Բանկային կապիտալը պատրաստ չէ կրել տնտեսական հեղափոխության բեռը

Բանկային կապիտալը դուրս է գալիս տնտեսությունից։ Եվ ամենևին կարևոր չէ, որ վարկերն ավելանում են։ Կարևոր է, թե ո՞ւր են գնում գումարները։

Փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածում վարկերը նվազում են։ Ու դա վերաբերում է հատկապես արդյունաբերությանը։ Նախորդ մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը արդյունաբերության մեջ կրճատվել է շուրջ 130 մլն դոլարով։ Հրապարակված վերջին տվյալներով՝ անցած տարվա հուլիսին այն անցնում էր 540 մլրդ դրամը։ Արդեն այս տարվա նույն ամսին կազմել է  478 մլրդ դրամ։

Մեկ տարում բանկերի վարկային ներդրումները արդյունաբերության մեջ կրճատվել են 11,7 տոկոսով։ Իսկ դա լուրջ անկում է։ Սա տնտեսության այն միակ, բայց ամենակարևոր հատվածն է, որտեղ բանկային կապիտալը նվազել է։ Թեև այնպես չէ, որ գյուղատնտեսությունը գտնվել է փայլուն վիճակում։ Գարնան նախաշեմին կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, այնպիսի ծրագրերի ու դրանց շրջանակներում հատկացվող վարկերի սուբսիդավորման, անհատույց գումարների տրամադրման մասին էր խոսում, որ թվում էր, թե ուր որ է՝ գյուղատնտեսությունը փողի տեղ ու դադար չի ունենալու։

Թե ի՞նչ եղավ հետո, դժվար չէ կռահել։ Գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել, իսկ այդ ծրագրերից նորություն չկա։ Ասվեց ու մոռացվեց։ Արդյունքների մասին այլևս ոչ մեկը չի խոսում։ Չնայած, եթե ասելու բան լիներ, հիմա վարչապետը վաղուց մի քանի շռնդալից գրառումներ էր արել։

Այն, ինչ տեղի է ունեցել գյուղոլորտի վարկավորման բանկային պորտֆելում, լիովին տեղավորվում է տնտեսության այս հատվածի  զարգացումների շրջանակներում։ Ռազմավարական ճյուղ հայտարարված ու կառավարության «բարձր» հովանավորության տակ գտնվող գյուղատնտեսության մեջ բանկային կապիտալը, ի տարբերություն արդյունաբերության, վերջին մեկ տարում, իհարկե, ավելացել է։ Այլ հարց է, թե ինչքա՞ն. մեկ տարում ընդամենը 1,2 մլրդ դրամով։ Աճը չի հասնում նույնիսկ 1 տոկոսի։

Այս թվերը շատ խոսուն են։ Դրանք վկայում են, թե կառավարության ասածներն ու իրականությունն ինչքանով են տարբեր։ Բանկերի ու տնտեսության իրական հատվածի միջև անջրպետը խորանում է։ Հուսերը, որ տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը պիտի դառնա բանկային կապիտալը, այդպես էլ մեկ տարի հետո չեն իրականանում։ Տնտեսության իրական հատվածը չի կարողանում մարսել թանկ փողերը, իսկ էժան փողեր Հայաստանում չկան կամ շատ քիչ են։

Ներդումների, առավել ևս՝ օտարերկրյա ներդրումների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Անգամ պաշտոնական վիճակագրությունն է խոստովանում, որ արտաքին կապիտալը հետ է քաշվում։ Տարվա առաջին կեսին տնտեսության մեջ ձևավորված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հուսքերը 5 անգամ նվազել են։ Ու դա տեղի է ունեցել ներքին տնտեսությունից արտաքին կապիտալի ավելի ակտիվ տեղաշարժի հետևանքով։

Վեց ամսում օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր մուտքը կազմել է ընդամենը 16 մլն դոլար։ Այն դեպքում, երբ անցած տարի հասնում էր 80 մլն դոլարի։

Կապիտալը դուրս է գալիս երկրից, ինչը չի կարող մտահոգիչ չլինել։ Դա ուղղակի պատասխան է կառավարության այն գործողությունների, որոնք տեղի են ունենում Հայաստանում վերջին մեկուկես տարում։ Տնտեսության մեջ արտաքին կապիտալի զուտ հոսքերի կրճատումը վկայում է, որ ներդրողները մտահոգված են։ Խոսքը ամենևին էլ նորերի մասին չէ։ Խոսքը արդեն արված ներդրումների մասին է։

Ինչի՞ վրա է կառավարության հույսը։ Տնտեսության իրական հատվածը զրկվում է նաև ներքին կապիտալից։

Չհաշված, որ մյուս կողմից էլ՝ կառավարությունն է դատարկում տնտեսությունը` իր չարդարացված հարկաբյուջետային քաղաքականությամբ։ Չեն իրականացվում բյուջետային բազմաթիվ ծախսերը։

Բանկային կապիտալը, որի վրա կառավարությունը փորձում էր կառուցել տնտեսական հեղափոխության ապագան, հակված չէ մտնել նման բեռի տակ։ Պատահական չէ, որ գումարները տնտեսության իրական հատվածից դուրս են եկել և մտել, առաջին հերթին՝ սպառողական շուկա։ Բայց այստեղ էլ ամեն ինչ չէ, որ հանգիստ է։ Բանկերի սպառողական վարկերի պորտֆելը գնալով տաքանում է, իսկ դա շատ վտանգավոր է։ Հատկապես, երբ գործ ունենք վարկային ներարկումների ամենամեծ հատվածի հետ։

Սպառողական վարկերը հասել են 811 մլրդ դրամի կամ շուրջ 1,7 մլրդ դոլարի։ Միայն վերջին մեկ տարում դրանք ավելացել են գրեթե 390 միլիոն դոլարով կամ 30 տոկոսով։

Սպառողական վարկերի աճը նույնքան վտանգավոր է, որքան արդյունաբերության մեջ արձանագրված բանկային կապիտալի կրճատումը։ Առավել ևս, որ այն ոչ միշտ է ուղեկցվում սպառողների եկամուտների համարժեք աճով։ Այդ պայմաններում գուցե տարօրինակ կարող է լինել սպառողական վարկերի նման բարձր ակտիվությունը։ Բայց դրա համար կան լուրջ պատճառներ։

Բանկերի սպառողական վարկերի նման կտրուկ ակտիվությունը պայմանավորված է առաջին հերթին՝ երրորդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ գործող արտոնյալ ռեժիմի ավարտով։ Հաշվի առնելով ավտոմեքենաների սպասվող թանկացումները` բազմաթիվ քաղաքացիներ սպառողական վարկերի միջոցով փորձում են ավտոմեքենաներ ներմուծել` անկախ նրանից՝ այս պահին նման պահանջարկ ունե՞ն, թե՞ ոչ։ Քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր վարկերի հաշվին ներմուծելով տրանսպորտային միջոցներ` հույս ունեն մի քանի ամիս հետո դրանք թանկ վաճառել և ոչ միայն՝ վարկերը մարել, այլև՝ եկամուտ ստանալ։

Սա ռիսկային քայլ է. գործ ունենք ժամանակավոր առավելության հետ, որը շուտով այլևս չի լինելու։ Ու դա կարող է խնդիրներ ստեղծել՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ բանկերի համար։

Բանկերի սպառողական վարկերի պորտֆելը վերջին շրջանում չափից շատ է ուռել, և դրանից պետք է զգուշանալ։ Այնպես, ինչպես հիպոթեքի դեպքում է։

Որքան էլ վարչապետը հպարտանում է հիպոթեքային վարկերի կտրուկ աճերով, այնուհանդերձ դա գնալով վտանգավոր է դառնում։ Վարկերը պետք է սպասարկել, իսկ մարդկանց եկամուտները դանդաղ են ավելանում։ Դա նկատելի է հատկապես մասնավոր հատվածում։ Չնայած միջին աշխատավարձի բնականոն աճը պահպանվում է, այնուհանդերձ տեմպն այլևս նախկինը չէ։

Խնդիրը, իհարկե, միայն աշխատավարձերը չեն։ Խնդիրը նաև աշխատատեղերն են։ Վարչապետը սիրում է թվեր հրապարակել աշխատատեղերի ավելացման վերաբերյալ, բայց դա դեռ չի նշանակում, թե աշխատատեղերը իսկապես ավելանում են։ Իրական աշխատատեղերի աճը, ինչը կարող է նպաստել հասարակության եկամուտների ավելացմանը, շատ քիչ է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում վերջին տվյալներով՝ ավելի քան 207 հազար մարդ գործազուրկ է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս