Բաժիններ՝

«10.000 հոգի հունվարի 1-ով լինելու է գործազուրկ». ավտոներկրող

2020թ. հունվարի 1-ից Հայաստանում երրորդ երկրից ներկրվող մեքենաների համար կգործեն ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը: ԵԱՏՄ տարածքից դուրս արտադրված ավտոմեքենաների ներկրման համար գործարարները ստիպված կլինեն վճարել մի քանի անգամ ավելի թանկ:  Ավտոներկրող Ռոբերտ Նազարյանը վստահ է՝ հունվարի 1-ից իրենցից շատերը գործազուրկ են դառնալու.

«10.000 հոգի մարդ թողնելու են գործազուրկ, 10.000 հոգի հունվարի 1-ով լինելու է գործազուրկ: Որ թանկացավ մաքսատուրքը՝ ոչ ոք չի ներկրելու, եղավ, որ մնացին գործազուրկ: Ռուսաստանից պետք է ներկրենք, վերավաճառենք, չգիտենք՝ ոնց կլինի: Իմ պատկերացումն է, որ կթանկանան մեքենաները, մի բան, որ «կտրվում է», բա պետք է թանկանա, բա ի՞նչ պետք է անի»:

Ռուսաստանում Toyota, BMW, Mercedes ընկերություններն ունեն ներկայացուցչություններ, որտեղ օրիգինալ մասերից հավաքվում են մեքենաները: Ավտոներկրողները կարծում են, որ Ռուսաստանում հավաքած մեքենան նույնը չէ, ինչ, օրինակ, Ճապոնիայում հավաքածը:

«Ինձ թվում է՝ ԵԱՏՄ տարածքում լավ չեն հավաքում մեքենաներ: Բոլորը գիտեն, որ ճապոնականը լավն է, ամերիկյանը լավն է, Ռուսաստանում այդքան էլ հաջող չի, եթե հաջող լիներ, չէին գա մեր մոտից գնեին»:

Երեք օր առաջ ՀՀ Կառավարության շենքի առջև բողոքի ցույցի էին եկել, ասում են՝ իրենց ընդունել է փոխվարչապետի խորհրդականը:

«Ասեցին՝ մամուլով հայտարարությամբ հանդես կգանք, հիմա սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»:

Ավտոներկրողներին անհանգստացնում է նաև մաքսատունը Գյումրի տեղափոխելու հարցը: Ներկրողներն ասում են՝ իրենց համար դժվար է լինելու այնտեղ հասնել՝ հատկապես ձմռանը.

«Մեր վարչապետը, չգիտեմ, ի՞նչ է մտածել, իրեն ո՞վ է դրդել, ո՞վ է իրեն ինչ զեկուցել, ի՞նչ պայմաններ են ներկայացրել, որ ինքը որոշել է, որ հենց Գյումրիում պետք է լինի անցակետը: Մենք մի քանիսս այստեղ խոշոր հարկատուներ ենք: Ես բավականին մեքենա այստեղ ունեմ, մի այսքան էլ՝ ճանապարհին, ես 10 օրվա մեջ այդքան մեքենան պետք է տանեմ մաքսազերծման, ո՞նց եմ տանելու հասցնեմ Գյումրի, անվադողեր պետք է գնեմ, վարորդ վարձեմ, մնալու տեղ վարձեմ, դիմացն էլ ձմեռ է: Աբսուրդ է՝ ո՞նց են որոշել՝ հենց Գյումրի: Օրական 500 մեքենա է մաքսազերծվում, այդ «տռասը» պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու, դառնալու է Պրոսպեկտը:

Ես պետք է մաքսազերծեմ մեքենաներս, որ վաճառեմ, որ չմաքսազերծեմ՝ ո՞վ կառնի: Ինձ 10 օր ժամանակ են տալիս, ես Սադախլոյից գամ Դիլիջան, Իջևան, շրջանցեմ, գնամ երկու օր էլ փող տամ, մնամ Գյումրի, որ մեքենաս մաքսազերծե՞ն: Եթե այստեղինը փակի, այնտեղ բացի, մենք 10000 հոգով բոլոր ճանապարհները փակելու ենք, Գյումրի չենք գնալու, շատ լավ բան են մտածել, որ ուզում են Գյումրին զարգացնեն, բայց մե՞ր հաշվին: Մեղրիից եկող մեքենան, որ Դուբայից գալիս է Մեղրի, ո՞նց պետք է հասնի Գյումրի»:

Մաքսատուն կառուցելու ամենահարմար վայրը, ըստ ավտոներկրողների, կա՛մ սահմանային անցակետերն են, կա՛մ մայրաքաղաքը:

«Թող Սադախլոյում սարքեն, Նոյեմբերյան, Դիլիջան, Սևան, մեր ճանապարհի վրա, հատկապես, որ Նոյեմբերյանը վատ վիճակում է, թող այնպիսի տեղում բացեն, որ մարդիկ իրոք կարիք ունեն: Կամ էլ սա պայմանավորված էր, երևի միջի մարդ կար, հատուկ  վարչապետին տարավ «տամոժնի», նայեց, տեսավ՝ հերթ է, ասեց՝ խի՞ Լենինական չէ, որ… Հայաստան  մտնող ճանապարհներից մեկը Մեղրին է, մյուսը՝ Բավրան, մյուսը՝ Սադախլոն: Նենց տեղ են սարքել, որ անհնար լինի հասնելը: Սադախլոյում ամայի դաշտեր են, թող մաքսային սարքեն»,- ասաց նա:

Ռոբերտ Նազարյանը վստահեցնում է՝ ներկրողները կարող են իրենց մեքենան հենց սահմանին մաքսազերծել.

«Մենք իմացել ենք, որ Սադախլոյում մենք կարող ենք մեր մեքենաները մաքսազերծել: Հենց մտնենք Հայաստան՝ մաքսազերծենք: Ես երկուշաբթի գնալու եմ մեքենաներս բերեմ, գալու եմ ու պահանջեմ, որ մեքենաս սահմանին հենց մաքսազերծեն, դե թող փորձեն ու չմաքսազերծեն, թող բոլորն էլ իմանան, որ կարող են սահմանին մաքսազերծել»:

Ավտոշուկայում այս կարծիքին են գրեթե բոլորը, միայն թե տեսախցիկի առջև չեն խոսում, խուսափում են:

 ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս