Բաժիններ՝

«Իսկ չի՞ կարելի այդ մեքենաների VIN կոդը ստուգել հենց Երևանում, որ մարդը իր բոլոր հինգ մեքենաները չտանի-հասցնի Գյումրի». ավտոներկրող

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Այդ նպատակով հոկտեմբերի 14-ից ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Պետական եկամուտների կոմիտեն սկսելու է իրականացնել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում:

Այսպիսով՝ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, կամ, եթե դրանք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա՝ Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում: Սա վերաբերում է միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաներին, սակայն չի վերաբերում բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաներին: ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային խմբում ներառված են մինչև 10 մարդ տեղափոխելու համար նախատեսված մարդատար (այդ թվում` բեռնամարդատար) տրանսպորտային միջոցները:

«Ես կողմ եմ մարզերը զարգացնելուն, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է այդքան գումար ծախսել Գյումրիում երկու ամիս մեքենա մաքսազերծելու համար։ Կարո՞ղ է՝ երկու ամսում այնքան զարգանա Գյումրին, որ այդ ծախսերը արդարացվեն: Հաջորդ տարի մեքենա ներկրող չի լինելու, այդ մաքսատունն էլ այդքան անհրաժեշտ չի լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Դավիթ Գասպարյանը:

«Ավելորդ դժվարություններ ստեղծող որոշում է, մանավանդ այն դեպքում, որ նոր մաքսատան շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն: Գնալու ենք հին մաքսատուն, որտեղ տեղացիները հերթերի պատճառով շատ մեծ դժվարություններով են մաքսազերծում իրենց մեքենաները: Հիմա գյումրեցիք կմտածեն՝ չենք ուզում, որ իրենց մոտ տնտեսական աշխուժություն լինի, բայց այդպես չէ, մենք երկու ձեռքով կողմ ենք Գյումրին զարգացնելուն, պարզապես Գյումրիի հին մաքսատունը չի կարող այդքան մեծ քանակությամբ մեքենաներ մաքսազերծել, բացի այդ՝ տեսե՞լ եք, թե ինչ վիճակում են Գյումրի տանող ճանապարհները։ Ճիշտ չեն կազմակերպել այս գործընթացը, նախ պետք է ճանապարհ կառուցեին, հետո՝ մաքսատուն, ապա նոր մեզ ասեին՝ գնացեք Գյումրի:

Բացի այդ, բոլորս էլ գիտենք, որ մեքենաների մեծ մասի սեփականատերերը բիզնեսով զբաղվող մարդիկ են, հետևաբար՝ մի մարդը կարող է, օրինակի համար, ունենալ հինգ ավտոմեքենա, որոնք պետք է տանի-հասցնի Գյումրի՝ մաքսազերծելու համար։ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչի համար ենք տանում այդ մեքենաները և հասցնում մաքսատուն, ասեմ՝ նրա համար, որ ստուգեն մեքենայի VIN կոդը։ Իսկ չի՞ կարելի այդ մեքենաների VIN կոդը ստուգել հենց Երևանում, ու այդ մարդը ոչ թե իր բոլոր հինգ մեքենաները տանի-հասցնի Գյումրի, այլ այդ հինգ մեքենայի փաստաթղթերը: Բայց այս ամենը՝ այն դեպքում, երբ կունենանք կառուցված անվտանգ ճանապարհներ դեպի Գյումրի և մեծ ու ընդարձակ ավտոմաքսատուն, որը կարող է առանց հերթերի սպասարկել բոլոր ավտոներկրողներին»,- նշեց նա:

Հավելենք, որ ՊԵԿ փոխանցմամբ՝ տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում: Դրանք են 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցներ ներառող ԱՏԳ ԱԱ 8702, բեռնատարներ ներառող ԱՏԳ ԱԱ 8704 և հատուկ նշանակության ավտոմեքենաներ ներառող ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային խմբերում դասվող ավտոմեքենաները, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 8703 խմբի այն ավտոմեքենաները, որոնք տեղափոխվում են բեռնարկղերով:

Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ՝ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս