«Մի՞թե մենք վերադարձնում ենք այս երկիրն այդ օրերին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներին». Հակոբ Ավետիքյան

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Հայելի» ակումբի նկատմամբ իրականացրած ոտնձգությանը և հիշեցրեց՝ դեռ երկու ամիս առաջ է զգուշացրել, որ հարձակման հաջորդ թիրախը լինելու է մամուլը. «Դժբախտաբար, դա իրականացավ և կարող է նաև շարունակություն ունենալ»:

Հ. Ավետիքյանը նկատեց, որ մամուլի հանդեպ վերաբերմունքն այն չափանիշն է, որով չափվում է որևէ երկրի ժողովրդավարության մակարդակը. «Անդրաժեշտ է, որ Ազգային ժողովն այսօր իսկ հանդես գա հայտարարությամբ, եթե իրոք հարազատ է մնում այս երկրի գլխավոր ուղենիշին, որը ժողովրդավարությունն է»:

Մեկնաբանելով վարչապետի լռությունը՝ նա նշեց. «Եթե քաղաքական գնահատական չի տալու, ավելի լավ է՝ չխոսի»:

Թերթի խմբագիրը հիշեց նաև 90-ական թվականներին լրատվամիջոցների հանդեպ ճնշումները. «Այդ շրջանում ունենք ծեծեր, խմբագրություններ փակել, տպարաններ քանդել. Մի՞թե մենք վերադարձնում ենք այս երկիրն այդ օրերին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներին. էդքան հե՞տ պիտի գնանք. բա ինչի՞ համար են ժողովրդավարության այս պոռթկումները»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ, եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս