«Մենք բուհերում հաճախ պատրաստում ենք մասնագետներ, որոնք շուկայում պահանջված չեն». Արայիկ Հարությունյան
Երևանում մեկնարկել է բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը: Միջոցառման շրջանակներում Հայաստան են ժամանել կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ բարձրագույն կրթության ոլորտում այս պահին բախվում են մի շարք խնդիրների: Նրա խոսքով՝ առաջին հերթին աշխատաշուկայի հետ կապն է բավականին խզված, և այսօր բուհերում հաճախ պատրաստում են մասնագետներ, որոնք շուկայում պահանջված չեն, ընտրությունը կրում է իներցիոն բնույթ:
«Բացի այդ՝ մենք բուհերի հավատարմագրման հետ կապված խնդիր ունենք և ունենք մի շարք բուհեր, որոնք օգտվում են օրենսդրական մի շարք հարցերից և հավատարմագրման հնարավորություններից, հավատարմագրում են ստանում արտասահամանից և ոչ որակյալ կրթական ծառայություն են մատուցում: Չնայած, հավատարմագրվածների դեպքում էլ մենք երբեմն բախվում ենք ոչ որակյալ կրթական ծառայությունների մատուցման: Հիմա մի շարք խնդիրներ ենք լուծում: Այս կոնֆերանսը մեզ համար կարևոր է նրանով, որ հավատարմագրման մեր կառույցը (ՈԱԱԿ) նույնպես իր գործելաոճի մեջ պետք է փոփոխություններ կրի, ավելի լուրջ մոտենա հավատարմագրման գործընթացներին:
Նախկինում էլ բավականին արհեստավարժ խումբ էր հավաքված, բայց, որոշակի քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ նրանք լիարժեք չեն կարողացել իրականացնել իրենց գործառույթները: Ես հանդիպում եմ ունեցել այդ կազմակերպությունում և հորդորել եմ, որպեսզի իրենց գործառույթները լիարժեք կիրառեն, և նախարարության կողմից այդ հանձնաժողովի աշխատանքների վրա որևէ ազդեցություն չի լինելու: Այսինքն, իրենք լիարժեք ազատ են իրենց գործելաոճի մեջ, որը տեսել են վերջին 1.5 տարվա ընթացքում: Կարծում եմ, որ դա զգալի փոփոխություններ կբերի հավատարմագրման գործընթացում՝ նաև բարձրագույն կրթության որակի բարձրացման առումով»,- ասաց նախարարը:
Անի Կարապետյան