Բաժիններ՝

ԱԱԾ-ն պրոֆեսոր Միրիջանյանին որպես փորձագետ ներգրավել է զորակոչիկների բժշկական կեղծ հետազոտությունների և կաշառքի գործով

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից օրերս բացահայտած դասալիքների կաշառքի աղմկահարույց դեպքով ուշագրավ տեղեկատվություն է հայտնի դարձել 168.am-ին: Խոսքը 2019թ. ամառային զորակոչի ընթացքում մի խումբ զորակոչիկներին բժիշկների տված կեղծ հետազոտությունների եզրակացության հիմքով պարտադիր զինծառայությունից խուսափելու կազմակերպման դեպքի մասին է, որով  յուրաքանչյուր անձի համար կաշառք է տրվել 3000-8000 ԱՄՆ  դոլար: Այս մասին հայտնում էր ԱԱԾ-ն իր կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Ըստ որոշ աղբյուրների՝ փորձ է արվել կազմակերպել ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ ախտորոշումների հիմքով 5 զորակոչիկի պարտադիր զինծառայությունից ազատելու գործընթացը, որոշ դեպքերում՝ թեկուզ տարկետում ստանալու հնարավորությունը:

Նշենք, որ այս գործով արդեն իսկ երկու անձի մեղադրանք է առաջադրված, սակայն չի նշվում՝ Զինված ուժերի՞ց, թե՞ բժիշկներից են մեղադրվող անձինք: Առողջապահական հիմնարկներից մեկից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ այս գործով անցնող հայտնի մասնագետներից մեկի անունն են զգուշավորությամբ ակնարկում:

Քրեական գործով շոշափվում է Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ Մուշեղ Միրիջանյանի անունը, ով նաև համատեղությամբ ղեկավարում է համալսարանական Թիվ 1  հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը:

Կարդացեք նաև

Օրեր առաջ փորձեցինք ԱԱԾ-ից ճշտել մեր ունեցած տեղեկատվությունը, ԱԱԾ լրատվական բաժնի պատասխանատու Սամսոն Գալստյանը ոչ հերքեց, և ոչ էլ հաստատեց տեղեկատվությունը՝ նշելով, որ հրապարակված հաղորդագրությունից ավելին ասել չի կարող: Այդուհանդերձ փորձեցինք գոնե  պարզել՝ մեղադրանք առաջադրված երկու անձինք առողջապահակա՞ն համակարգից են, թե՞ Զինված ուժերից, Ս. Գալստյանը կրկին հորդորեց սահմանափակվել եղած ինֆորմացիայի շրջանակներում:

Փորձեցինք պրոֆեսոր Միրիջանյանից տեղեկություն ստանալ՝ ԱԱԾ-ում հարցաքննության կանչվելու և կարգավիճակի մասին:

«Ինձ այնքան տեղ են կանչել, և Ազգային անվտանգության ծառայություն, և Քննչական կոմիտե, ես այնքան շատ եմ փորձաքննություններ անում, երևի մի 15 դեպքով կանչել են  ինձ, որ բացատրություններ տամ իմ  արած փորձաքննությունների մասին՝ հասկանան, թե ինչ եզրակացություններ են դրանք: Ինչ ասեմ… լավագույն բժիշկ լինելն էլ երևի հենց այդ ծանրությունը պիտի տանի…»,ընդհանրական  խոսելով՝  ասաց պրոֆեսոր Միրիջանյանը:

Մեր ճշտող հարցին՝ մասնավորապես հիշատակված  գործով՝ ԱԱԾ վերջին բացահայտած 5 դասալիքի կեղծ բժշկական փաստաթղթերի բացահայտման դեպքով  ինքն անձամբ կանչվե՞լ է հարցաքննության իր տված բժշկական եզրակացությունների համար, պարոն Միրիջանյանն այսպես պարզաբանեց.

«Քննչական գործողություներ են տարվում, ես մանրամասներ չեմ կարող հայտնել, ես էքսպերտիզան եմ արել, Ձեզ միայն այդքանը կարող եմ ասել, ուրիշ ոչինչ: Էքսպերտների եզրակացություններն են հիմա ուսումնասիրվում, հարցրեք իրենց՝ ի՞նչ վերլուծություններ ունեն, ես չեմ կարող քննական փուլում ավելին ասել»:

Վկայի՞, թե՞ մեղադրանք ստացած անձի կարգավիճակով է ԱԱԾ հրավիրվել պրոֆեսոր Միրիջանյանը. այս հարցին այսպես պատասխանեց. «Կարգավիճակ  չկա, որպես էքսպերտ եմ կանչվում»:

Այդուհանդերձ հետաքրքրվեցինք նաև, թե որքանով են այսօր ուսումնասիրվող կեղծ բժկական փաստաթղթերում առկա նաև իր կողմից տրված բժշկական հետազոտությունների եզրակացությունները, որոնք ստացել են զինվորական ծառայությունից խուսափած 5 երիտասարդները, և հանցագործության դեպքը բացահայտվել է ԱԱԾ-ի կողմից, պարոն Միրիջանյանն ասաց, որ չկան, իսկ հետո հորդորեց մանրամասների համար դիմել ԱԱԾ:

Նշենք, որ այս պահի դրությամբ որևէ մեղադրանք դեռ չի առաջադրվել։

Ի դեպ, Մուշեղ Միրիջանյանը Հայսատանի լավագույն մասնագետներից մեկն է, աշխատանքային և գիտական գործունեության համար  բազմակի պարգևների ու բարձր կոչումների է արժանացել, 2015 թվականից Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահն է, 2016թ.-ից նաև ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է համարվում:

Նշենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներից մի քանիսը լուրեր տարածեցին Մուշեղ Միրիջանյանի որդու՝ դարձյալ մասնագիտությամբ բժիշկ Գագիկ Միրիջանյանի՝ Կառավարությունում  հնարավոր նշանակման մասին: Խոսվում էր, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խորհրդական Գագիկ Միրիջանյանը կառավարությունում դիտարկվում  է՝ որպես Առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի պոտենցիալ թեկնածու:

Հիշեցնենք, կառավարման հմտություններ ունեցող Գագիկ Միրիջանյանը վերջին մեկ տարում երեք  տարբեր նշանակումներ ունեցավ: Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի նշանակած փոխնախարար Գագիկ Միրիջանյանը հետագայում Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավարը դարձավ, իսկ հեղափոխությունից հետո ԲՀԿ քվոտայով նշանակվեց Արմավիրի մարզպետ, ապա՝  ԵՊԲՀ-ի ռեկտորի խորհրդական:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս