«Նման բաներ անողները, լինելով վարչապետի կամ իշխող ուժի աջակիցը, լավություն չեն անում». Մարուքյանը՝ «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին

«Դատապարտելի է «Հայելի» ակումբի վրա կատարված հարձակումը։ Հուսով եմ, որ իրավապահները համապատասխան գործողություններ կիրականացնեն»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան։

Նրա խոսքով՝ այս պահին քրեական գործ է հարուցվել, սակայն, ինչ վերաբերում է խոսքի ազատության վտանգված լինելուն, ապա, նրա խոսքով՝ չի կարող նման պնդում անել մի քանի քաղաքացու ինքնագործունեության արդյունքում։

«Ես ժամանակին կարծում էի, որ արջի ծառայությունը նախկին իշխանությունների ժամանակ կիրառվող գործընթաց է։ Նման բաներ անողները, լինելով վաչապետի կամ իշխող ուժի աջակիցը, լավություն չեն անում։ Նրանք արջի ծառայություն են մատուցում, որով վնաս են հասցնում հենց այդ ուժին»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին  4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը և ձվեր  նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանը պահանջել էր փակել լրատվամիջոցը։

Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն էր եղել։ Ակցիայի մասնակիցները նշել էին, որ պատրաստ էին նույնը ներսում անել, եթե ակումբի դռները բաց լինեին: 

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս