«Ուսուցիչների կրճատման միտում կա». Անահիտ Բախշյան
Հարցազրույց Անահիտ Բախշյանի հետ
– Տիկին Բախշյան, 38.000 ուսուցիչ այս ամիս արդեն 10 տոկոսով բարձրացված աշխատավարձ է ստանալու: Ինչքանո՞վ է փոխելու 10 տոկոսի բարձրացումն ուսուցչի կյանքի որակը:
– Չի փոխելու: 10 տոկոսի բարձրացումը, կարող է, բարոյական ինչ-որ քայլ է՝ պետության, կառավարության կողմից, ուզում են ասել՝ «ուսուցի՛չ, դու անտեսված չես, այսօր հնարավորություն ունեմ բարձրացնելու աշխատավարձդ 10 տոկոսով», բայց դա բավարար չէ: Ուսուցչին ավելի անհրաժեշտ բան էլ կա, պետք է ուսուցչին տալ ավելի շատ գործիքներ, որ ինքն ավելի պատրաստ մտնի դասարան, որ կարողանա դասարանում յուրաքանչյուր երեխայի լեզուն հասկանալ, կարողանա իր առարկան յուրաքանչյուրի համար ավելի մատչելի կերպով ներկայացնի: Դա հնարավոր է, եթե դու տիրապետում ես քո առարկային, եթե դու մանկավարժ ես, եթե սիրում ես աշխատանքդ, եթե մտել ես դասարան, որ երեխային տաս այն, ինչի կարիքն ինքն ունի: Այսօր, եթե անգամ 50 տոկոսով բարձրացնեին աշխատավարձը, ուսուցիչները բավարարված չէին լինի: Այսօրվա ուսուցչից մենք պահանջում ենք դասարանին նայել՝ որպես «անտառ, և ոչ՝ գազոն»:
Վարդգես Պետրոսյանն այս հռետորիկ հարցով՝ «Անտա՞ռ, թե՞ գազոն», հայտնի հոդված է հրապարակել դեռ 70-ականներին: Դասարանում բոլոր աշակերտները մի մակարդակի ու մի բոյի չեն, այնտեղ բոլորը բազմազան են, տարբեր տեսանկյուններից բազմազան՝ կարողություններով, հետաքրքրություններով, նույնիսկ առողջական վիճակով:
– Ո՞րն է այս գործընթացում Կառավարության դերը:
– Կառավարությունը պետք է մտածի ուսուցչի վերապատրաստման մասին, անում են ինչ-որ բաներ, բայց գիտե՞ք ինչպես, նախկինում կար Կրթության ազգային ինստիտուտ, որը զբաղվում էր դրանով, համամիտ եմ, լավ չի արել իր գործառույթը, նոր կառավարությունը եկավ, լուծարեց ԿԱԻ-ն՝ ասելով, որ՝ «լավ չես աշխատում», բայց ինչո՞ւ փակել, հետո մտածել, թե ի՞նչ պիտի ստեղծենք, կարելի էր եղածը բարեփոխել և այդ ընթացքում մտածել, թե ինչպե՞ս կարելի է ավելի լավ, հետաքրքիր կազմակերպել այդ գործը: ԿԱԻ-ն փակեցին, նոր կառույցը դեռ չկա, նախարարը ֆեյսբուքյան ասուլիսում ասում է՝ այո, մտածում ենք, պիտի լինի, բայց մինչև դուք մտածում եք, մինչև լինի, սեպտեմբերը սկսվեց: Ուսուցչին միշտ պետք է օգնենք, որ նա կայանա, դրա համար պետք են ինստիտուտներ, դրա համար պետք է Մանկավարժական համալսարանում փոփոխություններ լինեն: Բոլորը բողոքում են դասագրքերից, դասագիրք գրողի մասնագիտություն մեզ մոտ չկա, Մանկավարժական համալսարանի մանագիտացումների ցանկում այդ մասնագիտությունը ևս պետք է լինի՝ դասագիրք գրել: Երբ գիրքը գրում են գիտնականները, գրում են իրենց բառապաշարով, որը երեխաների համար հասկանալի չէ, անգամ ծնողների համար հասկանալի չէ:
– Ուսուցիչները մտավախություն ունեին, որ աշխատավարձերի բարձրացումը կլինի կրճատումների հաշվին, նման տենդենց նկատե՞լ եք, ունե՞ք նման ահազանգեր:
– Նման միտում, այո, նկատում եմ: Ճիշտն ասած, ես կողմնակից եմ դրան: Կրթության ոլորտը սոցիալական ոլորտ չէ, որ մարդուն ուղղակի աշխատավարձ տալու համար, թեկուզ՝ նվազագույն, պահես համակարգում: Կրթության ոլորտի մարդիկ պետք է ծանրաբեռնված աշխատեն: Դպրոցներում կան նվազագույն դասաժամերով աշխատող մարդիկ, ես համաձայն եմ, պետք է օպտիմալ լինի, գաղափարի հետ համամիտ եմ, բայց երբ դա արվում է քմահաճորեն, այսինքն՝ երբ մեկը «հարմար չէ»՝ խոսում է , քննադատում է, պետք է հեռացնել: Դպրոցի տնօրենն այսօր հստակ պատվեր չունի, թե ի՞նչ է պետությունը պահանջում դպրոցից, ինչպիսի՞ քաղաքացի: Շրջանավարտի միայն գիտելիքների ստուգումը դեռ քաղաքացու նշաձող չէ: Լավ քաղաքացի կրթել պետք է արդար միջավայրում:
– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 100 փաստերը հրապարակելիս՝ որպես Կառավարության ձեռքբերում, նշեց նաև պայուսակների թեթևացումը, գրքերը երկու հատորների բաժանելը: Արդյոք սա առաջնահերթությո՞ւն էր, և այս որոշման հիմքում կա՞ն հետազոտություններ, բժիշկների գնահատականներ:
– Կա սահմանված պայուսակների քաշ, ոչ մի տարում այդ պայուսակների առկա քաշը և բժիշկների սահմանած քաշը չեն համապատասխանել, միշտ գերազանցել է: Դասագրքերը հատորներով հրապարակելու հետ կապված մի հետաքրքիր և տարօրինակ փաստի եմ առնչվել: Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Արայիկ Հարությունյանն ասում է՝ օրինակ՝ պատմության դասագրքերը լինելու են երկու հատորով, որոնցից առաջինը կա արդեն, հիմա աշխատում են նորագույն պատմության հատորում ներառված փաստերի վրա, փոփոխություն են անում: Ինչի վրա եմ զարմացել: Դասագրքի մեջ ցանկացած փոփոխություն ծրագրից պետք է բխի, ծրագիրը՝ չափորոշիչից: Հիմա ոչ չափորոշիչներն են փոխված, ոչ ծրագիրը, սրա անունը կամայականություն է: Այս պահին խումբ կա, որը զբաղվում է առարկայական չափորոշիչներով, ստացվում է, որ նրանք աշխատում են չափորոշիչների վրա, բայց իրենց թիկունքում նախարարի հրամանով պատմության դասագրքերում փոփոխություն են անում: Սա, մեղմ ասած, օրենքի խախտում է, եթե այդպես կարելի էր, ապա ինչո՞ւ են փող ծախսում, խումբ ստեղծում, այդ խումբն էլ աշխատում է: 2023-ին Հայաստանը պետք է ունենա նոր չափորոշիչներ, դրանցից բխող նոր ծրագիր, ծրագրից բխող էլ՝ դասագիրք, դասագիրք գրողներն էլ պետք է մրցույթով ընտրվեն:
– Վերանայման հիմքում դրվել է Մարտի մեկը: Այն ժամանակ ասում էին, որ պատմության դասագիրքը գրվել է՝ հենվելով միայն պաշտոնական տեղեկատվության վրա, եղել է նախորդ Կառավարության պատվերը, այս պարագայում արդյոք պատվիրատուն նոր Կառավարությո՞ւնը չէ, կարելի՞ է ակնկալել օբյեկտիվ պատմություն:
– Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև չգիտեմ, թե ովքե՞ր են գրելու: Նախարարն էլ էր ասում՝ չեմ ուզում, որ պատմության նոր բովանդակությունը կապեն նոր Կառավարության հետ: Բայց ոնց ուզում ես՝ արա, կապվում է: Ես պատմության դասագրքերը չեմ կարդացել, թոռնիկներս, որ բերում են դասագրքերը, ես այնքան տհաճությամբ եմ կարդում, որովհետև իսկապես լավ չեն գրված:
– Մասնագետները պնդում են, որ հնարավոր էր առանց գրքերը հատորների բաժանելու էլ թեթևացնել պայուսակները՝ վերանայելով դասացուցակները: Հնարավո՞ր էր արդյոք այդ կերպ լուծել ծանր պայուսակների խնդիրը:
– Յուրաքանչյուր դպրոցի ուսումնական մասի վարիչ պետք է ունենա մի չտեսնված հմտություն դասացուցակ գրելու, դրա համար կան հատուկ պահանջներ, ասվում է, որ երեխաներին ծանր տրվող առարկաներից հետո պետք է լինեն նրանցից առանձնապես մեծ ջանքեր չպահանջող դասաժամեր: Բայց դա լուրջ հմտություն է, որը ոչ մի տեղ չեն սովորում, եթե դպրոցի բախտը բերեց, որ ունեցավ լավ մասնագետ, ուրեմն բախտը բերեց, եթե ոչ, ապա ոչ: Իրավացի են ուսուցիչները:
Անահիտ Հովհաննիսյան