«Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ, բայց նրա գործողություններում խախտումներ չենք տեսել». Վահե Էնֆիաջյան
«ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հստակ նշեց, որ ԲՀԿ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին չմասնակցելը պայմանավորված է բացառապես այդ փաստաթղթի իրավական թերի լինելու հետ։ Այս օրերի ընթացքում մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ վերապահումներ ունենք փաստաթղթի ձևակերպումների մասով, այսինքն՝ որևէ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը։
Նա ոչ մեր կուռքն է, առավել ևս՝ նրա ակումբի անդամ չենք հանդիսանում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարար էին, որպեսզի նրանք դիմեին դատարանին՝ այս հարցը քննության առարկա դարձնելու համար»,- այսօր խորհրդարանում նշեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
Ըստ նրա՝ քաղաքական դիրքորոշում արտահայտելը միայն կողմ կամ դեմ քվեարկելով չի արտահայտվում, քանի որ կա նաև չմասնակցելու դիրքորոշում, և այն քաղաքական դիրքորոշում է:
Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն փորձ արե՞լ է իրավական թույլ փաստարկներն ուժեղացնել, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Մենք բաց ենք եղել շփումների ու քննարկումների համար։ Երբ նիստերի դահլիճում քննարկում եղավ, մենք ասացինք, որ, եթե խորհրդարանի առաջին քաղաքական ուժի՝ «Իմ քայլի» համար այդքան սկզբունքային էր, որ ԱԺ-ում այս հարցով լինի կոնսենսուս, ապա նախապես պետք է քննարկումներ լինեին։ Սա խորհրդարան է, որտեղ տարբեր կարծիքներ կան»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նկատեց, որ նախորդ տարի իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ դառնալուն։
«Մենք նախագծին դեմ կամ կողմ չեն քվեարկել միայն նրա համար, որ կասկածի տակ չդրվի «Իմ քայլը» խմբակցության՝ Հրայր Թովմասյանի կոմպետենտության հետ կապված կասկած ունենալու իրավունքը։ Եթե մեր խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գործողություններում կարգապահական խախտում նկատի, ապա որևէ կերպ կաշկանդված չի լինի նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Հիմա նման կարգապահական խախտումներ չկան»,- ընդգծեց պատգամավորը:
Հարցին՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն հստակ տեսակետ չի չարտահայտել, երբ հարցը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, իսկ այլ հարցերով ունենում է հստակ դիրքորոշում, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ, եթե ինչ-որ մի գործընթաց լինում է իրավական հարթությունում, բնականաբար, իրենք ցանկանում ենք սպասել, որ իրավական գործընթացն Ա կետից Բ կետ ճանապարհ անցի, որպեսզի կարողանան դիրքորոշում հայտնել։
Զվարթ Խաչատրյան