25 տարի անց…

Անհիմն չէ տեսակետը, թե Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման մասին զրույցները չափազանցություն են: Բանն այն է, որ բնակչության զգալի մասը հոգեբանորեն պատրաստ է հեռանալ երկրից: Իսկ նման հեռանկար ունենալով` մարդիկ իրենց էներգիան և ժամանակը չեն ներդնի և ռիսկի չեն գնա` երկրում ինչ-որ բան փոխելու համար: Կա նաև հակառակ տեսակետ. քաղաքացիական հասարակությունը ձևավորման փուլում է: Վկան` երիտասարդ բնապահպանները, Մաշտոցի պուրակի շարժումը: Կա երրորդ տեսակետ ևս. քաղաքացիական շարժումն արդեն ձևավորվել է, սակայն գնում է ինքնաոչնչացման ճանապարհով. այստեղ էլ աշխատում են այն օրենքները, որոնք հատուկ են իշխանական համակարգին` փոխադարձ անվստահություն, առաջնորդության ձգտումգ ՀՀ առաջին օմբուդսմեն, ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Լարիսա Ալավերդյանը և ռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանն առիթ ունեցել են անձամբ լսել նման մեղադրանքներ իրենց հասցեին:

– Դուք, որպես կանոն, մասնակցում եք քաղաքացիական բողոքի բոլոր ակցիաներին: Ձեր կարծիքով` քաղաքացիական հասարակությունը ձևավորվո՞ւմ է, թե՞ մարդկանց որոշ խմբերի պարզապես վերագրվում են քաղաքացիական հասարակությանը բնորոշ որակներ:
Լ.Ա.- Նախ` պնդումները, թե քաղաքացիական շարժումը նոր է ձևավորվում, որ այն սկսվեց Մաշտոցի պուրակից, ինձ զարմացնում են: Մաշտոցի պուրակի շարժումը հրաշալի էր, բայց պետք է հասկանանք` դրա կայացման համար նախադրյալներ էին անհրաժեշտ: Քաղաքացիական հասարակության ծնունդը նշմարվեց 88-ին:
– Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունը համարվում է այն, որ դա ազատ մարդկանց միավորում է և չունի լիդեր:
Տ.Խ.- Քաղաքացիական հասարակության արմատները տեսնում ենք թե՛ 1965-ին, թե՛ 88-ին: Շարժումը չընդհատվող գործընթաց է; Միշտ կան մարդիկ, ովքեր իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը: Կարևոր է, որ մեր հասարակությունն` իր թերություններով հանդերձ, արմատապես առողջ է. մենք մեր հիվանդությունը ճանաչում ենք, խոսում ենք դրա մասին, ուրեմն անհույս չենք: Մաշտոցի պուրակում պայքարողները, այս դեպքում` երիտասարդները, հրաժարվեցին առաջնորդից: Հասկացան, որ առաջնորդ է իրենցից յուրաքանչյուրը: Սա կարևոր առանձնահատկություն է: 24-25 տարին մեկ աշխարհում սերնդափոխություն է լինում: 88-ից անցել է 25 տարի, եկել է նոր սերունդ, որին անվանում են անկախության սերունդ: Ցավոք, դա ճիշտ չէ. մենք անկախություն չունենք: Սա ազատության սերունդ է:
– Չե՞ք կարծում, որ որոշակի կաղապար կա ձևակերպման մեջ, որ յուրաքանչյուր 24-25 տարին մեկ է նոր սերունդը նոր շարժում սկսում: Ստացվում է` հաջորդ շարժումն ավտոմատ հետաձգում ենք 25 տարով:
Տ.Խ.- Եթե այս շարժումը տապալվի, ինչպես տապալվեց 88-ը, գուցե ստիպված լինենք սպասել ևս 25 տարի: 88-ը, ցավոք, տապալվեց 94-ին. մենք հաղթեցինք պատերազմում, և յուրաքանչյուրս գնաց իր գործին` կատարելով ճակատագրական սխալ, որը շատ սուր զգում ենք մեր երեխաների, թոռների առաջ:
Լ.Ա.- 88-ին երկու խնդիր էր դրված. նախ` Արցախն ազատել Ադրբեջանի ճիրաններից, և հետո` համազգային շարժման տրամաբանությամբ պետք է ունենայինք ազատ, իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն: Մենք ամբողջությամբ վստահեցինք լիդերներին և տապալեցինք այդ գործը: Հակառակ դեպքում այսօր կունենայինք բոլորովին այլ Հայաստան: Իսկ մենք անցում ենք կատարել քաղաքական անհասկանալի համակարգի, որը ո՛չ ֆեոդալիզմ է, ո՛չ ստրկատիրություն է, ո՛չ ժողովրդավարություն:
Տ.Խ.- Չստեղծեցինք հաշվետվություն պահանջելու, վերահսկելու, քաղաքական պատասխանատվություն կրելու մեխանիզմ: Վստահեցինք, և մեզ խաբեցին: Մեղքը մերն է: Այս սերունդը չի պատրաստվում մեկ հոգու վստահել: Յուրաքանչյուրը ստանձնում է հավասար պատասխանատվություն: Ծիծաղելի է, երբ այս երիտասարդներին մեղադրում են իշխանության հետ համագործակցելու կամ դրսից գրանտներ ստանալու մեջ: Ամենամեծ գրանտակերը մեր կառավարությունն է` մեր արտաքին պարտքը 0-ից 4-5 միլիարդի բերեց, և նորածին երեխան արդեն մի քանի հազար դոլարի պարտք ունի:
Լ.Ա.- Անգամ վիրավորական է, երբ այդ շարժումը մեղադրվում է դրսից ազդեցություն ունենալու մեջ: Պետք է ազատվել շպիոնամանիայից:
– Սակայն Ձեր նշած «շպիոնամանիան» միայն իշխանություններին չէ հատուկ: «Հարսնաքարում» ծեծի ենթարկված և մահացած Վահե Ավետյանի հիշատակի մոմավառության ժամանակ ոստիկանների հետ բախումներն ակցիայի մասնակիցներից ոմանք համարեցին սադրանք` հրահրված իրենց շարքեր ներթափանցած «իշխանության ականներին»:
Տ.Խ.- Այդ ողբերգության ֆոնին խոսել նման անհեթեթ բաների մասին, չափազանց անլուրջ է: Այն մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրեցին այդ ծանր և անշնորհակալ բեռը` դուրս տալ հիմարություններ, իրենք իրենց դիմակները հանեցին: Ակցիայի մասնակիցներն ունեն քաղաքական տարբեր հայացքներ, բայց քաղաքացիական առումով համերաշխ ենք:
Լ.Ա.- Որտեղ մարդ` այնտեղ մեղք, և ցանկացած շարժման, ցանկացած դրական գաղափարի շուրջ միշտ ստեղծվել ու ստեղծվում է նաև անառողջ մթնոլորտ: Բայց դա կանխատեսելի մարտահրավեր է: Մեզնից յուրաքանչյուրի ամենաբարձր կարգավիճակը ՀՀ քաղաքացու կարգավիճակն է: Սա իմ երկիրն է, և ես միշտ լինելու եմ այնտեղ, որտեղ քաղաքացու պահանջարկ կա: Ես մասնակիցն եմ ցանկացած շարժման, որտեղ քրիստոնեական աշխարհընկալման բազան ունի որոշիչ դերակատարություն:
– Նկատեցինք, որ քաղաքացիական նախաձեռնությունն անհատների համախումբ է, սակայն բողոքի ակցիաների ժամանակ աչքի ծայրով սկսվում է ներկա-բացական, նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով լուռ են կամ ներկա չեն, որակումներ են տրվում`«վախկոտներ», «ստրուկներ»:
Տ.Խ.- Եկեք թանկարժեք ժամանակը չվատնենք հիմարություններ մեկնաբանելու վրա: Մենք այսօր ականատես ենք նոր վերնախավի ծնունդի: Այն ինքնակոչ խմբապետությունը, որն իրեն հռչակել է տնտեսական, քաղաքական, զինվորական էլիտա, դուրսպրծուկներ են: Նրանց ամենամեծ մեղքը ոչ թե այն է, որ ինքնակոչ են, այլ այն, որ տապալեցին երկրի կառավարումը: 20 տարվա ընթացքում մեր երկիրը հետընթաց է ապրում: 4 միլիոն ժողովուրդ ունեցող և պատերազմում հաղթած երկիրը 20 տարի անց ունի կիսով չափ բնակչություն, իսկ խնդիրներն այնքան ճչացող են. ցանկացած տնային տնտեսուհի կարող է դա հիմնավորել: Այս շարժումն անգամ քաղաքական պայքար չէ, սա ինքնապաշտպանություն է: Հասարակությունն իր վրա է վերցրել պետության, ազգի և պետականության փրկությունը: Գուցե սա պաթետիկ է հնչում:
– Իրո՛ք որոշ առումով պաթետիկ է: Դուք հասարակությանը վերագրում եք ավելի մեծ դեր, քան գուցե ինքը պատրաստ է. վկան` խորհրդարանական վերջին ընտրությունները: Եվ հետո` բողոքի ակցիայի մասնակիցների թիվը տպավորիչ չես համարի` 200-300 հոգի: Դուք վստա՞հ եք, որ հասարակությունը կարող է իրականացնել Ձեր նշած գաղափարները, թե՞ Դուք այդ 200-300 մարդուն վերագրում եք գերբնական ուժ:
Տ.Խ.- Այդ 200-400 մարդիկ պատգամավորներ են, դա՛ է իրական ԱԺ-ն: Ցանկացած մանկապարտեզի խմբում, ուսանողական խմբում կան մարդիկ, ովքեր մթնոլորտ են ստեղծում, ում վերագրում եք առաջնորդի դեր: Խումբ, որը դառնում է արժեհամակարգի պահապան, որ դուրս են գալիս փողոց և պատրաստ են զրկանքների` հանուն ազգային և անձնական արժանապատվության: Նրանք պատգամավոր են: Նրանք այլընտրանքային ԱԺ-ի, կառավարության սաղմերն են:
Լ.Ա.- Գրեթե աքսիոմատիկ է` մեծ փոփոխություններն իրականացվում են փոքր խմբերով: Խնդիր է, այո, արդյո՞ք կա այն ներուժը, արդյո՞ք նրանք, ովքեր փողոց դուրս չեն գալիս այսօր, չեն թաքնվելու մինչև վերջ: Այս հարցը կա: Սա կա՛մ զարթոնք է, կա՛մ այն պահն է, որից հետո այլևս չի կարելի ո՛չ նահանջել, ո՛չ էլ ներողամտությամբ մոտենալ աններելի գործողությունների, կա՛մ մենք ևս միառժամանակ կմնանք այդ ճահճի մեջ: Բոլորս, անգամ իշխանավորները, խոհանոցներում դժգոհում ենք, իսկ երբ գալիս է բողոքելու, գործելու պահը, դառնում ենք քաղքենի, մտածում ենք` ինչո՞ւ ես, իսկ եթե հանկարծգ Դա էլ այդքան ծանր չէր լինի, եթե հասարակությունը հասկանար, որ կան ավելի ակտիվ, դեստրուկտիվ ուժեր, որոնք պատրաստ են տապալել, այլասերել և այլափոխել դրական միտումները: Չմոռանանք, որ համազգային շարժման որոշ նպատակներ տապալվեցին. խոսքը երկրի, մարդու, խոսքի իրակա՛ն ազատությունն էր, իրակա՛ն ժողովրդավարությունը: Իսկ սա, հուսամ, կենդանի, առողջ շարժում է, ուր ներկա է ոչ միայն նոր սերունդը, այլ` ուր ներկա են նոր սերնդի մտածողություն ունեցող բոլոր տարիքի մարդիկ: Նրանց թիվն, այո, գուցե տպավորիչ չէ, սակայն, կարծում եմ, որակի հարցում ամեն ինչ տեղում է։
Տ.Խ.- Հիշեցիք խորհրդարանական ընտրությունները, սակայն, հավատացեք, մենք վաղուց արդեն չունենք իրական այլընտրանք: Եվ իրավունք էլ չունենք հավատալու պաշտոնական թվերին. հակառակ դեպքում` մեզ ենք հիմարի տեղ դնում: Ուշադրություն դարձրեք` այս պոռթկումը, որը փողոց հանեց կոնկրետ Վահե Ավետյանի սպանությունից հետո, տեղի չունեցավ որևէ սոցիալական դժվարությունների պատճառով, թեև պաշտոնական թվերով ազգի կեսը աղքատ է, մի քանի հազար երեխա քաղցած է պառկում քնելու: Դա չէ, որ բարձրացրեց ժողովրդին: Արժանապատվության հարցն է: Բարոյականության, ավելի ճիշտ` նրա անբարոյականության լպիրշ ցուցքը մարդկանց զայրացրեց: Վտանգված է արժեհամակարգը, և ժողովուրդն արձագանքում է դրան: Մեղադրել մարդկանց 5000-ով ձայնը վաճառելու մեջ, արդար չէ. նրանք այդ քայլին գնում են, քանի որ չունեն այլընտրանք: Այլընտրանք ունենալու պահից մեր ժողովուրդը սխալ չի անի: Ինքնապահպանման բնազդը թույլ չի տա սխալվել:
Լ.Ա.- Մարտահրավերների, ազգի անվտանգությունը պահպանելու լեզուն ինձ ավելի մոտ է: Ամեն անգամ ընտրություններից հետո, անգամ կեղծված թվերով, երևում է, որ իշխանությունը գնալով քիչ ձայներ է հավաքում: Համամասնական ընտրակարգով իրեն սուտ ընդդիմություն կոչող ուժը հավաքել է ձայների 1/3-ը: Արդեն քանի տարի է` ընտրություններին գործ ենք ունենում իրենց որպես ընդդիմություն ներկայացնող քաղաքական ուժերի հետ: Այդ տեխնոլոգիան իրեն դեռ չի սպառել: Լինելով իշխանության մեջ, կրելով նույն արժեհամակարգը, ազգի արժանապատվությունը նսեմացնող բարեգործությամբ կարելի է դեռ ինչ-որ մի զանգված իր կողմը քաշել: Քաղաքացիական հասարակություն` նշանակում է` ոչ միայն ազնվություն, այլև քաղաքական գրագիտություն:
– Որպես քաղաքացիական շարժման նախադեպեր` հիշեցիք 65թ., 88-ը: 88-ին շարժումը ղեկավարում էր ոչ թե լիդերը, այլ մարդկանց մի խումբ` «Ղարաբաղ» կոմիտեն: Չկար առաջնորդ, սակայն ժամանակի ընթացքում առաջնորդն ի հայտ եկավ, իսկ շարժումը գնաց ամենևին ոչ այն հունով, ինչ պատկերացնում էին մասնակիցները:
Տ.Խ.- Մենք ոտքի ենք կանգնում այն ժամանակ միայն, երբ դանակը հասնում է ոսկորին: Հիմա այդ պահն է` զգում ենք ազգին ուղղված վտանգը: Ընդ որում` վտանգը դրսից չէ, ներսից է:
Լ.Ա.- Պետք չէ մտածել, թե մեր առաջ մի ամուր, անպարտելի համակարգ է: Սա մի թույլ, իր մեջ արժեքային առանցք չունեցող համակարգ է: Սա նյութականի շուրջ խմբավորված մարդկանց միավորում է: Սա խավ չէ. խավն այնտեղ է, որտեղ կա բարոյական արժեքների, հասարակական շահի համար պայքար: Այնտեղ, ուր համախմբված են անձնական, խմբակային, չափազանց անցողիկ շահերի համար, թույլ համակարգ է: Ավելի թույլ, քան խորհրդայինը: Այն արժեքները, որոնք քարոզում է իշխանությունը, արժեքներ չեն, հակաարժեքներ են: Սա ինքնաքայքայման վիճակ է: Այսօր բոլորը բոլորին պետք է օգնեն` ազատվել այդ քայքայվող և կործանիչ համակարգից:

Տեսանյութեր

Լրահոս