ՌԴ-ն մերժել է Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը. Դատախազություն
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազությունը։
Դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
«ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի հետախուզման մեջ գտնվելու մասին հայտարարվել էր ապրիլի 15-ին. ՀՔԾ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննիչը որոշում էր կայացրել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրյան ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»-ն հայտնել էր, որ հետախուզման մեջ գտնվող Մ.Պողոսյանը ապրիլի 19-ի երեկոյան ձերբակալվել էր Ռուսաստանում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա հայտնաբերվել էր Կարելիայի հանրապետությունում, որտեղ փորձել էր հյուրանոցում սենյակ ամրագրել։
Ավելի ուշ՝ ապրիլի 24-ին, Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին «Ռունա» պարբերականին հայտնել էր, որ իր պաշտպանյալը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին: