Իսրայելի՝ ՀՀ-ի հետ նոր որակի հարաբերություններ ունենալու ձգտումը Թուրքիայի հետ վատ հարաբերություններին ուղղված պատասխան քայլ չէ. հրեա քաղաքագետ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները պատմության մեջ երբևէ այդքան սառը չեն եղել, որքան հիմա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը:

«Այո, Իսրայելում պրոթուրքական լոբբին նվազել է, որովհետև Էրդողանի հայտարարությունները չեն կարող դրական արձագանք ունենալ: Եթե չփոխվի իշխանությունը, Էրդողանը, ապա մեր երկրների միջև հարաբերությունները չեն կարող լավանալ: Ավելին, կարող են է՛լ ավելի վատթարանալ Էրդողանի հերթական արտահայտությունից հետո: Այսօր թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացել են բոլոր ուղղություններով: Եվ կրկնում եմ՝ լավացում հնարավոր է, եթե իշխանության գան նոր դեմքեր, եթե ռազմատենչ հռետորաբանությունը փոխվի այդ երկրի: Էրդողանը ցանկանում է դառնալ տարածաշրջանային առաջնորդ, բայց դրա ժամանակն անցել է արդեն»,- շեշտեց նա:

Ըստ Ցինկերի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքերից կարելի է ենթադրել, որ մտադրություն կա վերանայելու ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը:

Իր խոսքում հրեա քաղաքագետը նկատեց, որ Թուրքիայում ուժեղ է հակասեմիթիզմը, դրա ակտիվացման միտում կա նաև եվրոպական երկրներում՝ կապված Մերձավոր Արևելքից փախստականների հոսքով:

«Հայաստան նույնպես Սիրիայից, Լիբանանից գալիս են: Այն երկրներից, որտեղ հակաիսրայելական բաներ են լսել, այս դեպքում դժվար թե ՀՀ-ում նրանք սեր տածեն Իսրայելի նկատմամբ: Ըստ այդմ՝ Հայաստանում ևս հակասեմիթականության հետ կապված փոփոխություններ լինեն կենցաղային մակարդակում, ոչ թե պետական»,- նշեց Ցինկերը:

168.am-ի հարցադրմանը՝ արդյոք ՀՀ-ի հետ նոր որակի հարաբերություններ ունենալու  Իսրայելի ցանկությունը պայմանավորված չէ՞ Թուրքիայի հետ ներկայում ունեցած սառը հարաբերություններով, հրեա քաղաքագետը չհամաձայնեց:

«Հիմարություն եմ համարում այն պնդումները, թե քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները վատացել են, ուրեմն՝ այդ ֆոնին պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա պատմական իրադարձություն է, որը կապ չունի երկրների միջև հարաբերությունների հետ: Դրանք առանձին բաներ են: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, դա արձագանք չէ ինչ-որ բանի: Ցավոք, Հայաստանի հետ Իսրայելի հարաբերությունները ևս դեռ ցածր մակարդակում են, իսկ այս ուղղությամբ զարգացումները գնում են իրենց հունով: Կրկնում եմ՝ սա պատասխան քայլ չէ՝ քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները վատ են, եկեք լավացնենք հարաբերությունները Հայաստանի հետ»,- վստահեցրեց հրեա քաղաքագետը:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031