Բաժիններ՝

«Այս ոլորտի վրա և՛ պետական վճարները, և՛ պետական տուրքերը, և՛ հարկային պարտավորությունները պետությունը ժամ առ ժամ միայն ավելացնում է». «Գուդվին-Բետի» տնօրեն

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում ՀՀ-ում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաև ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ և բացառիկ, նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգ: Այն թույլ կտա ապահովել ոլորտի թափանցիկությունն ու ցածր ռիսկայնությունը, վերահսկել ֆինանսական հոսքերը` ավելացնելով պետական բյուջե կատարվող մուտքերը, բացառել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև նվազագույնի հասցնել բիզնես-գործընթացները վերահսկող մարմնի կողմից միջամտությունը` վերահսկողությունն իրականացնելով «աննկատ» ռեժիմով:

Միջազգային չափորոշիչների հիման վրա խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկացման արդյունքում հնարավոր կլինի բացառել կեղծ կամ չարտոնագրված խաղային սարքավորումների կամ խաղային ծրագրային միջոցների շահագործումը` ապահովելով խաղացողների շահերի պաշտպանվածությունը:

Անալիտիկ հաշվետվությունների համակարգի միջոցով հնարավոր կլինի կատարել ոլորտի մեծածավալ ուսումնասիրություն և վերլուծություն, քանի որ համակարգն աշխատում է մեծածավալ (Big data)՝ ինչպես թվային, այնպես էլ՝ չինդեքսավորված տեքստային տվյալների հետ։

«Գուդվին-Բետի» տնօրեն Սարգիս Միքայելյանը, ով մասնակցել է այդ հանդիպմանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպմանն ամեն ինչ շատ մակերեսային է բացատրվել:

«Հիմա, բոլոր այն հիմնարկները, ովքեր զբաղվում են վիճակախաղերով և շահումով խաղերով, էլեկտրոնային փոստով լրացուցիչ, ավելի ամբողջական, հիմնավոր տեղեկություն կստանան, որպեսզի վերլուծեն և հասկանան այդ էլեկտրոնային համակարգի ներդրման ամբողջ էությունը: Մեր նախնական տեսակետն այն է, որ դեմ ենք, որովհետև դա բերելու է լրացուցիչ ներդրումների, աշխատանքների՝ հարկային և պետական տուրքերի մասով բեռի հետ միասին:

Այս ոլորտի վրա և՛ պետական վճարները, և՛ պետական տուրքերը, և՛ հարկային պարտավորությունները պետությունը ժամ առ ժամ միայն ավելացնում է: Եվ նորից հարկատուներին ստիպել՝ գնալ այդ ներդրումներին, որպեսզի պետական վերահսկող մարմինն ունենա գործիքակազմ, ես՝ որպես հիմնարկի ղեկավար, դեմ եմ, որովհետև դա բերելու է լրացուցիչ ծախսերի, պարտավորությունների: Ուստի, կարծում եմ, որ լրացուցիչ քննարկման առարկա է սա:

Լուրջ պետք է քնարկվի, վերլուծվի: Այս պահին ես դեմ եմ։ Այո՛, խնդիրը քննարկվել է, գլոբալ իմաստով հասկացել ենք, որ բոլոր պլատֆորմները պետք է անցնենք, սերտիֆիկացումը՝ նույնպես, պետական վերահսկող մարմինը պետք է ունենա էլեկտրոնային բոլոր գործիքակազմերը, որ կարողանա վերահսկել ոլորտի շրջանառությունը, շահումները, ծրագրերի օրիգինալությունը, և այլն»,- մանրամասնեց Սարգիս Միքայելյանը:

Նա նշեց, որ նախագիծը ստանալուց հետո կուսումնասիրեն այն և դիմում-բողոքները կուղարկեն համապատասխան բաժին:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս