Իրաքում անկարգությունների զոհերի թիվը հասել է 44-ի. Reuters
Առնվազն 44 մարդ է զոհվել արդեն մի քանի օր Իրաքում շարունակվող անկարգությունների հետեւանքով, հարյուրավոր մարդիկ վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների եւ բժշկական ծառայությունների աղբյուրներ: Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել զանգվածային հուզումների 28 զոհի մասին:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդին հայտարարել է հոկտեմբերի 3-ի առավոտվա ժամը 5-ից երկրի մայրաքաղաք Բաղդադում պարետային ժամ սահմանելու մասին: Պարետային ժամ է մտցվել նաեւ մի շարք այլ նահանգներում:
Բողոքի ակցիաները Բաղդադում սկսվել են հոկտեմբերի 1-ին, դրանց մասնակիցներին ցրելու ընթացքում զոհվել է երկու, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ: Հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիաներն ընդգրկել են ոչ միայն Բաղդադը, այլեւ մի քանի այլ նահանգներ՝ Զի-Կարը, Վասիթը, Նաջաֆը, Դիվանիան, Բաբիլը: Ցուցարարները պահանջում են բարելավել կենսապայմանները, լուծել առողջապահության, կրթության ոլորտի, աշխատաշուկայի եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: