աշխարհում բուհերի հավատարմագրումն ավելի լայն մասշտաբներ է ստանում, և ցանցերը թույլ են տալիս համագործակցել, որի արդյունքում ավելի հավաստի տեղեկատվություն է  հասնում, թե որ համալսարաններն ինչպիսի դիպլոմներ են շնորհում, դրանք արդյոք վստահելի՞ են,  թե՞ չէ: Եվ այս ամենի հիմքում ընկած է հավատարմագրման գործընթացը:

ENQA-ն եվրոպական ցանց է, որը միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող որակի ապահովման գործակալությունները: Մասնակից կառույցներն անցնում են ճանաչման գործընթաց, իսկ դա մենք անցել ենք 2017 թվականին և հիմա գրանցված ենք եվրոպական ռեգիստրում: Ուստի, որևէ մարդու կրթությունը ճանաչելու, դրա որակը հավաստելու  համար կա մի կետ, որը կոչվում է որակի ապահովման եվրոպական ռեգիստր: Այցելում են այդտեղ օնլայն ռեժիմով, տեսնում են, որ երկրի կառույցը, որը հավատարմագրել է այդ համալսարանին, վստահելի է: Այդտեղ կա նաև հաշվետվություն, որից կարող են հասկանալ, թե բուհն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ առաջնահերթություններ ունի, ինչպե՞ս է աշխատում: Այս ցանցն աշխատում է այն սկզբունքով, որ բուհի կրթության ճանաչումը դառնում է ընդհանուր ճանաչելի՝ ի հաշիվ նման համաժողովների, կառույցների՝ միմյանց հետ համագործակցության:

Ոչ թե միայն համագործակցում են, այլ ստուգվում է այդ կառույցի աշխատանքը, և հավաստում են, որ այն վստահելի է: Այսպիսով, բոլոր դիպլոմները, որոնք շնորհվում են հավատարմագրված բուհերի կողմից՝ մենք հավաստում ենք, որ վստահելի են: Կապ չունի՝ բուհը պետակա՞ն է, թե՞ մասնավոր: Իսկ նախկինում այսպես էր՝ պետությունը տալիս էր լիցենզիա, բայց տարբեր երկրներում տարբեր ձևով էին հավատարմագրումն անում, սակայն  միշտ չէ, որ համաշխարհային մասշտաբով վստահելի մեխանիզմ էր աշխատում: Հիմա մեխանիզմն այնպիսին է, որ բուհերը, եթե ձգտում են բարելավման, շարունակական բարելավում են անում, ու դրա մասին հավաստում է կառույցը, ստացվում է՝ ուսանողները, որոնք ավարտել են տվյալ բուհը, նրանց կարելի է ավելի վստահել, քան, եթե ուղղակի պետական ճանաչման լինեին: Մեկ ավելի գործընթացն ավելացնում է վստահությունը»:

Ինչ վերաբերում է կրթության որակի բարձրացմանը՝ Ռուբեն Թոփչյանը նշեց, որ կրթության որակն անընդհատ է բարձրանում:

«Հանրությունն ավելի մեծ պահանջներ ունի, ուզում է, որ դա մեկ օրում տեղի ունենա: Եթե հետ նայեք՝ ստացվում է, որ 25 տարի կրթության որակը փչացել է, հիմա 5 տարում պետք է լավանա: Մենք այդ ճանապարհին ենք, եթե այսօր դա չանենք, շուտով ուղղակի ոչ մի բան  չենք ունենա: Այսինքն, այսօր հանդուրժելով բուհերի ինքնավարությունը, փաստորեն, ստուգում ենք նրանց ապահովվածությունը, թե ինչքանով են կարողանում համապատասխան ձևով կրթություն տալ: Եթե կան խնդիրներ, ու դրանք չեն լուծվում, ապա բուհն ուղղակի որպես հավատարմագրված չի ճանաչվում: Բոլոր բուհերը հավատարմագրումից հետո գրում են իրենց բարելավման պլանը: Այսինքն, մի քանի տարի պետք է  աշխատի բուհը, ռազմավարություն մշակի, հետևի երկրի ռազմավարությանը, թե ի՞նչ են ուզում իրենից, ի՞նչ է աշխատաշուկան սպասում իրենից, ու սկսի դրան համապատասխան ներքին գործողություն ունենալ: Իսկ դրանից առաջ խնդիրը վեր հանողն ու կատարողը նույն մարդն էր: Այսինքն, բուհի պրոռեկտորը կամ ամբիոնի վարիչը և՛ կատարողը, և՛ ստուգողն էր: Հիմա այդպես չէ, կա արտաքին մարմին, որը հավաստում է նրա աշխատանքը»,- մանրամասնեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ բուհերին նաև զրկեն հավատարմագրումից, Ռուբեն Թոփչյանը պատասխանեց.

«Իհարկե, եթե տեսնում ենք, որ ուսանողի կրթությունը մեծ ռիսկի տակ է, և շնորհված դիպլոմը չի համապատասխանի այսօրվա պահանջներին: Եղել են բուհեր, որոնք չեն հավատարմագրվել, կամ հաշվետվություններից հասկացել են, որ հավատարմագրում չեն ստանա՝ դիմումը իրենց կամքով հետ են վերցրել: Դրանք այսօր արդեն գործում են, բայց չհավատարմագրված կարգավիճակով: Մեր պետությունը մի քիչ մեղմ ուժի տրամաբանությունն է կիրառում, այսինքն՝ ասում է, որ, եթե հավատարմագրված չես, բայց լիցենզիա ունես, ապա կարող ես աշխատել քո ռիսկերով: Արա՛, զարգացի՛ր, բայց եթե հավատարմագրված չես, պետական ոչ մի ֆինանսավորում և աջակցություն դու ուղղակի չես ստանում, պետությունն այդ դիպլոմի վրա չի դնում իր կնիքը:

Այսօր մենք այդ ճանապարհին ենք: Որոշ բուհեր հին հավատարմագրման տրամաբանությամբ դեռ դնում են այդ կնիքը, բայց այս նոր հավատարմագրման վերջնաժամկետը դրված էր անցյալ տարվա վերջ: Հիմա նոր օրենքը վերջնական կֆիքսի այդ հարցը, թե չէ այսպես ձգձգվում է , և մենք ունենք և՛ լավերը, և՛ վատերը, որոնք երկուսն էլ տալիս են դիպլոմ, և պետությունը ստիպված երկուսին էլ ճանաչում է»:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենն անդրադարձավ նաև  միջազգային համալսարաններին, որոնք այստեղ չեն հավատարմագրվում:

«Կան համալսարաններ, որոնք մեզ են դիմել, և դեկտեմբերին սկսվում է դրանց հավատարմագրման գործընթացը: Օրինակ, Ֆրանսիական համալսարանն արդեն դիմել է: Քանի որ միջբուհական համագործակցություն կա, ֆրանսիական կողմն էր ապահովում որակը, բայց դե տվյալ երկիրն էլ պետք է հավաստի իր ասածը, կարող է պատահի՝ այնպիսի բաներ կան, որ պետք է շտկել՝ ըստ մեր քաղաքականության»,- նկատեց Ռուբեն Թոփչյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս