Դանիբեկյանն Արմեն Գևորգյանին արդյոք թույլ կտա՞ մեկնել Հայաստանից

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն։

Պաշտպանը դատարանին խնդրեց առհասարակ վերացնել Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցը։

Ե՛վ մեղադրող, և՛ տուժող կողմն այս միջնորդության վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացրեցին։

Միհրան Պողսյանը խնդրեց, որ, եթե իր ներկայացրած առաջին միջնորդությունը չբավարարվի, ապա քննարկել երկրորդ միջնորդությունը՝ թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը ներառյալ՝ մեկնել Ավստրիայի Հանրապետություն՝ այնտեղ բժշկական հետազոտությունների ենթարկվելու և գործնական հանդիպումներ ունենալու նպատակով։

«Արմեն Գևորգյանն ունի սրտի խնդիր, հետևաբար, պետք է անցնի բուժզննում»,- ասաց պաշտպանը։

Դատավոր  Աննա Դանիբեկյանի հարցին՝ իսկ ո՞ր հիվանդանոցում պետք է Արմեն Գևորգյանն անցնի այդ բուժզննումը, պատասխանեց ինքը՝ Գևորգյանը։

«Վիեննայում գործող ավստրիական կլինիկայում ես ամեն տարի անցել եմ հետազոտություններ՝ սրտի անոթների հետ կապված։ Եթե դատարանը թույլտվություն տա, ապա չի խախտվի ամեն տարի այնտեղ բուժզննում անցնելու պարբերականությունը»,- ասաց  Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ, եթե դատարանը թույլ տա, ապա ինքը նաև կունենա գործնական հանդիպումներ։

Մեղադրող կողմը դեմ էր նաև այս միջնորդությանը, իսկ տուժողների ներկայացուցիչ Գոռ Քլոյանն էլ հավելեց. «Ես էլ ունեմ սրտի խնդիր, բուժվել եմ ՀՀ-ում, շատ լավ մասնագետներ կան, կարող են բուժվել էստեղ՝ ՀՀ-ում»։

Արմեն Գևորգյանին թույլ կտա՞ արդյոք դատարանը մեկնել Հայաստանից, կամ  կբավարարի՞ նրա նկատմամբ խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին միջնորդությունը, հայտնի կդառնա վաղը. Աննա Դանիբեկյանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 8-ին, ժամը 13։00-ին։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս