«Արմենիա» հեռուստաընկերության մոտ ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 23:15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ Հրազդանի կիրճում` Դավթաշենի կամրջից դեպի «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» տանող հատվածում, «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Ս., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Վահե Ղ., ծնված 2004 թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և լողալով անցել գետի հակառակ ափը:

Փրկարարները տուժածներին տեղափոխել են գետի մյուս ափ: Վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տուժածների հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Տեսանյութեր

Լրահոս