Ժողովուրդը, որը չունի ազգային պետության զարգացման ռազմավարություն, նրա համար գերնպատակ է դառնում գոյատևելը
Ընդհանուր առմամբ հայ ազգային հոգեբանությանն ու մտածելակերպին բնորոշ է ծայրահեղությունների միտված խառնվածք՝ ստրկամտությունից մինչև ազատատենչություն, այլասիրությունից մինչև եսապաշտություն, ամբոխային վարքագծից մինչև անձնազոհություն: Ազգային մտախառնվածքին ներհատուկ հակասական գծերի ակնհայտ դրսևորումներից է, օրինակ, օրհասական, ճակատագրական պահերին բռունցքվելը, անձնուրաց, միակամ-միաբանված կանգնելը վտանգի դեմ, բայց ահա խաղաղ ժամանակ համազգային-համապետական շահի գիտակցությունը իր տեղը սկսում է զիջել անձնական կամ խմբակային շահերին, և «Ես»-ը գերադասվում է «Մենք»-ից, գոյատևումը՝ արժանապատիվ ապրելուց:
Փաշինյանն ու թիմակիցներն իրենց ընդդիմադիր գործունեության ընթացքում լծված են եղել իշխանություններին ուղղված բացառապես տոտալ քննադատությամբ, և այսօր զուրկ են քաղաքական բանավեճի ինստիտուտի մասին պատկերացումներից։ Չնայած նրան, որ Փաշինյանը բոլոր հրապարակային ելույթներում խոսում է «իշխանությունների բաց և թափանցիկ աշխատելու» փաստի մասին, ռացիոնալ մտածողության յուրաքանչյուր ոք հասկանում է, որ գործ ունենք հերթական դեմագոգիայի հետ, քանի որ ցանկացած՝ իրեն, իր թիմին հասցեագրված քննադատություն արժանանում է պետական «ագիտպրոպի» ֆեյքային բացահայտ գրոհին։ Փաշինյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ-ում հաստատած իր իշխանությունը կատարյալ է, դե, իսկ «Աստծո գործերն անքննելի են»։
Յուրաքանչյուր քննադատության և փաստարկված մեղադրանքի համար նա գտել է բանաձև և այդ «սլոգոններով» կարողանում է հերթական անգամ խաղալ ժողովրդի նուրբ լարերի հետ․ «նախկին իշխանությունները հինգերորդ շարասյան ֆունկցիա են կատարում», «դավադիր ուժերն ամեն ինչ անում են երկրում լարվածություն ստեղծելու համար», «միլիոնավոր դոլարներ են ծախսվում իշխանություններին սևացնելու համար» և նմանօրինակ բովանդակությամբ այլ թեզեր։
Տարիներ շարունակ նախկին իշխանություններին դեմոնիզացնելով՝ Փաշինյանը ներկայումս հասկանում է, որ ակնհայտորեն կորցնում է իր բարձր վարկանիշը, քանի որ իր ապաշնորհ թիմը մեկուկես տարվա ընթացքում մսխել ու ներկայումս էլ շարունակում է մսխել իր ունեցած քաղաքական կապտալը։
«Հեղափոխական» էյֆորիայի մարման ֆոնին Փաշինյանը փայլուն գիտակցում է, որ այն, ինչ ներկայումս կատարվում է ՀՀ դատաիրավական ոլորտում, շատ կարճ ժամանակ հետո ուղղակիորեն շրջվելու է հենց իր դեմ, և այն քայլերի հաջորդականությունը, որ նա կիրառում է իր համար անցանկալի անձանց հանդեպ, նաիվ վրեժխնդրությունից բացի, ուրիշ բան որակել չի կարելի։ Ստրկամտությունը հոգևոր տգիտության և հոգևոր անազատության վիճակ է. ինչպես տգետը, այնպես էլ ստրկամիտը, հասարակության մեջ ձեռք բերելով բարձր կարգավիճակ, ունենալով իշխանություն, բայց մնալով ստրկական հոգեբանության կրող, քողարկվում են ընդհանուր շահի ու բարոյականության դիմակով և դառնում չարիք:
Ինչպես գոյատևման կենսափիլիսոփայությամբ առաջնորդվողի, այնպես էլ ստրկամիտի արժեհամակարգում առաջին տեղում է ցանկացած իրականություն՝ որպես ճակատագիր, որպես դատապարտվածություն ընդունելը:
Նա զուրկ է ազատ մտածելու և ազատ գործելու կարողությունից, թեև կարող է ունենալ ժամանակակից մարդուն բնորոշ ատրիբուտներ, օրինակ, լինել դիպլոմավորված, լավատեղյակ ժամանակակից գիտության ու արվեստի նվաճումներին, իրազեկված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ չունենալ սեփական տեսակետ:
Ստրկամիտը չունի իր «Ես»-ը, դիմազուրկ է, համակերպվող և հաճկատար, զուրկ սեփական արժանապատվության զգացումից, ազատությանն անընտել է, գնահատում ու հասկանում է բռնակալականը:
Վերջին հաշվով, այն ժողովուրդը, որը չունի ազգային պետության զարգացման ռազմավարություն, նրա համար գերնպատակ է դառնում գոյատևելը, այլ ոչ թե արժանապատիվ կյանքի համար պայքարելը: Իսկ գոյատևել նշանակում է՝ պայքարել գոյություն ունենալու, իր տեսակը պահպանելու, այլ ոչ թե մարդավայել կյանքով ապրելու համար: Գոյատևման գիտակցության վրա հիմնված կենսափիլիսոփայությունը արդարացնում է տառապանքը, իսկ արժանապատիվ կյանքը առնչվում է հատուցման գաղափարին։ Հայ ազգային գիտակցության մեջ գոյատևման կենսափիլիսոփայության ձևավորմանը մեծապես նպաստել է քրիստոնեական հարացույցը, որը, սկսած հինգերորդ դարից, գոյատևումը վերածել է ազգային կենսաձևի:
Արմեն Հովասափյան