«Ակնհայտ է, որ այս գործը շինծու է և հանդիսանում է քաղաքական մահակ»

«Մենք դեմ ենք երկակի ստանդարտներին, և քանի որ ինքներս ակնհայտ տեսնում ենք, որ դատապարտված ՀԱԿ ակտիվիստները քաղբանտարկյալներ են, համարում ենք, որ այդ գործով նաև եվրոպական կառույցները պետք է հետամուտ լինեն»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ, «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը` խոսելով Հայ ազգային կոնգրեսի դատապարտված 4 ակտիվիստների արդարացմանն աջակցելու կոչով օգոստոսի 16-ին Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽ ԽՎ)  հանձնված նամակի մասին:

«Նախևառաջ՝ եվրոպական տարբեր երկրների դեսպաններ կասկածանքով էին վերաբերվել տղաների` քաղբանտարկյալ որակմանը, առաջին հերթին՝ դա վերաբերում է Ֆրանսիայի դեսպանին: Ունենք տեսագրություն, որտեղ նա դատապարտված ակտիվիստներին ուղղակի չակերտների մեջ է անվանում քաղբանտարկյալներ: Եվ, բացի այդ, ցանկանում ենք, որ բոլոր կառույցներն անդրադառնան դրան, մասնավորապես՝ ես վերջերս դիտարկումներ արեցի ՄԱԿ-ի «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեի զեկույցների մեջ, որը կրկին եվրոպական կառույցների և մարդու իրավունքների հարցերի հետ կապված կազմակերպություն է և բոլորովին չի անդրադարձել այդ հարցին: Մենք ուզում ենք, որ այդ կառույցներն ուշադիր լինեն և նույն մտահոգությամբ վերաբերվեն մեր երկրի քաղաքացիների հարցերին, ինչպես իրենք կվերաբերվեն եվրոպական մյուս երկրների քաղաքացիներին»,- հավելեց Զարուհի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ՀԱԿ ակտիվիստների դատապարտումն անմիջականորեն կապված է «Հարսնաքարի» ողբերգական դեպքից հետո առաջացած քաղաքացիական շարժման հետ: «Քանի որ այդ տղաները շատ ակտիվ էին և «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ են, և բոլոր ցույցերին իրենք շատ հանգուցային դերակատարում են ունեցել, և 2-6 տարվա շատ խիստ դատավճիռը կայացվեց անմիջապես «Հարսնաքարի» գործից հետո»,- նկատեց նա:

Զ. Հովհաննիսյանը կարծում է, որ թեպետ Տիգրան Առաքելյանը և մյուս դատապարտվածները ՀԱԿ-ի ակտիվիստներ են, բայց դրա հետ մեկտեղ՝ նրանք նաև քաղաքացիական ակտիվիստներ են: ««Հարսնաքարի» դեպքը ցույց տվեց, որ նրանք շատ ակտիվ մասնակիցներ են, իսկ դա բոլորովին ձեռնտու չէ իշխանություններին, որ այդքան երիտասարդներ մոբիլիզանան նման հարցի շուրջ: Եվ այդ դեպքից հետո նրանց ակտիվությունը, բնականաբար,  չէր կարող դուր գալ իշխանություններին, որոնք արդեն փորձում են Նեմեց Ռուբոյին արդարացնել և ստորագրություններ են հավաքում Ավանում, որ նա վայր չդնի իր մանդատը»:

Կարդացեք նաև

Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ ՀԱԿ ակտիվիստների դատապարտումը քաղաքական պատվեր է: «Ի սկզբանե դա 7 հոգու դեմ հարուցված գործ էր: 7 երիտասարդների տարել էին Ոստիկանության բաժանմունք, խոշտանգել էին: Նրանց վրա խոշտանգումների բազմաթիվ հետքեր են եղել, որի վրա գործում ուշադրություն չի դարձված, և դա դիտարկված չէ ոչ մի տիրույթում: Այսինքն` սա ժամանակին եղել է զուտ քաղաքական պատվեր` իշխանության և ընդդիմության երկխոսությունը կասեցնելու նպատակով: Անտրամաբանական է այն փաստը, որ գործի մի մասը գնացել է դատարան, և մեկ տարի շարունակ այդ դատն ընթանում էր անհասկանալի հունով, իսկ մյուս մասը մնացել էր Քննչական ծառայությունում, և գործի այդ մասը, որը վերաբերում էր երեք հոգու, կարճվեց: Մենք 5 պահանջներ էինք դրել, որոնցից մեկը դա էր` կարճել այդ երեք հոգու գործը, բայց նրանք չարդարացրեցին, ուղղակի հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճեցին: Տրամաբանությունը ո՞րն է, որ 7 հոգուց երեքին ազատում են, երբ նրանք նույն ծեծկռտուքի մեջ են եղել, նույն հետքերն իրենց վրա էլ կան, իսկ 4 հոգուն էլ դատում են` տալով ոչ ավել, ոչ պակաս, 2-6 տարի, այն դեպքում, երբ մեր երկրում մարդ են սպանում և դրա համար ընդամենը մեկ տարի են ստանում: Սա ակնհայտորեն ցույց է տալիս,  որ այս գործը շինծու է և հանդիսանում է քաղաքական մահակ»,- ասաց ակտիվիստը:

Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսին Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մոտակայքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից Տիգրան Առաքելյանին դատապարտեց  6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանին՝ 3, իսկ Սարգիս Գևորգյանն ու  Դավիթ Քիրամիջյանը դատապարտվեցին 2 տարի ժամկետով:

2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել ՀԱԿ 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը: Ըստ Ոստիկանության` նրանք վեճի էին բռնվել շանը ման տվող երիտասարդին նկատողություն անող ոստիկանների հետ, իսկ ըստ երիտասարդների` ոստիկաններն էին հրահրել վեճը, իրենց ենթարկել դաժան ծեծի:

 


Տեսանյութեր

Լրահոս