«Եթե Շիշկինին ապաստան տալը ՀՀ պատասխանն է Միհրան Պողոսյանի դեպքին, ապա դա անտրամաբանական է». Գագիկ Համբարյան

Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ։

Մինչ հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում են, թե ինչպիսի անդրադարձ այն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, 168.am-ը կապ էր հաստատել ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հետ, որտեղից պատասխանել էին. «Մենք լիազորված չենք այդ լուրը հաստատել կամ ժխտել, որովհետև այդպիսով «Անձնական տվյալների մասին» օրենքը խախտած կլինենք: Փախստականի կարգավիճակը տրվում է՝ որպես պետական պաշտպանություն, և մեր ծառայությունը պարտավորվում է՝ բոլոր մարդկանց, ում տալիս է փախստականի կարգավիճակ, անձնական տվյալները գաղտնի պահել: Քանի որ դուք նշում եք և՛ անուն, և՛ ազգանուն, ես չեմ կարող այդ լուրը ո՛չ հաստատել, ո՛չ ժխտել: Եթե հաստատեմ, ստացվում է՝ մենք բացահայտում ենք իր անձնական տվյալները: Ինքն իր մասին կարող է հայտարարություն անել, մենք իրավունք չունենք դա հաստատել»:

Մեր ճշտող հարցին՝ առհասարակ ՌԴ քաղաքացի Հայաստանում քաղաքական ապաստան ստացե՞լ է, թե՞ ոչ, պատասխանել էին. «Առհասարակ քաղաքական ապաստանը Հայաստանում երբևիցե դեռևս չի կիրառվել, օրենքն ունենք, բայց առիթը չի եղել կիրառելու»:

Այս խնդրի շուրջ 168.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Կարդացեք նաև

– Ձեր կարծիքով՝ Շիշկինին Ռուսաստանը կպահանջի՞ Հայաստանի իշխանություններից։

– Եթե Շիշկինը հիմա Ռուսաստանում հետախուզվում է, դա լրիվ այլ պատմություն կստացվի: Եթե Շիշկինն այնտեղ հետախուզվում է, Ռուսաստանը կարող է պահանջել Հայաստանի Հանրապետությունից նրան հանձնել, բայց եթե նա այնտեղ որևիցե խնդիր չունի իրավապահ մարմինների հետ, ինձ համար բացարձակ զարմանալի է, թե ինչու են նրան տվել քաղաքական ապաստան, իմաստ չկա:

Իմ կարծիքով՝ եթե սա Հայաստանի Հանրապետության պատասխանն է Ռուսաստանի Դաշնությանը՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեպքի պահով, երբ Ռուսաստանը մերժեց Հայաստանի դատախազությանը հանձնել վերջինիս հայ իրավապահներին, ապա պետք է նշեմ, որ շատ վատ մեթոդ է պատասխանի, անտրամաբանական, որից կարող են սրվել առանց այդ էլ բավական բարդ հայ-ռուսական հարաբերությունները, առավելևս, որ այս ամենը Հայաստանի իշխանություններն անում են Վլադիմիր Պուտինի սպասվելիք այցից մեկ ամիս առաջ:

– Կոնկրետ ի՞նչ խնդիրներ սա կարող է առաջացնել Հայաստանի համար։

– Ամենաառաջինը՝ կբարդացնի հայ-ռուսական հարաբերությունները. Դա՝ անխոս: Դա կարող է նախադեպ հանդիսանալ, որպեսզի ռուս ընդդիմադիրները, ովքեր քաղաքական դրդապատճառներով հետապնդվում են իրենց հայրենիքում, անընդհատ Հայաստան ժամանեն և փորձեն այստեղ ապաստան գտնել, և այս ամենի աբսուրդն այն է, որ մենք հայ-ռուսական հարաբերությունները համարում ենք ռազմավարական: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք միշտ, այդ թվում՝ նաև այս վարչակարգը՝ ի դեմս պարոն Փաշինյանի, աջ ու ձախ հայտարարում ենք, որ մեր և Ռուսաստանի միջև հարաբերություններն աննկարագրելի տեղ ունեն:

ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս