Բաժիններ՝

Հայաստանի հաց արտադրողները Սալվադոր Դալիներ են դարձել

Հայաստանյան խանութներում վաճառվում են տարբեր անվանումներով հացատեսակներ` սև հաց, ռժանոյ, գորշ հաց, «Բորոդինսկի», «Սմոլենսկի» անվանումներով, և այլն: Սպառողը հիմնականում չի կարողանում տարբերակել հացատեսակների լավ ու վատ որակները, իսկ ՀՀ-ում, որպես այդպիսին, վերահսկողություն կա:

«Հայտնի է, որ տարեկան (ռժանոյ) հացը պատրաստվում է տարեկան ալյուրից: Հայաստանում այդ հացատեսակն ընդհանրապես չկա, և դրանից գրեթե չեն ներկրում: Բայց այսօր, մտնելով ցանկացած սուպերմարկետ, կարող եք տեսնել մեծ քանակությամբ սև հացեր`տարբեր անվանումներով`«Բորոդինսկի», «Սմոլենսկի» և այլն: Սա արվում է հետևյալ ձևով. վերցվում է 1-ին կարգի կամ 2-րդ կարգի ալյուրը, կամ դրանց խառնուրդը, լցվում է ներկանյութը, որը թույլ է տալիս գորշ գույնից մինչև բացարձակ սև գույնի հաց ստանալ: Մյուս կողմից՝ հայտնի է, որ շաքարային դիաբետով հիվանդներին բժիշկների կողմից խորհուրդ է տրվում օգտագործել գորշ կամ տարեկանի հաց: Ես իմ կողմից խորհուրդ կտամ ժողովրդին`հեռու մնալ այդ կարգի գորշ և հատկապես՝ սև հացերից: Եթե տեսնում են սև գույնի հաց` դա անժխտելիորեն ներկած հաց է, այլ կարծիք չի կարող լինել: Նույնպես տխուր է գորշ հացի արտադրության վիճակը, քանի որ հիմնականում պատրաստվում է հետևյալ ձևով`վերցնում են սպիտակ և սև ալյուրը, դրանց խառնուրդը մի քիչ ներկում են`գորշ գույն են տալիս, և ստանում են գորշ հաց: Այստեղ ներկման վարպետությունն է. բոլորը դարձել են Սալվադոր Դալի»,- մեզ հետ զրույցում սպառողին հացի շուկայում տիրող իրավիճակը ներկայացրեց բազմաթիվ գյուտերի և արտոնագրերի հեղինակ, ակադեմիկոս Ալեքսանդր Սելիմյանը:

Մատնաքաշ գնեք, սև և գորշ հաց մի՛ գնեք

Ինչպե՞ս վարվի սպառողը, եթե որևէ վերահսկողություն պետության կողմից չի արվում: «Մեծ մտահոգություն է առաջացնում այն, որ շատ մեծ քանակությամբ հացերը պատրաստվում են բարելավիչների (վիտամինների) օգնությամբ: Եվ ցավալին այն է, որ այդպիսի հացը հիմնականում մուտք է գործում բանակ, ուսումնական հաստատություններ (նախակրթականներ, դպրոցներ), այսինքն` մատաղ սերունդն աչքը բացում է և հենց դա է ստանում: Իմ խորհուրդը ժողովրդին. որքան հնարավոր է՝ թող օգտվեն մատնաքաշ հացի տեսակից: Մեր մատնաքաշը միակ տեսակն է, որ չի պահանջում բարելավիչներ: Մատնաքաշի, հավանաբար, 15-20%-ն են կեղծում, իսկ սև գորշ ու սև հացերի`95%-ը»,- ասաց Ա. Սելիմյանը:

Կարդացեք նաև

Բանակին անորակ հաց է մատակարարվում

Ըստ գիտնականի` զինվորական հաց արտադրողները հիմնականում օգտագործում են այդ արհեստական քիմիական բարելավիչները. «Դրա պատճառները երկուսն են: Առաջին պատճառն այն է, որ տեխնոլոգիապես անհամեմատ հեշտ է քիմիական բարելավիչով հաց ստանալը, արհեստավարժության կարիք չկա այդ գործում: Իսկ երկրորդ և հիմնական պատճառն այն է, որ բարելավիչի օգտագործումը թույլ է տալիս հացաթխման ժամանակ յուրաքանչյուր 100 կգ ալյուր օգտագործելու դեպքում՝ ստանալ հավելյալ 10-11 հաց, այսինքն` բարելավիչները արհեստականորեն նպաստում են հացի խոնավության բարձրացմանը: Մենք փորձել ենք մեր հացաթանի տեխնոլոգիան ներդնել զինվորների համար արտադրվող հացի ոլորտում, բայց չեն ընդունել, որովհետև նրանք մասնավոր հացարտադրողներ են, ովքեր չեն ցանկանում 10-11 հացի կորուստ ունենալ: Ուստի պետք է այդ ոլորտը վերադարձվի պետական հացարտադրողներին»:

Պատգամավորը դպրոցներին և մանկապարտեզներին ստիպում է իրենց փռի հացից օգտվել

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների` Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը երևանյան բազմաթիվ դպրոցների և մանկապարտեզների ստիպում է օգտվել իր փռում արտադրվող հացից: Վերջերս նաև «Ժողովուրդ» թերթն էր անդրադարձել Շենգավիթ վարչական շրջանի բնակչի ահազանգին: Վերջինս պատմել էր, որ իրենց վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը (Մարտին Սարգսյանի եղբայրը) ստիպում է համայնքի բոլոր մանկապարտեզների վարիչներին, որպեսզի հացը գնեն իրեն պատկանող փռից: Մանկապարտեզների վարիչները վախենում են բարձրաձայնել խնդրի մասին, որպեսզի հետագայում լուրջ խնդիրներ չունենան: Խմբագրություն զանգահարող տիկինը տեղեկացրել է, որ հացի փուռը գտնվում է նշված Շենգավիթի սպորտդպրոցի հարևանությամբ, որը տնօրինում են թաղապետն ու նրա եղբայրը` ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը: Իհարկե, լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ես հացի փուռ չունեմ, հաց վաղուց արդեն չեմ թխում», սակայն մանկապարտեզներում և դպրոցներում դեռևս օգտվում են այդ հացից: Երևանյան որոշ դպրոցների և մանկապարտեզների վարիչ-տնօրեններ են միայն կարողանում հրաժարվել այդ հացից, այն էլ՝ նրանք, ովքեր կարողանում են իրենց կապերով դիմադրել այդ պարտադրանքին: Այսօր փորձեցինք պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատել պատգամավորի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Ալեքսանդր Սելիմյանը 2005թ. հիմնադրել է «Կռուպ» ընկերությունը, որը մինչ օրս զբաղվում է կաթնաթթվային մթերքների հիման վրա ստեղծված, բացառապես բնական սննդամթերքների արտադրությամբ, որոնց շարքում լայն ճանաչում են ստացել «Չորաթանը», «Հացաթանը», «Կերաթանը», «Սելիմյան հացը»`բնական և առանց քիմիական հավելումների հացատեսակները: Այսօր արդեն այդ շարքին է միացել ացեդոֆիլային «Նանե» մածունը, որը կենդանի կաթնաթթվային մանրէների և անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ մի քանի տասնյակ անգամ գերազանցում է հասարակ մածուններին և յոգուրտներին:

Անդրադառնալով հացաթանով պատրաստվող և սովորական հացերի գնային և որակական տարբերություններին, մեր զրուցակիցը նշեց. «Բնական հացաթանը, որից ընտիր բնական հաց է ստացվում, այսօր կամաց-կամաց կիրառում է ստանում` իր տեղը գտնելով շուկայում: Բնական հացի միակ թերությունն այն է, որ բացարձակապես թույլ չի տալիս արհեստական հավելումների ու ջրի ավելացումը պատրաստի հացի մեջ և, բնականաբար, շուկայում վաճառվում է 20-30 դրամով ավելի թանկ գնով: Խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր մտածում են իրենց առողջության մասին, թող այդ 20-30 դրամին չնայեն: Համեմատության համար նշեմ, որ արտասահմանում, այսպես կոչված, օրգանիկ, այսինքն` բնական հացը 10 անգամ ավելի թանկ է սովորական հացից, իսկ մեզ մոտ 10%-ով է թանկ»:

Հ.Գ. Մեր նախորդ հրապարակումներից հետո խմբագրություն էին զանգահարում բազմաթիվ քաղաքացիներ` ճշտելու, թե որտեղից է հնարավոր ձեռք բերել «Սելիմյան» ապրանքատեսականին: Մասնավորապես՝ «Սելիմյան հացը» վաճառվում է երևանյան որոշ խանութներում և Պուշկինի 38 հասցեում տեղակայված խանութում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս