«Ես որևէ այլ մեկնաբանություն կամ կարծիք չեմ հայտնել մինչ այս ժամանակ, ուրիշ բաներ չունեմ ասելու». Արտակ Դավթյանը՝ մարտի 1-ի դեպքերի մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այսօր հրավիրած ասուլիսին պատասխանեց 168.am-ի հարցերին: Մեր խնդրանքով գեներալը նախ անդրադարձավ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագրին և Ադրբեջանի՝ պատանդների փոխանակման առաջարկին:

«ՀՀ-ում մենք գերիներ չունենք, որ փոխանակման մասին բանակցություններ վարենք կամ քննարկենք: Եթե նկատի ունեք Արցախի Հանրապետությունում քրեական պատիժը կրող երկու դիվերսանտներին, դա ԱՀ կառավարության գործն է»,- նշեց նա:

Մեր հաջորդ հարցին, թե որքանո՞վ է որպես ռազմական գործիչ նպատակահարմար համարում ԱԺ շրջանակում ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովի գոյությունը, և արդյոք իրեն հրավիրե՞լ են մասնագիտական կարծիքի համար, Արտակ Դավթյանը պատասխանեց.

«Ինձ դեռևս չեն կանչել, ես հույս ունեմ՝ կկանչեն: Ինչ վերաբերում է նպատակահարմարությանը, իհարկե, կարիքը կա: Եթե երկրի քաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել, ինչպե՞ս կարող է զինվորականը մտածի դրա նպատակահարմարության վերաբերյալ: Ինչ վերաբերում է մասնագետներ-չմասնագետներ լինելուն, եթե զինվորականին կանչում են, դա լրիվ այլ բնույթի հարցեր են, իսկ եթե հարցերը վերաբերում են այն շրջանակին, որ ուզում են պարզել և ըստ դրա հստակեցնել, դա լրիվ այլ բնույթի խնդիր է»:

Մեր հաջորդ հարցին էլ, թե մոտ մեկ տարի առաջ Դուք հայտարարել եք, որ մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Դրա համար քրեական գործեր կան, դատական պրոցեսն ընթանում է, որի ընթացքում տվյալ հարցի պատասխանը կլինի»:

Մեր հարցապնդմանը՝ Դուք մնո՞ւմ եք Ձեր այս կարծիքին, ԶՈՒ ԳՇ պետը պատասխանեց. «Ես որևէ այլ մեկնաբանություն կամ կարծիք չեմ հայտնել մինչ այս ժամանակ, ուրիշ բաներ չունեմ ասելու»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս