Կոչ բոլոր արժանապատիվ փաստաբաններին. Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրում տեղի ունեցող հակասական և բարդ պրոցեսների արանքում, ինչպես ասում են, «սաղի աչքից հեռու ու մուղամով», երկրիս ամենատխրահռչակ կառույցը՝ Փաստաբանների պալատը նախաձեռնել է իր կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխություններ:
Քաջատեղյակ լինելով պալատի ղեկավարության իրական դեմքին և մտադրություններին, նման նախաձեռնությունը միանգամից դառնում է կասկածելի:
Ծանոթանալով այդ փոփոխությունների բովանդակությանը, այդ մտավախությունը միանգամից հաստատվում է: Մի կողմ թողելով անիմաստ ու ձևական մի շարք փոփոխությունները, պետք է ասել, որ դրանց իրական նպատակը մեկն է՝ հեշտացնել կարգապահական վարույթները և արդեն «օրինական» հիմքերով ճնշել փաստաբաններին՝ սպառնալով նրանց կարգապահական վարույթներով և, իհարկե, դրանց <թագուհի> վարույթով՝ արտոնագրի գործողության դադարեցումով:
Հարկ եմ համարում նշել միայն երկու փոփոխություն, որոնցից ամեն ինչ դառնում է հասկանալի՝
Արգելվում է այսուհետ պալատի ղեկավարի «վիրավորական» քննադատությունը… Էդ «վիրավորական» բառը ավելացրել են, իբր թե քողարկելու իրենց իրական նպատակը՝ թե բա տեսեք, վիրավորում է: Իհարկե, ոչ մի չափանիշ, թե ինչն է «վիրավորականը» չկա:
Երկրորդը՝ խստացվում է այսպես կոչված «կարգապահական ռեցիդիվը», ինչը թույլ կտա անդամավճարը մի քանի անգամ ուշացրած կամ այդ տխրահռչակ վերապատրաստումներին չմասնակցող փաստաբաններին զրկել արտոնագրից, եթե տարվա մեջ այդ «խախտումը» կատարվի մի քանի անգամ:
Հետաքրքիր է, որ փաստաբանական կորպուսը, կամ ինչպես պալատամերձ շրջանակն է սիրում անվանել՝ <համայնքը>, լուռ է և անտարբեր:
Պալատի ընդհանուր ժողովը կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ հրավիրվել է 19.10.2019թ., այսինքն` արդեն 12 օրից:
Փոփոխությունները անցկացնելու համար պալատի ղեկավարին բավարար է, որ շուրջ 2000 գործող արտոնագիր ունեցող անձանցից քվեարկելու շարքով-կարգով, օրենքով սահմանված կարգով մասնակցի 1/3-ը և մասնակիցների կեսը քվեարկի կողմ, այսինքն` 350 փաստաբան գա ու խաչ քաշի իրենց շատ կոլեգաների գործունեության վրա: Այդ քանակը , իհարկե, իրենք կարող են ապահովել:
3 տարի է ասում եմ, որ այդ մարդկանց միակ նպատակը փաստաբանության ոչնչացումն է և փաստաբանական «վարչության» ստեղծումն է՝ ազատ մասնագիտության կործանման համար, ու դեռ կան մարդիկ, որ թերահավատորեն են վերաբերվում:
Կոչ ենք անում իրենց մասնագիտության նկատմամբ հարգանք տածող բոլոր արժանապատիվ փաստաբաններին բոյկոտել պալատի ընդհանուր ժողովը, չվախենալ ահաբեկումներից և ճնշումներից, և հիշեք՝ եթե դուք չպաշտպանեք ձեզ, ապա ինչպե՞ս եք պաշտպանելու ձեր վստահորդների շահերը:
Տիգրան Աթանեսյան
Միանում եմ կոչին…»:
ԿՈՉ ԲՈԼՈՐ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆԵրկրում տեղի ունեցող հակասական և բարդ պրոցեսների արանքում, ինչպես ասում են, <սաղի…
Gepostet von Yervand Varosyan am Montag, 7. Oktober 2019